Մնաց 1824 օր. ո՞վ է լինելու ՀՀ հաջորդ նախագահը


09:41 , 12 ապրիլ, 2013

Արդեն կարելի է սկսել մտածել, թե ով է լինելու հաջորդ ՀՀ նախագահը: Միշտ այսպես է լինում. քաղաքական շիզոֆրենիայից վախենալով և ընկնելով ցայտնոտի մեջ, համակերպվելով ճակատագրի հետ՝ ընտրում ենք նրանց, ով մեր կարծիքով քիչ, թե շատ ստաբիլ է... Որպեսզի այդպես չլինի, եկեք հենց այսօրվանից մտածենք... Ահա եկավ ու անցավ այդքան սպասված երդմնակալության օրը: Արդեն 4-րդ օրն է, ինչ վերընտրված նախագահը նորից ստանձնել է երկրի բարձրագույն մարմնի պաշտոնը: Եվ ինչպես Թումանյանն էր ասում` «օրեր են, կմթնեն, անց կկենան...», և մենք, հանկարծակիի գալով, կպարզենք մեզ համար, որ եկել է 2018-ը, և մենք պետք է որոշենք, թե ով է լինելու մեր հաջորդ նախագահը: Եվ ըստ ձեզ՝ ո՞վ է լինելու հաջորդ ՀՀ նախագահը... Այս հարցին ողջամիտ պատասխանելու համար եկեք անկոչ հյուրի կարգավիճակով մտնենք «հանրապետականների խոհանոց» և սկսենք այնտեղ ուշադիր հայացք նետելով փնտրել ապագա ՀՀ նախագահին (նախապես ասեմ, սա ապարդյուն աշխատանք է, բայց համենայն դեպս փորձենք...): Որպեսզի ավելի պարզ լինի պատկերը, եկեք մի պահ պատկերացնենք, որ Սերժ Սարգսյանը, իհարկե Աստված մի արասցե, սակայն առողջական վիճակից ելնելով հենց այսօր հրաժարվում է նախագահ առաջադրվել, այդ դեպքում ո՞ւմ է ներկայացնելու ՀՀԿ-ն: Մեր հասարակությունը, լինելով իներտ, ապագա չի կարող ունենալ, քանի դեռ նա հավատում է հին հեքիաթի իր հերոսին: Եվ հենց այստեղ հարց է առաջանում`«Հո Գալուստ Սահակյանին չի՞ առաջադրելու կամ Տիգրան Սարգսյանին (ով արդեն վարկաբեկված է), առավելևս Հովիկ Աբրահամյանին (ում «չսիրողների» թիվը օր օրի աճում է): Ինչ վերաբերում է «երիտթիմին», այստեղ խոսելն ուղղակի ավելորդ է, քանի որ նրանք այնպիսի քաղաքական ինտրինգնեով են զբաղված, որ հազիվ թե կարողանան այնտեղից առանց վարկանիշ կորցնելու դուրս գաl: Այսինքն՝ հսկայական ՀՀԿ-ն չունի Սերժ Սարգսյանին փոխարինող»: Ընտրություն կատարել այս հարթության մեջ փաստորեն շատ դժվար է, քանզի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2008-ից իր ամբողջ տնտեսական և ենթակառուցվածքային ուղղություններով լիազորությունները հանձնել էր վարչապետին, ով բանկային քաղաքականությամբ երկիրը դրել էր այնպիսի ռելսերի վրա, որտեղ գողություն անելը շատ հեշտ է: Եվ հենց այս ռելսերի վրա էլ վարկաբեկվում էին շատ ու շատ ՀՀԿ-ական քաղաքական գործիչներ. քաղաքականությունը թողնելով մի կողմ՝ նրանք ձեռնամուխ են լինում մտնել կառավարական բիզնեսի մեջ: Մյուս կողմից ակնհայտ է, որ ՀՀԿ-ն վերջին շրջանում քաղաքական գործիչներին վերցնում է միայն վարկաբեկելուց հետո, ինչպես եղավ Դալլաքյանի և այլոց հետ (իհարկե, հանուն ճշմարտության կարելի է ասել, որ Դալաքյանը ֆինանսական աֆյորաների պատճառով չհեղինակազրկվեց, այլ քաղաքական...): Այսպես գործիչներն ավելի կառավարելի են, կանխատեսելի, զսպելի: Ստացվում է, որ «մաքուր քաղաքական գործիչներով» ՀՀԿ-ի ռեսուրսը այդքան էլ հարուստ չէ: ՀՀԿ-ում շատ դեպքերում քաղաքականությունը վաղուց վերածվել է բիզնեսի` դառնալով բիզնեսի ամենաեկամտաբեր տեսակներից մեկը: Իշխանության ղեկին գտնվող ուժերի ու գործիչների համար իշխանությունը փողի, մեծ փողի աղբյուր է: 
Իսկ միգուցե փորձենք հայացքներս ուղղել Սերժ Սարգսյանին շրջապատող այլ քաղաքական գործիչներին (և ամպայման չի, որպեսզի նրանք լինեն իր կուսակցությունից), միգուցե այնտեղ գտնենք արժանագույնին: Ես լավ հասկանում եմ, որ հիմա շատերը, կարդալով այս տողերը, կմեղադրեն ինձ, թե այս ինչ ես գրում, ինչ անպայման է՝ հենց Սերժ Սարգսյանի շրջապատից լինի... Իհարկե, ինչ-որ տեղ նրանք ճիշտ կլինեն, սակայն առողջ տրամաբանությունը միշտ հուշում է, որ ապագա նախագահին հենց սկզբից փնտրիր գործող նախագահի կողքին կանգնած մարդկանց մեջ... Սակայն սա արդեն ուրիշ հոդվածի թեմա է...