Գոնե պետական մակարդակով ցեղասպանության ֆետիշիզացիայի նահանջ ենք գրանցում


13:06 , 20 սեպտեմբեր, 2017

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սերժ Սարգսյանի այս ելույթը, կարելի է ասել, նվիրված էր միայն Արցախյան հիմնախնդրին։ Թուրքիա-ցեղասպանություն թեման պարզապես վերջում ակնարկվեց, որ այդքան ակնհայտ չլինի Արցախի շեշտադրումը, ինչը լավ է։ Գոնե պետական մակարդակով ցեղասպանության ֆետիշիզացիայի նահանջ ենք գրանցում։

Արցախի մասով էլ կարող ենք նկատել, որ թեև գլոբալ առումով ոչ մի նոր բան չի ասվել ձևակերպումների ու մտքերի տեսանկյունից, բայց երկու շատ ուղիղ ու մեզ համար շատ կարևոր մեսիջ կա Սարգսյանի խոսքում։

1․ Ճանաչեք, չճանաչեք, մարդիկ այնտեղ ապրում են ու ապրելու են՝ օգտվելով աշխարհի բարիքներից ու սոցիալիզացիայի բոլոր մատչելի հնարավորություններից։

Ճիշտ է ասում, մեծ հաշվով, չճանաչվածությունը նշանակում է միայն, որ Արցախի Հանրապետությունը չի կարող, օրինակ, պետական վարկեր վերցնել, բայց մարդիկ կարողանում են թե՛ արտասահման գնալ, թե՛ տեղում բիզնես անել, թե՛ սովորել․․․ Մի խոսքով՝ ապրում են։ Կարող էր ավելի լավ էլ լինել, եթե ճանաչվեր Արցախը, բայց անգամ եթե չի ճանաչվում, էլի անտանելի չէ։

2․ Ոնց էլ կարգավորվի հիմնախնդիրը, ինչ վերջնական արդյունքի էլ գանք, այդ վերջնական արդյունքի պարագայում Արցախի ու այնտեղի մարդկանց կարգավիճակն այսօրվա կարգավիճակից ցածր չի լինելու։

Ասել կուզի՝ դե ֆակտո անկախ/Հայաստանի մաս լինելուց ցածր ոչ մի բանի համաձայն չենք լինելու։ Այսինքն՝ միջանկյալ կարգավիճակներ ու այլ լոլոներ կարող են քննարկվել հազար տարի, բայց ոչ մի միջանկյալ կարգավիճակ ու այլ լոլո չի բերելու նրան, որ Արցախը որևէ կարգավիճակով զիջվի Ադրբեջանին։

Ու սա բանակցային գործընթացի պատային իրավիճակի ամենաազնիվ նկարագիրն էր, որ եղել էր։ Ընկրկել պետք չէ, բայց ռազմահայրենասիրական պաթոսի հորձանուտներում էլ խեղդվել պետք չէ, որովհետև, ի թիվս այլ բաների, սա նշանակում է, որ բանակցային եզրեր գտնելու հնարավորությունն այս իրականության պայմաններում անսահման մոտ է 0-ի։ 

Կից նյութն՝ այստեղ։