«Ես ընտրել եմ երջանիկ լինելը».Արմենուհի Հովհաննիսյան


14:44 , 11 ապրիլ, 2013

«Սահադռան մեջ հայտնվեց մայրս: Նա անուշիկ ժպտաց պապիս և հարցրեց` արդյոք լուր կա՞ Րաֆֆուց ու Մամա Վարդից: «Ոչ մի լուր»,-ասաց պապս, և մայրս` մշտապես կանոնապահ հարսը, թաքցրեց իր հոգու տագնապը: Նա հետ դարձավ միջանցքով և սկսեց կարգի բերել պրոֆեսորի կացարանը»: Սա հատված է Կարին Հովհաննիսյանի «Գերդաստան ստվերաց» գրքից, որը նոր եմ նվեր ստացել Արմինե Հովհաննիսյանից ու դեռ չեմ հասցրել մինչև վերջ կարդալ (շատ պատկերավոր ու հաստատուն գրիչ ունի Կարինը):

Մոր ներքին տագնապն ու արտաքին անուշիկ ժպիտը նկարագրող տողերը շատ դիպուկ են, որովհետև հենց այդպիսին ես տեսա Արմենուհի Հովհաննիսյանին` գեղեցիկ, երիտասարդ, խելացի, քնքուշ, ուրախ:

«Ես ընտրել եմ երջանիկ լինելը»,-վարդագույն, փայլուն շրթներկը շուրթերին, հոլիվուդյան ժպիտով ժպտում է Արմենուհին` թաքցնելով հոգու խորքում տագնապ ու մտահոգություն ամուսնու` Րաֆֆի Հովհաննիսյանի մասին:

Արմենուհին պատմում է, որ իրեն հարցրել են, թե արդյոք մեղավոր չի՞ զգում հաց ուտելիս, ինքն էլ ծիծաղել է. «Իմ տեղն էլ եմ ուտում, իրենն էլ: Ես գիտեմ, թե որքան ուժեղ է Րաֆֆին և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես»:

Հովհաննիսյաների երկհարկանի առանձնատանը տեղ գտած յուրաքանչյուր իր պատմություն է պարփակում իր մեջ. միշտ զբաղված, բայց և միշտ կայտառ տանտիրուհին երբեք չի զլանում յուրաքանչյուր փոքրիկ իրի պատմությունը պատմել. «Այս մեկը Րաֆֆու տատիկի ասեղնագործությունն է, սա «Օրրան»-ի սաներն են գործել, սա հազարամյա կարաս է, սա որդուս` Կարինի գրքի ամփոփումն է կտավին` նկարիչ Արթուր Սարգսյան»: Եվ այդպես շարունակ հետաքրքիր պատմական իրերի օղակը շարունակվում է, պտտվելով նույնիսկ իր մատին. տարիներ առաջ նույն ամուսնական մատանիով են իրար հավերժ սիրո խոստում տվել Ռիչարդ և Վարդիթեր Հովհաննիսյանները:

Թողնելով Միացյալ Նահանգներում աշխատանք, ծաղկուն կարիերա, Ամերիկյան երազանք՝ Հովհաննիսյանները 1989 թ. տեղափոխվել են Հայաստան՝ մշտական բնակության: Նրանք ունեին իրենց երազանքը, որն ամերիկյան չէր ամենևին: Երկրաշարժին հաջորդող տարիները դժվարին էին, սակայն զույգը երջանիկ էր կիսել իր ժողովրդի դժվարությունն ու անկախ հայրենիքի կերտման մասնիկը լինել:


Տարիներ անց արդեն անկախ Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահական ընտրություններին մասնակցեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Այսօր 5 զավակ ունեցող զույգի երազանքն այլ է` տեսնել արդար, օրինապահ, ծաղկուն հայրենիք: Րաֆֆի Հովհաննիսյանին իրենց քվեն տվող բազմահազար մարդիկ հիանում են հայ ընտանիքի նման մոդելով` համերաշխություն, սեր, հայրենասիրություն, հարգանք` ահա այն, ինչ տեսանելի է, երբ կողքից հետևում ես նրանց: Արմենուհի Հովհաննիսյանը սիրով համաձայնեց պատմել Emporium.am-ի ընթերցողին իր ընտանիքի մասին:


-Ինչպե՞ ս եք դաստիարակում երեխաներին:


