«Հայկական ժամանակ». ՏԻՄ ընտրություններում «Գնթունիք»-ի սեփականատիրոջ թեկնածության հարցը քննարկվել է առանց ավելորդ էմոցիաների ու կրքերի


10:20 , 30 սեպտեմբեր, 2017
«ՀՀԿ-ն վերջնական որոշում է կայացրել նաև Ապարանի համայնքապետի ընտրությունների ժամանակ իր թեկնածուի հարցում. Ապարանում ՀՀԿ թեկնածուն կլինի «Գնթունիք» ընկերության սեփականատեր Կարեն Եղիազարյանը:
 
ՀՀԿ Արագածոտնի մարզային կառույցի ղեկավար Սարգիս Սահակյանը armtimes.com-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը:
 
Armtimes.com-ը գրել էր, որ Ապարանում Կարեն Եղիազարյանի թեկնածությանը սատարում էին Ապարանում «կշիռ» ունեցող ՀՀԿ-ականների մեծ մասը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ, բայց Եղիազարյանի թեկնածությունը, ինչպես նշում է մեր աղբյուրը, ՀՀԿ Արագածոտնի մարզային կառույցի ղեկավար, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի սրտով չէր: Եվ թե ով կլիներ Ապարանում ՀՀԿ-ի թեկնածուն, պետք է որոշեր ՀՀԿ «ամենագլխավորը»:
 
Մեր տեղեկություններով, թեև նախապես սպասվում էր, թե կողմերից յուրաքանչյուրը պետք է փորձի ամեն ինչ անել, որ իր ներկայացուցիչը առաջադրվի որպես ՀՀԿ թեկնածու, և այդ համատեքստում կրքերը կարող են փոքր-ինչ բորբոքվել, հարցի քննարկումն անցել է շատ հանգիստ՝ առանց ավելորդ էմոցիաների ու կրքերի, և կայացվել է Կարեն Եղիազարյանի թեկնածությունն առաջադրելու որոշումը:
 
Ի դեպ, Սարգիս Սահակյանը շատ հանգիստ էր խոսում Կարեն Եղիազարյանի թեկնածությունը հաստատվելու վերաբերյալ՝ ցույց տալով, որ ամեն ինչ նորմալ է»,-գրում է թերթը։
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: