16:59 , 11 ապրիլ, 2013
Անցած նախագահական «ընտրությունները» մեր հանրությանը մի կարևորագույն ծառայություն մատուցեցին` դրանք ի հայտ բերեցին, թե ինչ թիվ են կազմում իրականում Դաշնակցության ու Հայ ազգային կոնգրեսի ընտրողները: Ճիշտ է, խոսքը գնում է նրանց կողմնակիցների ընդհանուր թվի մասին, այսինքն` կարելի է ասել, որ այդ երկու ընդգծված ու սկզբունքորեն ընդդիմադիր քաղաքական ուժերը անցյալ նախագահական «ընտրություններում» միասնաբար հավաքել են առավելագույնը մոտ 51.000 քվե, սակայն անհնար է տարբերակել, թե այդ ընդհանուր թվաքանակից որ մասն են կազմում Դաշնակցության և որ մասը` ՀԱԿ-ի կողմնակիցները: Բանն այն է, որ հենց այս երկու քաղաքական ուժերի ներկայացուցիչներն էին կոչ արել իրենց կողմնակիցներին մասնակցել քվեարկությանն ու փչացնելով անվավեր դարձնել իրենց քվեաթերթիկները: Բնականաբար, քանի որ անվավեր քվեաթերթիկների փչացման եղանակից միշտ չէ, որ պարզ է, թե փչացնողը փչացնելու պահին ինչ քաղաքական ուժի անդամ կամ համակիր է, կարելի է միայն պնդել, որ այդ մոտ 51.000 անվավեր քվեաթերթիկները գոյացել են հենց Դաշնակցության ու ՀԱԿ-ի հետևորդների միասնական ջանքերով: Սա կարևոր է հիշել Երևանի ավագանու և քաղաքապետի «ընտրությունների» նախօրեին, քանի որ փետրվարի տասնութին համատեղ ջանքերով մոտ 51.000 քվե (սա փետրվարի տասնութի քվեարկությանը մասնակցածների ընդհանուր թվի չորս տոկոսից էլ պակաս ցուցանիշ է) հավաքած այս երկու ուժերի՝ ավագանու կազմում հայտնվելը խիստ կասկածներ կարող է առաջացնել՝ դառնալով մայիսի հինգին կայանալիք երևանյան «ընտրությունների» աղաղակող կեղծման վկայությունը: Իհարկե, սա մտահոգիչ իրողություն է, բայց, թերևս, կարելի է ելքը գտնել` շատ բան գուցե իր տեղը կընկնի, եթե հնարավոր լինի պարզել, թե ինչ համամասնությամբ են ներկայացված այդ մոտ չորս տոկոսի ընդհանուր համակիրների մեջ կոնկրետ Դաշնակցության ու ՀԱԿ-ի հետևորդները: Քանի որ Հայաստանում «ընտրությունների» իրական ու պաշտոնական արդյունքներն, իմ համոզմամբ, միմյանց հետ կապ չունեն և մասնակիցներից յուրաքանչյուրին այնքան ձայն է վերագրվում, որքան որ որոշում է որոշողը, ապա այս երկու քաղաքական ուժերի մասով առաջացած այս փոքրիկ անորոշությունը կարելի է պարզել, եթե այս անգամ ևս նրանք հետևեն միևնույն մարտավարությանը` միայն մեկ աննշան, սակայն խիստ որոշիչ տարբերությամբ` հիմա էլ անդամներին, համակիրներին ու հետևորդներին պետք է կոչ արվի քվեարկել ոչ թե սեփական կուսակցության օգտին, այլ փչացնելով անվավեր դարձնել քվեաթերթիկները (սա անհրաժեշտ է փետրվարի տասնութի համեմատ պայմանների արդարացի նույնականությունն ապահովելու համար), սակայն այս անգամ այս քաղաքական ուժերը պետք է ուղղորդեն սեփական համակիրներին` ասեն, թե հատկապես ինչ տարբերանշան պետք է օգտագործեն վերջիններս քվեաթերթիկը փչացնելիս, որպեսզի պարզ լինի` դա ՀԱԿ-ի՞, թե՞ Դաշնակցության կողմնակից է արել: ՀԱԿ-ի համակիրներն, օրինակ, կարող են թարս աճող խիար պատկերել, իսկ Դաշնակցության հետևորդներին կարելի է առաջարկել, որ պատկերեն Դաշնակցության այն «իրական դեմքը», որն, ինչպես խոստացվել է, կուսակցությունն այս անգամ պատրաստվում է ներկայացնել երևանյան հանրությանը: ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ կողմնակիցները կարող են իրենց քվեաթերթիկներում առհասարակ նշումներ չանեն, որպեսզի անտեղի տեղը չծանրաբեռնեն ընտրական հանձնաժողովների աշխատանքը` այս կուսակցությունները կզբաղեցնեն համապատասխանաբար առաջին, երկրորդ ու չորրորդ տեղերը: Վերոգրյալը Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող լրջագույն «կատակ» է: