Ջավախքում վերաօծվեց Դադեշի Սուրբ Աստվածածին եկեղեցին


18:17 , 18 սեպտեմբեր, 2017

Armtimes.com-ը գրում է.

2017 թվականի սեպտեմբերին 16-ին իսկական տոն էր ալպիական հարուստ բուսականություն եւ լեռնային առողջարար կլիմա ունեցող Ախալքալաքի Դադեշ գյուղում: Գյուղի բնակիչները՝ մեծից փոքր, գյուղից մեկնած զավակներն իրենց ընտանիքներով, ընկեր-բարեկամներով ժամանել էին մասնակցելու իր առաջին օծումից տասնամյակներ անց հիմնովին վերակառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությանը:

Եկեղեցու վերաօծման արարողությունները սկսվել էին դեռեւս նախորդ օրվանից, երբ գյուղի երիտասարդությունը ի նշան երախտագիտության ծնունդով դադեշցի, այժմ ռուսաստանաբնակ Թումասյան ընտանիքին եւ Ռուսաստանի Դաշնությունից նրանց զորակցող հարազատներին եւ ընկերներին՝ իրենց համագյուղացու պատվին կազմակերպեցին ընդունելություն, մատուցեցին մատաղ, ներդաշնակված գեղեցիկ հանդիսությամբ: Դա համայնքի երիտասարդության խոնարհումն էր կատարված Աստվածահաճո գործի, եկեղեցու բակում Ցեղասպանության զոհերի հիշատակին խաչքար կանգնեցնելու եւ գյուղի բնակչությանը Աստծով ապրելու, աղոթքով գործելու, Ամենազորի օրհնությամբ ամուսնություն կնքելու, Սուրբ մյուռոնով մկրտվելու հնարավորություն ընձեռելու համար:

Եկեղեցու վերաօծումը կատարվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ եւ Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի մասնակցությամբ: Դռնբացեքի արարողությունից հետո Սրբասուրբ մյուռոնով օծվեցին Սուրբ Սեղանը, Մկրտության ավազանը եւ 16 սյուները:

Եկեղեցական հանդիսավոր արարողությունը իրենց ներկայությամբ պատվել էին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը, Սամվել Մանուկյանը եւ Դավիթ Ճիճինաձեն, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ՀՀ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Մուշեղ Լալայանը: Ներկա էին նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հյուրեր Վրաստանից, Հայաստանի, Ուկրաինայից, Ռուսաստանի Դաշնությունից:

Վերաօծման արարողությանը մասնակցում էին եկեղեցու վերակառուցման, շինարարական եւ տարածքի բարեկարգման աշխատանքների կազմակերպիչներ Ալբերտ Մարանջյանը, Ռաֆիկ Սրմիկյանը, Կարեն Գրիգորյանը եւ Էդգար Կուրղինյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։