11:34 , 13 ապրիլ, 2013![]() |
| Քաղաքական մեկնաբան |
Ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձություններով ավարտվեց նախագահական ընտրությունների հետընտրական շրջանը: Սակայն իրավիճակը հետաքրքիր է նրանով, որ հետընտրական փուլին անմիջապես հաջորդում է ավագանու ընտրությունների նախընտրական փուլը, ինչը Րաֆֆի Հովհաննիսյանի համար լավ հնարավորություն կարող էր լիներ հաջողությամբ պայքարին ներգրավվելու ու լավ արդյունք ակնկալելու համար:
Այդ իրավիճակում Ր. Հովհաննիսյանը մարտավարական առումով մի քանի ճանապարհ ուներ: Առաջին, օգտագործելով հետընտրական զարգացումներն ու ընտրությունների արդյունքից դժգոհ զանգվածի տրամադրվածությունները, դրանք կապիտալի վերածել ավագանու ընտրությունների միջոցով: Երկրորդ, ռեսուրսներն ու ուժերը մոբիլիզիզացնել՝ պայքարը «մինչև հաղթանակ տանելու համար»: Եվ երրորդ, առաջին և երկու տարբերակների հաջող սինթեզում:
Թե ինչ ճանապարհ ընտրեց Րաֆֆի Հովհաննիսյանը, այդպես էլ հստակ իր արտացոլումը չի գտնում ներքաղաքական զարգացումներում: Նախ՝ «կուլմինացիոն օր» նշանակվեց ապրիլի 9-ը, որ Սերժ Սարգսյանի երդմնակալության օրն էր, և որը Ր. Հովհաննիսյանը հռչակեց «Նոր Հայաստանի երդումնակալության օր»: Րաֆֆին խոստացավ, որ ապրիլի 9-ից հետո ունենալու ենք «Նոր Հայաստան», իսկ թե ինչ տեղի ունեցավ ապրիլի 9-ից հետո, բոլորին է հայտնի ու առանձնահատուկ մեկնաբանության կարիք չկա: Եվ որքան էլ Րաֆֆու կողքը կանգնած մարդիկ հայտարարեն, որ ապրիլի 9-ից հետո իրենք հաղթանակ տարան, համենայն դեպս, դրանով «հաղթանակը» առարկայական չի դառնում, իսկ իշխանափոխությունից, կարծես թե, նորություն չկա: Չի էլ կարող լինել, քանզի չկա այնպիսի դիմադրություն, ճնշում, ինչը հիմք կտա պնդելու իրավիճակի հնարավոր փոփոխության մասին:
Ինչ վերաբերում է ավագանու առաջիկա ընտրություններին, ապա ինչպես մյուս կուսակցությունները, «Բարև Հայաստան» դաշինքը ևս առանձնահատուկ ակտիվություն չի դրսևորում, ավելին՝ Րաֆֆին ապրիլի 9-ին հայտարարեց, որ հաջորդ՝ ապրիլի 12-ի հանրահավաքում կներկայացնի իրենց թիմն ու առաջիկա ծրագրերը, սակայն ապրիլի 12-ի հանրահավաքը առանձնահատուկ էր ոչ միայն սակավամարդությամբ, այլ նաև վերոնշյալ խոստումների անտեսմամբ: Հնչեցին զգացմունքային ելույթներ, որոնք լուրջ պայքարի հետ որևէ առնչություն չունեին:
Չցանկանալով ժամանակ վատնել նրա՝ անսպասելի Մոսկվա կատարած այցի ու դրա նպատակների (կամ դրանց բացակայության) մեկնաբանության վրա, պետք է փաստել, որ Ր. Հովհաննիսյանին կողմնորոշվելու ու պայքարի հստակ ուղի նախանշելու համար բավականին քիչ ժամանակ է մնացել: