ՀՀԿ-ն պատասխանեց Լևոն Մկրտչյանին


00:04 , 22 սեպտեմբեր, 2017
Ինչպես և սպասվում էր, ՀՀԿ-ն անպատասխան չթողեց «անաստասմիկոյանոտ» ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի արարքը, ով վերջերս ուսման մեջ առաջադիմություն ունեցող աշակերտների հետ հյուրընկալվել էր ՀՀ նախագահի նստավայրում, որտեղ այդ աշակերտները պարգևներ և նվերներ ստացան Սերժ Սարգսյանից։ Սակայն այդ միջոցառումը սկանդալի վերածվեց, երբ պարզվեց, որ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նախագահական էր տարել նաև Հրազդանի քաղաքապետի անչափահաս որդուն, ով, չունենալով վարորդական իրավունք և վարելով ծառայողական ավտոմեքենա, վրաերթի էր ենթարկել մի տղամարդու, որն ավելի ուշ հիվանդանոցում մահացել էր։ Հասարակական և քաղաքական բազմաթիվ գործիչներ պահանջեցին ԿԳ նախարարի հրաժարականը, իսկ որոշ իշխանամետ ԶԼՄ-ներ էլ Լևոն Մկրտչյանին մեղադրեցին նախագահին «подстава» անելու մեջ։
Բոլորը սպասում էին ՀՀԿ-ի պատասխանին, որն իրեն ուշացնել չտվեց։ Սեպտեմբերի 21-ին անկախության 26-րդ տարեդարձի առթիվ Եռաբլուր զինվորական պանթեոն այցելած վարչապետ Կարեն Կարապետյանից լրագրողները հետաքրքրվեցին դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի մասին։ Կառավարության ղեկավարն ի պատասխան ասաց. «Ես շատ պարզ ձևակերպեցի՝ նման հանձնարարական չի եղել»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարել էր, որ մշակվել է օտար լեզուների դասավանդման հայեցակարգ, որը մշակել է վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով։
Կարեն Կարապետյանի այս պատասխանից հետո Լևոն Մկրտչյանը հայտնվել է շատ վատ վիճակում։ ՀՀ վարչապետը Հայաստանում ռուսաց լեզվի մասին շատ անհանգստացող ԿԳ նախարարին պատասխանեց «Месть это блюдо, которое нужно подавать холодным» կարգախոսին համապատասխան։