«Հայկական ժամանակ» Յուրի Խաչատուրովի անվան հետ կապվող կոռուպցիոն սկանդալի առթիվ քրեական գործ է հարուցվել


09:30 , 27 սեպտեմբեր, 2017
«ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել ՀՀ պաշտպանության նախարարության ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ մամուլում հրապարկված տեղեկությունները: Այս մասին armtimes.com-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
 
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հասցեագրված մեր հարցմամբ խնդրել էինք տեղեկություններ տրամադրել, թե արդյոք դատախազության կողմից ուսումնասիրվել է «mamul.am» կայքում հրապարկված թվով երեք հրապարակում: Դրանցից մեկը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ներկայումս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կողմից ենթադրյալ հովանավորչության մասին էր, մյուսը՝ ՀՀ ՊՆ թիկունքի վարչության պետ Նորայր Յոլչյանի կողմից 3.5 մլն դոլարով ձեռք բերած բնակարանի և 600 հազար ԱՄՆ դոլարով գնած վերելակի մասին: Երրորդ հրապարակումը կրկին վերաբերել է Յուրի Խաչատուրովին:
 
Առանձին-առանձին անդրադառնանք այդ հրապարակումներին և դրանց վերաբերյալ դատախազության հայտնած տեղեկատվությանը: «ՀՀ ՊՆ թիկունքի վարչության պետը 3.5 միլիոն ԱՄՆ դոլարով բնակարան է գնել և 60.000 դոլար էլ վճարել է իր տան վերելակի համար» վերնագրով հոդվածում նշված է, որ ՊՆ թիկունքի վարչության պետ Նորայր Յոլչյանն է վերահսկում ՊՆ-ի մատակարարների ստվերային հոսքերը, թերի մատակարարումները և ապահովում է ներքևից վերև հափշտակված գումարները տեղափոխող «վերելակի» անխափան աշխատանքը։ Հրապարակման համաձայն, Յոլչյանը Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում 750 քառակուսի մետր մակերեսով բնակարան է գնել, որից հետո տեղեկանալով, որ վերելակն իր բնակարան չի հասնում, 60 հազար ԱՄՆ դոլարով էլ վերելակ է գնել: Գլխավոր դատախազությունում ուսումնասիրել են այս հրապարակումը և պարզել են, որ այն ինքնին չի պարունակում ինչպես ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի պետ-վարչության պետ Նորայր Յոլչյանի կողմից առերևույթ հանցավոր գործունեության մասին վկայող տվյալներ, այնպես էլ հանցագործության մասին հաղորդման հատկանիշներ: «Ուստի հրապարակմանը քրեական դատավարության կարգով ընթացք տալու բավարար հիմքեր առկա չեն»,- ասված է դատախազության պատասխանում:
 
Մյուս հրապարակումը, որը վերնագրված է՝ «ՊՆ-ից 810 միլիոն ՀՀ դրամի հափշտակությո՞ւն է կատարվել», վերաբերվում է ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարած մրցույթներից մեկին, որի հետ ենթադրյալ կապ է ունեցել ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:
 
Հրապարակումը կառուցված է հարուցված մի քրեական գործի շրջանակներում վկայի ցուցմունքի վրա: Ըստ այդմ, ամեն տարի ՊՆ-ում հայտարարվում է թելերի մատակարարման մրցույթ և սահմանվում է թելերի տեխնիկական բնութագիրը՝ 100% բամբակ։ Տասը տարուց ավելի այդ մրցույթում հաղթում է նույն ՍՊԸ-ն, և մեկ տարվա կտրվածքով ՊՆ մատակարարվում է 90.000.000 ՀՀ դրամի 100% բամբակյա թել։ Հրապարակման համաձայն, 100 տոկոս բամբակյա թել չի կարող լինել, և դա նշվել է նրա համար, որ այլ ընկերությունները չկարողանան մասնակցել մրցույթին: Իրականում մատակարարվել է 100 տոկոս պոլիեստեր, և իբր ՊՆ-ին  պատճառվել է 810 միլիոն դրամի վնաս 10 տարվա ընթացքում: Գլխավոր դատախազությունում այս հրապարակումը ևս ուսումնասիրվել է:
 
«Հոդվածում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկությունների կապակցությամբ հայտնում ենք, որ հրապարակմամբ նշված դեպքի առնչությամբ դեռևս 2014թ․ մարտի 1-ին ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ,- խմբ. հեղ.) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի վարույթը 2015թ․ դեկտեմբերի 26-ին կայացված որոշմամբ, հանցակազմի բացակայության հիմքով, կարճվել է»,- ասված է դատախազության պատասխանում:
 
Երրորդ հրապարակումը այս պահին էլ գտնվում է քրեադատավարական փուլում: Այս հրապարակումը վերաբերվում է բանակին մատակարարվող ներքնակներին (դոշակ): Ըստ անանուն աղբյուրի, բանակին ամեն տարի 15 հազար հատ ներքնակ է մատակարարվում, սակայն նոր ներքնակի փոխարեն ՊՆ-ին մատակարարվում են հին ներքնակները: Այսպես. հին ներքնակները դուրս են գրվում և համաձայն կարգի՝ պետք է ոչնչացվեն, սակայն ուղարկվում է մատակարարին, որն էլ փոխում է ներքնակների վրայի կտորները, և նույն ներքնակը փոխված կտորով մատակարարվում է ՊՆ-ին: Այս դրվագով էլ ՊՆ-ին, ըստ հրապարակման, պատճառվում է 2 միլիարդ դրամի վնաս, իսկ գործարքի թիկունքում կանգնած է Յուրի Խաչատուրովը: «Երկու միլիարդ դրամի հափշտակություն և նորից ՊՆ-ում» հոդվածում նկարագրված հանգամանքները ներկայումս, անկախ վկայակոչվող հրապարակումից, քննության առարկա են դեռևս 30.08.2017թ. ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակում»,- ասված է գլխավոր դատախազության պատասխանում: Ստացվում է, որ Յուրի Խաչատուրովի անվան հետ կապվող այդ հրապարակման մեջ տեղ գտած հանգամանքները քննության առարկա են դարձել օգոստոսի 30-ին հարուցված քրեական գործի շրջանակներում, և այժմ էլ նախաքննություն է ընթանում»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: