09:40 , 18 սեպտեմբեր, 2017Հակամարտությունը՝ կապված Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումների հետ, կարող է կարգավորվել միայն Փխենյանի հետ ուղիղ բանակցությունների միջոցով, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը։
«Դա հնարավոր է միայն Հյուսիսային Կորեայի հետ ուղիղ բանակցությունների միջոցով։ Դրա համար երեք տերությունները՝ ԱՄՆ-ը, Չինաստանն ու Ռուսաստանը, պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ»,-Գաբրիելի խոսքերն է մեջբերում TASS գործակալությունը։
Նախարարի խոսքով՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդին պետք է ասել, որ գոյություն ունեն անվտանգության այլ երաշխիքներ, ատոմային ռումբի առկայությունից բացի։
Գերմանացի նախարարը նաև ենթադրություն է արտահայտել, որ ՄԱԿ ԱԽ-ի կողմից սահմանված պատժամիջոցները ժամանակի ընթացքում զսպող էֆեկտ կունենան Փխենյանի վրա։
«Ժամանակ կպահանջվի մինչև պատժամիջոցները գործեն։ Դա մենք տեսել ենք Իրանի օրինակով»,-ընդգծել է Գաբրիելը։