18:01 , 12 ապրիլ, 2013Երգիչ Նարեկ Բավեյանն իր նոր տեսահոլովակի պրեմիերան վաղուց արդեն պետք է մատուցած լիներ իր լսարանին: ArmStar.am-ը զրուցեց երգչի հետ` ճշտելու, թե երբ կլինի տեսահոլովակի պրեմիերան:
«Տեսահոլովակը պետք է արդեն պատրաստ լիներ, ուղղակի տեսահոլովակիս մոնտաժային աշխատանքների ժամանակ մի փոքր խնդիրներ առաջացան, ամեն ինչ սկսել ենք նորից: Ամենայն հավանականությամբ տեսահոլովակի պրեմիերան կլինի տասը-տասնհինգ օրից»: Ի զարմանս մեզ Նարեկ Բավեյանը սկզբում չէր ցանկանում նշել տեսահոլովակի ռեժիսորի անունը: «Անկեղծ ասած մեր մեջ մի փոքր տարաձայնություններ են եղել տեսահոլովակի հետ կապված, այդ պատճառով ռեժիսորը կարող է չուզենա, որ իր անունը գրվի…»: Ամեն դեպքում երգիչը բարձրաձայնեց. «Տեսահոլովակի ռեժիսորը Սերժ Գաբյանն է, երաժշտության հեղինակը Մարտին Միրզոյանն է, խոսքերինը` Գրիգոր Կյոկչյանը, երգը կոչվում է «Չփոխվես»»:
Նարեկն ArmStar.am-ի հետ զրույցում չցանկացավ մանրամասնել տեսահոլովակի սյուժեն, սակայն մի բան հաստատ է, որ տեսահոլովակում մեծ դերակատարում ունի շունը: «Տեսահոլովակս ունի դաստիարակչական խորհուրդ, ինչպես նախորդը: Նրանում ներկայացված է ընտանեկան պատմություն և եթե ընտանիքում ինչ-որ բան այն չէ, նույնիսկ շունը կարող է զգալ: Կարծում եմ, որ տեսահոլովակը շատ հուզիչ է լինելու իր սյուժեով»: Նարեկն ավելին չցանկացավ մանրամասնել: «Ավելին չեմ ուզում ասել, որ տեսահոլովակը հետաքրքիր լինի»:
Զրուցեց Աշխեն Մնացականյանը


