11:53 , 12 ապրիլ, 2013
«Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում ԲՀԿ-ական ձայներ հավաքելու բաղադրատոմսը, փաստորեն, այդքան էլ բարդ չէ. վերցնում ենք անձնագիրը, մեկ կգ խոզի մսի համար պատրաստում 1800 դրամ, գնում Աջափնյակ, մտնում խանութ ու գնում խոզի միս՝ էժան, արագ, որակով, վերջում էլ քվեարկում ԲՀԿ-ի օգտին»,– այս մասին գրում է «Իրավունք» թերթը։
Աջափնյակի թիվ 6 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված ԲՀԿ-ական Վահան Կարապետյանը, ըստ «Իրավունքի» աղբյուրների, այժմ ջերմեռանդորեն լծվել է Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ական «ձայներ» գնելու գործընթացին։ Ինչպես նշում է նույն աղբյուրը, Աջափնյակի մի շարք խանութներում նա էժան գնով խոզի միս է տալիս, որը վաճառվում է հետևյալ պայմանով՝ գնորդն իր անձնագրային տվյալները կտա և կխոստանա առաջիկա ավագանու ընտրություններին իր քվեն տալ ԲՀԿ-ին։ Ի դեպ, այս «նախընտրական ճկուն զեղչերին» կարող են մասնակցել և 1800 դրամանոց խոզի միս ուտել միմիայն Աջափնյակի բնակիչները: