Խորհել՝ գործելուց առաջ


22:21 , 11 ապրիլ, 2013

Ապրիլի 9-ից հետո շարժման ներկայացուցիչները որոնումների մեջ են, թե ստեղծված իրավիճակում ինչ կարելի է անել շարժումը հաղթական հանգրվանի հասցնելու համար: Ներկայացվում են ինքնակազմակերպման, անհնազանդության դրսևորման և այլ բնույթի առաջարկներ: Առաջարկների հեղինակներն առաջնորդվում են «Ինչպե՞ս գրավել իշխանությունը» գերնպատակով: Թե որքանով դրանք հաջողության կհասցնեն, ցույց կտա կյանքը:

Ինքս ուսումնասիրել եմ համաշխարհային պրակտիկայում հաջողության հասած մի քանի շարժումների օրինակներ և պիտի ասեմ, որ մեզանում ներկայացվող առաջարկները թերի են: Եթե պատահի այդ առաջարկները կիրառելու դեպքում հաջողվի անցնել իշխանության, ապա ծագելու են հրատապ լուծում պահանջող «Իսկ ի՞նչ անենք հիմա» բնույթի հարցեր: Իսկ թե ինչ է լինում նման դեպքում, տեսել ենք 20 տարի առաջ:

Հաջողության հասած հիշյալ շարժումները իրենց առջև երկու հիմնավոր հարցեր են դրել ՝
ա) ի՞նչ է իրականում կատարվում երկրում և ինչո՞ւ
բ) ո՞րն է արդյունավետ պետության տեսլականը, որը բխում է տվյալ ժողովրդի հոգեկերտվածքից (առողջ ժամանակվա):

Այդ հարցերի հիմնավոր պատասխանն ունենալու դեպքում ակնհայտ է դառնում «Ինչ անելը»:

Նշածս հաջողված օրինակներում այդ հարցերի պատասխաններն ունեցած շարժումները հաջողության են հասել առանց կոշտ պայքարի:

Եվ այսպես՝
ա) ի՞նչ է իրականում կատարվում երկրում և ինչո՞ւ
բ) ո՞րն է արդյունավետ պետության տեսլականը, որը բխում է մեր ժողովրդի հոգեկերտվածքից (առողջ ժամանակվա):

Հ.Գ. Հեղափոխական կանանց խնդրում եմ չգրել այսպիսի բնույթի մեկնաբանություն. «Մենք այդ հարցերի պատասխանները չունենք, բայց եթե բոլորս հավաքվենք Ազատության հրապարակում, ապա մեր հաղթանակն անկասելի կլինի»: