14:00 , 18 սեպտեմբեր, 2017Panorama.am-ը գրում է.
Ադրբեջանական քարոզչությունը Հայաստանի և Արցախի հասարակությունների վրա տարբեր տարբեր ձևերով է ներգործում: Այս մասին այսօր «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովում «Հակահայկական քարոզչությունը տեղեկատվական անվտանգության թիրախում» նիստում հայտարարեց
Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Նա իր «Հակահայկական քարոզչության ազդեցությունը Արցախի հանրության վրա.ինչպե՞ս հակազդել» թեմայով զեկույցում անդրադառնալով հակահայկական քարոզչությանը ազդեցությանը արցախյան հասարակության վրա, նշեց, որ եթե որոշակի դեպքերում նույնիսկ հայաստանյան լրատվական դաշտն է դրան արձագանքում, քննարկումների դաշտ ստեղծելով նաև սոցիալական ցանցերում, ապա շատ դեպքերում Արցախում դրանք նույնիսկ կենցաղային խոսակցության առարկա չեն դառնում:
«Պատահական չէ, որ արցախյան տարբեր գերատեսչություններ որոշակի դեպքերում արձագանքում են Արցախի վերաբերյալ ապատեղեկատվություն պարունակող հրապարակումներ միայն այն պատճառով, որ դրանք իրենց մեջ ռիսկեր են պարունակում տեղեկատվական սպառնալիք ստեղծել ոչ թե Արցախում, այլ Հայաստանում»,- ընդգծեց Արցախի նախագահի խորհրդականը:
Նրա խոսքերով՝ ապրիլյան մարտական գործողություններից հետո Ադրբեջանը ավանդական քարոզչական գործիքներից բացի բավականին ակտիվ է առաջնագծում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածմամբ: Հատկապես, ըստ Տիգրան Աբրահամյանի, վերջին 7-8 ամիսների ընթացքում Ադրբեջանը բավականին մեծ քանակությամբ տեսանյութեր է դրել շրջանառության մեջ, որոնք իբրև թե ապացույցներ է պարունակում առաջնագծի այս կամ այն ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացրած հաջողակ, «հակահարվածների» վերաբերյալ:
«Վերջին ամիսներին տարածվող տեսանյութերի առանցքը՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված տեսանկարահանումներն են շփման գծի մի շարք ուղղություններով, որոնց կադրերն օգտագործելով Ադրբեջանը մարդկային ուժի, զինտեխնիկայի, կրակակետերի խոցման մասին մոնտաժային նյութեր է ստանում: Իմ մեկնաբանություններով, ես որպես կանոն, ադրբեջանական քարոզչության այս դրսևորումների մասին խոսելիս «մոնտաժային պատերազմ» եզրույթն եմ օգտագործում, որովհետև տեղեկատվական հարթակում առավելության հասնելու ճանապարհին Ադրբեջանը նաև այս ուղղությամբ է համառ ջանքեր գործադրում»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