Որովհետև «փայտը» փայտ չէ, «կպչանը» կպչան չէ, կրակ վառողն այն չէ…


10:22 , 27 սեպտեմբեր, 2017
Ժիրայր Սեֆիլյանի ազատազրկման ոչ այնքան հեռավոր վայրերից ուղարկված «Սեպտեմբերյան թեզիսները» նպատակ ունեին քաղաքական որոշ դիակների, զոմբիների, շփոթվածների ռեինկարնացիայի, ռեանիմացիայի, ռեգեներացիայի ենթարկել, սակայն մոխրացած քաղաքական «կրակն» այդպես էլ չբռնկվեց, այլ շարունակեց մլալ, մխմխալ, ծխրտալ, ճենճերվել… Որովհետև «փայտը» փայտ չէ, «կպչանը» կպչան չէ, կրակ վառողն այն չէ…
Ժիրոյի թեզիսներին կից ցուցակում նշված գործիչներն այնքան անհամատեղելի ու իրար բացառող են, շատերն էլ՝ բազմիցս ձախողված ու վարկաբեկված, որ ի սկզբանե պարզ էր՝ մխացող թմբին «փչելու» դեպքում կրակը բռնկվելու փոխարեն մոխիրն է լցվելու նրանց աչքերը…
Եվ զարմանալի է, որ այդ ցուցակում ընդգրկված որոշ քաղաքական գործիչներ, որոնք կարծես իրական ընդդիմադիր են և քաղաքական որոշ փորձ ունեն ու ճանապարհ են անցել, չընդվզեցին և իրենց գնահատականը չտվեցին ապստամբության, զինված հեղաշրջման «մանկական հիվանդությամբ» տառապողներին և նրանց «քաղաքական պայքարի» ոճին ու հարմարավետ «տեղավորվեցին» այդ անտրամաբանական ցուցակում…