Ամերիկացիների մեծ մասը հավատում է ընտրություններին Ռուսաստանի միջամտությանը. CNN


17:03 , 23 սեպտեմբեր, 2017

Ամերիկացիների մեծ մասը հավատում է, որ Ռուսաստանը կարողացել է Facebook-ի և այլ սոցցանցերի միջոցով ազդել ԱՄՆ ընտրությունների ընթացքի վրա։ Այդպես է կարծում CNN-ի պատվերով անցկացված հարցման մասնակիցների 54 տոկոսը։ Այս թիվն ավելի մեծ է, քան այն ընտրողների թիվը, ովքեր վճռական են համարում ռուս հաքերների միջամտությունը։

Ընդ որում՝ հարցման մասնակիցների 40 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանի ազդեցությունը ընտրությունների ընթացքի վրա չափազանցված է։

Ավելի վաղ Facebook-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների նախընտական կամպանիայի ժամանակ ռուսական «Ինտերնետ հետազոտողների գործակալությունը» կեղծ ակաունտների միջոցով 3 հազարից ավելի հայտարարություններ է տեղադրել, որոնցով փորձել է ազդել ԱՄՆ հասարակական կարծիքի վրա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան գրառման մեջ դա անվանել է «Ռուսաստանի շուրջ հերթական միստիֆիկացիան»։ Կրեմլը նույնպես հերքում է այդ տեղեկությունը։