«Չենք լռելու» իբր երիտասարդական, իբր նախաձեռնության մասին


17:48 , 11 ապրիլ, 2013

Հայկական համացանցը արդեն մոտ երկու տարի է պարբերաբար ալեկոծվում է կասկածելի ծագմամբ «Չենք լռելու» կոչվող «երիտասարդական նախաձեռնություն» կոչվող սադրիչների կողմից կազմակերպվող տեղեկատվական ուտկաների պատճառով:
Ես արդեն բավական երկար ժամանակ է հետևում եմ սրանց գործունեությանը ու քիչ թե շատ ավարտուն պատկերացում ունեմ իրենց կողմից կիրառվող մեթոդների և եղանակների մասին, ինչպես նաև իրենց գործունեության թիրախների մասին: Սկսենք սկզբից:
Չլռողների մասին մենք առաջին անգամ լսեցինք, երբ համալսարանի շրջակայքում տարբեր դասախոսների կաշառակերության մեջ մեղադրող թռուցիկներ էին փակցրել: Այս էտապում չլռող կլյաուզնիկները խնդիր ունեին ճանաչելիություն ու դրական վարկանիշ ձեռք բերելու, դրա համար էլ հաջորդ ակցիաներից մեկն էլ հեռուստաալիքներից մեկին պաթոսով ուղարկված 100 դրամն ու պահանջն էր հեռուստաեթերը մաքրել աղբից: Հետո սկսվեց արդեն բացահայտ ու անթաքույց կլյաուզաների ու սադրանքների շարքը, որոնք բացառապես երկու թիրախ ունեին՝ բանակ ու եկեղեցի․ կաթողիկոսի հրաժարականի պահանջ, իբր բռնաբարված զինվոր, բարձիթողի վիճակում գտնվող վանքեր, սպանություններ բանակում․․․
Ու ի՞նչն է հատկանշական․ սույները միշտ գործում են քարոզչության հեբբելսյան եղանակով․ մի՜ քիչ ճշմարտության դոզա պարունակող տեղեկատվությունը նենց խայտառակ ստերով են աղավաղում, որ մարդ ապշում ա, իսկ ինչպես Յոզեֆ Հեբբելսն էր ասում․ «Որքան ավելի մեծ է սուտը, այնքան ավելի շատ մարդ կհավատա դրան»: Կամ ուրիշ տարբերակ․ էլի վերցվում է ինչ-որ մի իրողություն, որ իրոք ճիշտ է, բայց տեղ է գտել անցյալում, և մատուցվում է որպես արդի իրականություն: Նշածս երկու մեթոդների ճչուն օրինակ բերեմ․
1. Անցած տարի բուռն քննարկումներ առաջացրեց խելագարված զինվորի պատմությունը, որն իբր խելագարվել էր այն բանից հետո, երբ համածառայակիցները փորձել էին բռնաբարել նրան: Որպես ծառայած կարող եմ ասել, որ բանակում տեղ են գտնում ոչ կանոնադրական հարաբերությունների բազմաթիվ օրինակներ, բայց սեռական բռնության դեպք, այն էլ խմբակային, չի կարող լինել, որովհետև դա «զապադլո» ա, ու նման բան անողին ավելի դաժան ճակատագիր կսպասվի, քան բռնության զոհ դարձածին: Ինչևիցե, չլռողները ակտիվորեն տարածում էին այս վարկածը, իսկ հենց պարզվեց, որ այդ տղան իրականում հոգեկան խնդիրներ ուներ դեռ մինչև ծառայությունը և ըստ երևույթին ժառանգել էր դրանք մորից, ով ևս հոգեկան հիվանդ էր, չլռողները մի անգամ ձայն չհանեցին (այն, որ զորակոչել էին հոգեկան հիվանդի, ինքնին դատապարտելի երևույթ է, և պատասխանատուները խիստ պատժի են արժանի, բայց զորակոչային խախտումն ո՜ւր, սեռական բռնություններն ո՜ւր)․․․
2. Խելագարված զինվորի պատմության աղմուկը նստելուն պես նոր տեսանյութ հայտնվեց, որտեղ տարբեր հայկական եկեղեցիներ էին, որոնք նորոգման կարիք ունեին, բայց շատ կարճ ժամանակ հետո պարզվեց, որ կադրերում մենք տեսնում ենք երկու տարի վաղեմության պատկերներ, ու ցուցադրվող եկեղեցիներից շատերը կամ արդեն վերանորոգվել էին, կամ էլ գտնվում էին ռեստավրացիայի մեջ: Չլռողներից էլի ոչ ձե՜ն, ոչ ձո՜ւն․․․

Անցնեմ առաջ ու ներկայացնեմ ևս մի առանձնահատկություն, որը բնորոշում է այս «շարժումը»․ համարյա տոտալ անոնիմություն: «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն ասվածը չունի կոնկրետ հասցե, չունի կոնկրետ դեմքեր (մի երկու հոգի կան, ովքեր կամ նախկինում են մաս կազմել այդ կլյաուզկանտոռային, կամ էլ հիմա էլ այնտեղ են, բայց հասկանալի չէ, թե ինչ դիրք են զբաղեցնում այնտեղ), իսկ հարցազրույցներն ու հետադարձ կապն առհասարակ իրականացվում է էլեկտրոնային փոստի միջոցով․․․ Համաձայնվեք, ազնիվ մարդկանց գործելաոճ չի, ու ինձ ոչ ոք չի ապացուցի, որ նրանց ինչ-որ վտանգ կարող է սպառնալ, որովհետև նույն բանակին ու եկեղեցուն ոչ պակաս մոլեռանդությամբ քլնգող ասենք Ծովինար Նազարյանի ու Սամվել Կարապետյանի գլխից մազ չի պակասել․․․

Սակայն ամենահետաքրքիր առանձնահատկությունը, որ միայն վերջերս եմ նկատել, կայանում է նրանում, որ ամեն անգամ ինչ-որ հերթական սկանդալը բարձրացնելուց հետո ու նորից չքվելուց առաջ չլռողները ակնհայտորեն պատվիրված ինչ-որ հոդված կամ հոդվածների շարք են հրապարակում կոնկրետ պաշտոնյաների կամ բարձրաստիճան հոգևոր այրերի մասին (ավելի հաճախ բանակի բարձրաստիճան զինվորականության ներկայացուցիչների մասին), ասես նրանց վերջնական նպատակը հենց նրանում լինի, որ ամեն անգամ իրենց վրա ուշադրությունը սևեռելով հնարավորինս շատ մարդու հրամցնեն հերթական կիսակլայուզնիկական տեղեկատվական արտահոսքը:

Էս հարցի բնութագրական կողմը: Հիմա ինձ համար կարևորություն ներկայացնող հարցադրումներին անցնեմ: Եթե չեմ սխալվում, մենք ունենք օրենքներ, որտեղ կոնկրետ պատիժ է սահմանվում մարդկանց վերաբերյալ սուտ վկայություններ տալու և հանցագործությունների կեղծ հաղորդագրություններ անելու համար (իսկ ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունները ներառվում են պաշտոնական հաղորդագրության կատեգորիայի տակ), ունենք օրենք, որով արգելվում է մարդուն կրոնական հալածանքների ենթարկել և վերջապես ունենք օրենք՝ պետական դավաճանության մասին:

Այն, ինչ անում է «Չենք լռելուն», 100 տոկոսով մտնում է կեղծ հաղորդագրություն ասվածի մեջ (նրանց տարածած հանցագործությունների մասին հաղորդագրություններից և ոչ մեկը չի հաստատվել), վիրավորում է իմ՝ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդիս կրոնական զգացումները և ոչ միայն իմ, ինչպես նաև անմիջական վտանգ է իրենից ներկայացնում ազգային անվտանգությանը, որովհետև խաթարում է վստահությունը պետության երկու կարևորագույն ինստիտուտների նկատմամբ՝ բանակի ու եկեղեցու՝ ստեղծելով անվստահության, վախի և հակակրանքի մթնոլորտ այս կառույցների շուրջ:
Հիմա հարց՝ ինչո՞ւ նշված դրույթներից և ոչ մեկով ոչ մի վարույթ չի իրականացվում իրավապահների կողմից: Եթե չկա հաղորդագրություն, ապա դիտարկեք գրածս որպես այդպիսին, պատրաստ եմ նույնը կրկնել ցուցմունքի տեսքով, ինչպես նաև օգնել «Չնեք լռելու»-ի հետևում կանգնած անհատների բացահայտման հարցում:
Ինչքա՞ն կարելի է արդեն հանցավոր անուշադրության մատնել բանսարկության ու մարդկային սրիկայության այնպիսի դրսևորումներ, որոնք, ըստ իս, ոչ միայն խաթարում են հանրության հոգեկանը, այլև անմիջական վտանգ են ներկայացնում ազգային անվտանգությանը: