Մենք, իհարկե, կողմ ենք ազգերի ինքնորոշմանը, բայց պետք չէ կատալոնացիներից ավելի կատալոնացի լինել


14:06 , 2 հոկտեմբեր, 2017

Ինչպես ադրբեջանցիներն են ցանկացած արտասահմանյան քեյս դիտարկում սահմանների անձեռնմխելիության կոնտեքստում ու միայն իրենց համար ակտուալ պատճառահետևանքային շղթայով, այնպես էլ հայերս ենք յուրաքանչյուր քեյս դիտարկում ազգերի ինքնորոշման իրավունքի կոնտեքստում և մեզ համար ակտուալ պատճառահետևանքային շղթայով: Պարզ է, որ թե՛ ադրբեջանցիք, թե՛ մենք սխալ ենք:

Նույն Արցախի հիմնախնդիրը որքան նմանություններ ունի Կատալոնիայի քեյսի հետ, այդքան էլ տարբերություններ են առկա: Օրինակ՝ կենտրոնացե՞լ եք այն նրբերանգի վրա, որ անջատողականության հիմքում իրականում տնտեսական գործոնն է, ոչ թե պատմաքաղաքական: Ավելի ճիշտ է ասել, որ պատմաքաղաքական փաստարկներն օգտագործվում են, որպեսզի զորակցեն հիմնականին՝ տնտեսական փաստարկին, իսկ տնտեսական փաստարկը մեկն է. Կատալոնիան ամենահարուստ մասն է Իսպանիայի ու դժգոհ է, որ ավելի շատ տալիս է կենտրոնին ու ավելի քիչ ստանում, այնպես որ կատալոնացիք վստահ են, որ իրենք են պահում Իսպանիային: Տրամաբանական շղթան էլ կառուցում են հետևյալ կերպ. ինչո՞ւ մեր փողերով պահենք մնացած Իսպանիային, եթե կարող ենք առանձնանալ ու մեզ վրա ծախսել այդ ամենը, համ էլ մենք իսպանացի չենք, մենք կատալոնացի ենք, համ էլ մենք անկախ ենք եղել ժամանակին:

Կատալոնացիք, ինչ խոսք, դժգոհելու տեղիք ունեն, բայց պետք է նկատի ունենալ նաև այն, որ Իսպանիայի կազմում նրանց ֆիզիկական ոչնչացում չի սպառնում, նրանք արդեն ունեն ինքնավարության ամենալայն տարբերակ, ու ոչ մեկը չի խոչընդոտում խոսել իրենց լեզվով, պահպանել իրենց ավանդույթները: Մյուս կողմից էլ՝ այն տնտեսական բարեկեցությունը, որը կա հիմա Կատալոնիայում, մեծապես պայմանավորված է նրանով, որ այդ ադմինիստրատիվ միավորը գտնվում է Իսպանիայի կազմում և օգտվում է բոլոր այն արտոնություններից, որոնք ընձեռնվում են ԵՄ անդամ պետության մասնիկներին, որոնք, սակայն, կարող են չլինել, եթե Կատալոնիան անջատվի Իսպանիայից: Ի դեպ՝ իրավիճակը բավականին նման է ԽՍՀՄ տնտեսությանը. դժվար է հաշվարկել, թե այժմյան տնտեսական պոտենցիալը որքանով կպահպանվի, եթե կատալոնացիք իրենց էշը քշեն:

Այնպես որ, թացը չորի հետ մի՛ խառնեք: Մենք, իհարկե, կողմ ենք ազգերի ինքնորոշմանը, բայց պետք չէ կատալոնացիներից ավելի կատալոնացի լինել: Առավել ևս՝ պետք չէ հարաբերություններ փչացնել պաշտոնական Մադրիդի հետ՝ պետական մակարդակում անկախ կատալոնիզմին զորակցելով ավելի ակտիվ, քան պետք է: