Արթուր Գրիգորյանի կարծիքը Սիրուշոյի, Անդրեի, Արամեի, Նունեի, Սոֆիի և այլոց մասին


15:01 , 12 ապրիլ, 2013

Երբ Արթուր Գրիգորյանը մեր հարցազրույցից առաջ թերթում էր մեր ամսագիրը, կանգ առավ  «Բա իմացա՞ր» խորագրում: «Սիրում եմ ձեր սկանդալային էջը»,- ասաց նա: Սակայն մեր հետագա զրույցի թեման ամենևին էլ սկանդալները չէին. մենք քննարկում էինք շոու-բիզնեսի հայտնի դեմքերին: Իսկ թե զրույցը սկանդալային ստացվեց, թե` ոչ, դատեք ինքներդ: Ի դեպ, հրապարակումից «նեղացողներին» նախապես ասենք, որ Արթուր Գրիգորյանն իր կարծիքը այս կամ այն երգչի մասին հայտնում էր սրտի ցավով ու հավելում, որ նրանց որպես իր զավակների է վերաբերվում, և իրավունք ունի ճշմարտությունն ասելու:

Զրույցը սկսենք այսօրվա ամենավարկանիշային երգիչներից մեկից` Անդրեից: Պատմեք նրա մասին հենց սկզբից:

- Անդրեին առաջին անգամ հանդիպել եմ Արցախում: Կարծեմ՝ 16 տարեկան էր: Միանգամից աչքի ընկավ, որովհետև «խարիզմա» ունի: Բերեցի Երևան, այդ ժամանակ Արսեն Սաֆարյանն էլ էր Երգի պետական թատրոն եկել` Հրազդանից: Երկու ղարաբաղցիների համար տուն վարձեցի և սկսեցին աշխատել թատրոնում:

Սկզբում տեղյակ չէի, որ Երևան գալու համար Անդրեն տանից փախել է: Նա գաղտնապահ էր:

Ելույթներից մեկի բեմադրությունն այնպիսին էր, որ նա պետք է ընկներ: Մի քանի անգամ այդ հատվածը փորձելուց հետո գերլարվածությունից նա հանկարծ ուշագնաց եղավ:

Անդրեն աշխատասեր է, աստղային հիվանդությամբ չի տառապում ու հպարտ եմ, որ մինչ այժմ «կեղտոտ» երաժշտություն չի երգել:

Խոսակցություններ կան, որ Դուք և Քրիստինե Պեպելյանը վիճել եք:

- Ես նեղացած չեմ, իսկ եթե նա ինչ-որ բանից նեղացած է, իր խնդիրն է:

Քրիստինեի առաջին քայլերը շատ ճիշտ էին ու կայուն: Նա ԵՊԹ եկավ Նաիրա Գյուրջինյանի դասարանից: Ամեն ամիս մեր թատրոնում ատեստացիոն ելույթներ էին լինում ու դրանով պայմանավորվում էր երգչի կարգը: Գուցե հիմա զարմացնեմ, բայց Քրիստինեն առանց դադարի տասը երգ կատարեց ու այդ ընթացքում անգամ մեկ «ֆալշ» նոտա չհնչեց: Նա միանգամից երրորդ կարգից բարձրացավ առաջին:

Իսկ հիմա Քրիստինեն է ինձ զարմացնում: Նա «մլավում» է, մի  «մատնաչափ» (նկատի ունի ձայնի դիապազոնը-հեղ.) երգեր է կատարում:

Շպռօտը կապ չունի ԵՊԹ-ի հետ, այնուամենայնիվ, հետաքրքիր է լսել Ձեր կարծիքը նրա մասին:

- Նա սկանդալային է, նաև լավ երգչուհի: Գուցե Շպռօտը շատերին գռեհիկ թվա, բայց իրականում նա շատ ճաշակով է: Չգիտեմ` ինչու է որոշել հենց այդ` հումորային ոճում հանդես գալ: Ծանոթ լինելով նրա ձայնային տվյալներին՝ զարմանում եմ, թե ինչու նա ավելի լրջորեն չի զբաղվում երգով: Դա չի նշանակում, որ նա պետք է լրջացնի իր երգացանկը: Թեև, ճիշտն ասած, արդեն հոգնել եմ նրա  «աքլորային»  թեմաներից: Եթե նույնիսկ դա «խայծ» է, ապա վաղուց փոխել է պետք:

Ձեր սաներից է նաև Զարուհի Բաբայանը: Նրա մասին ի՞նչ կասեք:

- Միանգամից մտովի ճանապարհորդեցի դեպի անցյալ: Հենց սկզբից նա ճիշտուղի է ընտրելու ճիշտ երաժշտություն երգել: Զառային շատ եմ սիրում. նա լավ երգչուհի է և լավ մարդ: Հիմա ձայնի հետ կապված ինչ-որ խնդիրներ ունի, ինչ-որ բան է կատարվում:

Ամեն դեպքում, ևս  մի երգչուհի, որ «կեղտոտ» երաժշտություն չի երգում: Նա հավատարիմ մնաց իր սկզբունքներին: Կարծում եմ` երբեք վատ երաժշտություն չի կատարի, թեև այն այսօր նորաձև է: Ազգը սկսել է «կիրովաբադերեն» երգել: Ու այդպես էլ ձևավորվում է հանդիսատեսի ճաշակը: 

Սոֆի Մխեյանն էլ կարծես ճանաչվեց  ԵՊԹ-ից:

- Շատ հետաքրքիր էր, թե ինչպես Սոֆին հայտնվեց Երգի թատրոնում: «Ռուբիկոն» հաղորդման ժամանակ վիկտորինա էր առաջարկվել, և հաղթողը մեզ հետ Ծաղկաձոր պետք է մեկներ: Հաղթեց Սոֆին ու այդ ուղևորությունից էլ սկսվեց նրա կարիերան: Սկզբում, իհարկե, նրա մոտ տպավորիչ  ոչինչ չէր նկատվում. Չեմ սիրում, երբ երգելու փոխարեն «մլավում» են:

Այն կտրուկ փոփոխությունը, որ վերջերս նկատվում է Սոֆիի երգելաոճում, բավականին հաջող է թվում: Ըստիս` նա գտավ իրեն ու լրացրեց շոու-բիզնեսի բաց  անկյուններից մեկը: Գուցե իր երգով նա ինձ ու շատերին չի զարմացնում, բայց, ամեն դեպքում, վատ չէ:

Արամեն  միանգամից մեծ լսարան գրավեց: Ինչո՞վ է պայմանավորված:

- Արամեն շատ հետաքրքիր երգիչ է: Ամեն ինչ երգում է, ամեն ինչ փորձում: Գուցե նա իրեն դեռ չի գտել, բայց  դա բնական է: Տարիքից է, դեռ կհանդարտվի, կգտնի իր տեղը: Այժմ նա աշխատում է տարբեր «շուկաների» համար ու մեծ լսարան նվաճում: Կարծում եմ`  Արամեն դեռ կոնկրետ նպատակակետ  չունի:

Հասմիկ Կարապետյանն ինչպիսի՞ն էր ու ինչպիսի՞ն է այսօր:

- Հասմիկը միշտ էլ տարբերվել ու այսօր էլ տարբերվում է: Գուցե նրա երգերը իրար հետ շփոթես, բայց ուրիշների երգերի հետ հաստատ չես շփոթի: Նա ռոքեր չէ: Թեև ստեղծագործում է փոփի ու ռոքի միջև: Հասմիկ Կարապետյանը Հասմիկ Կարապետյան է: Նա ինքնին ոճ է:

Իսկ Շուշան Պետրոսյանի հետ ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն են:

- Շուշանի մասին խոսք չունեմ. նա իսկական, լավ երաժշտությանը հավատարիմ երգչուհի է: Վերջերս հետաքրքիր վեճ եղավ: Ես ասացի, որ ինձ դուր չի գալիս նրա ու Արման Հովհաննիսյանի զուգերգը: Իսկ Շուշանը ասածս սխալ հասկանալով` վիրավորվեց: Շուշանն ինձ համար այլ որակի երգչուհի է ու նաև երաժիշտ, իսկ այդ զուգերգը կատարելով, նա, ըստիս, մեծ սխալ  թույլտվեց:

Այսօր երկու երգչուհի կան, որոնց իսկապես բոլորովին այլ կարգի եմ դասում. խոսքը Շուշան Պետրոսյանի և Սիրուշոյի մասին է: 

Հետաքրքիր է նաև Ձեր կարծիքը Տիգրան Պետրոսյանի մասին:

- Երբ նա սկսեց թատրոն գալ, ապրում էր Մասիսում: Թատրոն գալիս էր հեծանիվով: Ամենաշատը հենց դա է տպավորվել:

Նա երբեք պահանջարկի հետևիցչի ընկել ու միշտիր տարբերակն է առաջարկել: Տիգրանը երբեք էլ կոմերցիան չի սիրել: Նա շեշտը որակի վրա է դնում: Նրան չի հետաքրքրում, թե համերգային ծրագրում որերորդն է երգում կամ իր երգը որ հորիզոնականում է: Տիգրանը տղամարդ երգիչ է:

Վերջերս նրան «Երկու աստղում» տեսա ու զայրացա: Ամեն դեպքում, նա պահանջարկ ունենալու խնդիր չունի:

Դուք է՞լ եք Արմինկայի մասին խոսելիս միանգամից նրա ոճը հիշում:

- Այս երգչուհին շատ ճաշակով է և խոսքը միայն հագուստի մասին չէ. նա ճաշակով է հատկապես երգերի հարցում: Վերջերս նրա վրա էլ բարկացա՝ մի քանի զուգերգի համար: Այո՛, խոսքը Արման Հովհաննիսյանի, Արազ Դարեի հետ զուգերգերի մասին է: Գուցե դրանցով նա մեծ լսարան գրավեց, բայց որակն ընկավ: Ինչքան էլ հայը փորձի մահմեդական երգ կատարել, չի կարողանա այդ կոլորիտ փոխանցել և պետք էլ  չի, որովհետև ճաշակ է ձևավորում, սերունդ դաստիարակում: Մի սերունդ արդեն փչացավ այդ «տառապած» երգերի պատճառով:

Արմինկան ձայնային առումով էլ ճիշտ երգչուհի է: Որքանով ձայնը բավարարում է, այնքանով էլ լավ երգում է: Երգչուհիներ կան, որոնց այդքանից ավելի պետք էլ  չի: Երգելիս նա չի «պատռվում», չի «մլավում», ու նրա ձայնի մեջ նուրբ ճաշակ կա: Իր նոր ձայնասկավառակում հենց իմ սիրած երգերից է լինելու, զուգերգեր չեն լինի (ծիծաղում է):

Ասացիք, որ Արսեն Սաֆարյանին ինքներդ եք «գտել»...

- Արսենը իսկական ղարաբաղցի, լավ տղա է: Նա գտել է իր ոճը: Հիշում եմ` երբ առաջին անգամ Երգի թատրոն եկավ, արտիստիզմ բացարձակապես չուներ, նույնիսկ չէր կարողանում ձեռքը գեղեցիկ շարժել: Այսօր նա Հայաստանի ամենապլաստիկ երգիչներից է: Իսկ երբ համերգների ժամանակ որևէ շարժում է կատարում ու քիչ հետո  դահլիճում ինձ տեսնում, ամաչկոտ ժպտում է... Արսենը շուտ կարողացավ կողմնորոշվել: Թեև այժմ նա ռիթմիկ  ու պարային, թեթև երգեր է երգում, սակայն դեռ կզարմացնի բոլորին:

Աննա  Խաչատրյանի հզոր ձայնը բավակա՞ն է հաջողակ երգչուհիլինելու համար:

- Սա այն տարբերակն է, երբ մարդը լավ ձայն ունի, սակայն դեռ անհասկանալիորեն չի գտել իրեն: Ես զարմանում եմ, թե նա ինչպես է կարողանում այդպես լավ երգել ու այդպես միանգամից փչացնել  իր երգը՝ ոճ  չունենալու պատճառով: Ախր, շատ լավ երգչուհի է, բայց... Եթե հաշվի առնենք ձայնային տվյալները, ապա ինձ համար կար Վարդուհի Վարդանյան, և նրանից մի քանի հորիզոնական հետո` Աննա Խաչատրյան: Բայց չգիտես ինչ է անում, մի քիչ այսպես, հետո` այնպես ու արդյունքում` ոչինչ: Նա ամեն  ինչ երգեց, բայց այդպես էլ իրեն չգտավ: Աննային ծեծելու եմ (ծիծաղում է): Լավ երգչուհի է կորում: 

Նունե Եսայանն ամեն պատեհ առիթի հիշում է Ձեր անունը: Իրականում այդքան մե՞ծ է Ձերավանդը նրա կայացման հարցում:

- Նունեն շշմելու աստիճան իմաստուն ու փորձառու է: Նա միշտ էլ գիտի` ինչ է անում, նույնիսկ եթե սխալ է գործում:

Երբեք չեմ մտածել, որՆունեի համար ավելի շատ բան եմ արել, քան մյուսների, պարզապես նա կարողացել է իրեն լավ դրսևորել ու ճիշտ վարվել: Նա կայացած երգչուհի է, նրան այլևս ոչինչ չի սպառնում: Իրականում Նունեն բնույթով շատ փխրուն է ու «խորը»:

«Եվրատեսիլ 2007»-ի մեր «հերոսից» ի՞նչ կասեք:

- Ինձ համար Հայկոն առաջին հերթին երաժիշտ է, հետո` երգիչ: Ես նրան միշտ ասում եմ, որ նա հանցագործ է, որովհետև վերջերս հազվադեպ է երգեր գրում: Նա 100 տոկոսանոց երաժիշտ է:

Ամենաշատը սիրում եմ Հայկոյի գրած առաջին երգերը, երբ նա դեռ 16 տարեկան էր, ու դրանք առաջինը ես էի լսում: Հիմա ինձ համար մի փոքր անհասկանալի է, թե ինչու է երգում նման «քաղցր», «շաքարային» երգեր: Դա ինձ դուր չի գալիս:

Արսեն Գրիգորյանն ավելի շատ Ձեզ հոգեհարազատ է որպես երգահա՞ն, թե՞ երգիչ:

- Իր կարիերայի սկզբում Արսենը հիմնականում ժողովրդական երգեր էր կատարում: Այսօր նա կատարում է ռոմանտիկ, քնարական երգեր, թեև դրանք ես ռոմանտիկ չեմ համարում: Նա շատ երգեր ունի, որ ինձ դուր չեն գալիս: Բայց և կան այնպիսիք, որոնք կարելի է լավագույնների շարքը դասել` Սիրուշոյի «Մայրիկը», Վարդուհի Վարդանյանին նվիրված երգը...

Երգչուհի-երաժիշտ Սիրուշոյի մասին ի՞նչ կասեք:

- Վերջերս ներկա էի նրա CD-ի շնորհանդեսին: Պարզապես հիացած եմ այդ աղջկանով` մտածված, խելացի, ճիշտ: Ոչինչ չկա, որպեսզի ասեմ` Սիրուշո՛, ինչո՞ւ ես այդպես արել: Գուցե չհասկանամ Սոֆի Մխեյանի հետ նրա զուգերգի իմաստը, բայց գոնե գիտեմ, որ տեխնիկապես ճիշտ ու պրոֆեսիոնալ է արված:

Զարմանալի է` այդ հասակում այդքան «խորը»: Ես երջանիկ եմ...