-Դաստիարակությունը քո օրինակն է, թե որպես ծնող ինչպես ես դու ապրում և ինչ օրինակ ես ծառայում, երբ ծնողը փորձում է դաստիարակել միայն խոսքով, ոչ նաև պահվածքով, ես կարծում եմ՝ դա չի հաջողվում: Հաջողակ է այն ծնողն, ով իր ապրած կյանքով օրինակ է ծառայում:


- Դժվար չէ՞ ր հինգ փոքրիկների մայր լինել:

-Յուրաքանչյուր մայր քանի անքուն գիշերներ է անցկացնում, մինչև իր փոքրիկը մեծանում, մարդ է դառնում: Դրանք դառնություններ են, բայց նաև յուրաքանչյուր մոր համար անուշ են ու հիշարժան, որովհետև այդ դժվարությունների միջով անցնելիս է ամրապնդվում կապը ծնողի և երեխայի միջև: Շատ հաճելի զգացմունք է, երբ արդեն ոչ թե դու ես սկսում հոգ տանել երեխաներիդ, այլ նրանք քեզ: Երբ փողոց ես անցնում, նրա ձեռքը բռնում ես ոչ թե նրա համար, որ նրան հեռու պահես մեքենայի հարվածից, այլ ինքն է հետևում, որ դու ապահով անցնես փողոցը: Ծնողի համար դա ամենամեծ հաճույքն է:

 

-Կպատմե՞ ք Ձեր երեխաների մասին:

-Կարինը 27 տարեկան է, մեր ավագ որդին է, կրում է մեր Էրզրումի անունը: Կարինը լավագույնս մարմնավորում է լավ մարդու և, մասնավորապես, հայ մտավորականի կերպարը: Իր առաջին գիրքը գրել է 16 տարեկանում, իսկ ամենալուրջ աշխատանքը կատարեց երկու տարի առաջ, երբ հրատարակեց «Գերդաստան ստվերաց» գիրքը, որի բնօրինակը գրեց անգլերեն, իսկ հմուտ թարգմանիչ Սամվել Մկրտչյանն այն թարգմանեց հայերեն:


Շատ ուրախ եմ, որ վերջերս էլ Թուրքիայում թուրք մտավորականների կողմից գիրքը թարգմանվեց թուրքերենով: Ինչու՞ եմ հատուկ շեշտում թուրքերենը, քանի որ գիրքը նվիրված է Հովհաննիսյանների երեք սերունդների պատմությանը, և առաջին սերունդը` Րաֆֆու մեծ հայրիկը՝ Գասպար Հովհաննիսյանը, ջարդից ազատվեց: Գրքի մեկ երրորդը նվիրված է նրա կյանքին և ջարդի պատմությանը: Իսկ որ գիրքը թարգմանվել և վաճառվում է թուրքական խանութներում, կարելի է համարել նվաճում: Իր հոր ամենամեծ զինակիցն ու հետնորդը Կարինն է:


Տարոնը մեր երկրորդ տղան է, նա շատ նուրբ բնավորություն ունի, շատ ճկուն միտք և բարի սիրտ ունի և մեծ ջահակիր է արդարության: Կարծում եմ, որ ճիշտ մասնագիտական ընտրություն է կատարել` իրավաբանություն է ուսանում:
Վանը մեր ըմբոստ տղան է, երաժիշտ է: Իր աշխարհը շատ տարբեր է, չի սիրում ենթարկվել օրենքների, բայց ոչ թե օրինական օրենքներին, այլ հասարակության օրենքներին: Ես նրան իմ «հայաստանցի տղան» եմ կոչում, քանի որ «թասիբի» արժեքներն իր մոտ շատ ուժեղ են դրված:


Շուշին մեր միակ աղջիկն է և, մեծանալով տղաների մեջ, նա շատ ուժեղ անհատականություն է: Շատ պարզ աղջիկ է, պարզ, բայց շատ խորունկ:


Արմենը մեր փոքրիկ տղան է: Նա ամբողջովին այլ ուղի է ընտրել իր համար, արդեն պրոֆեսիոնալ մարզիկ է, ֆուտբոլիստ է, խաղում է «Բանանց»-ում, և մեզ համար շատ տարօրինակ է, քանի որ մեր ընտանիքի երկու կողմն էլ մտավորականներ են և երբեք սպորտսմեն չենք ունեցել մեր գերդաստանի մեջ (ծիծաղում է), չնայած Րաֆֆին դպրոցական տարիներին խաղացել է ամերիկյան ֆուտբոլ:

 

-Ինչպե՞ս է գրավել Ձեր սիրտը Րաֆֆի Հովհաննիսյանը:


-Երկրորդ սերունդ ծնված ամերիկահայ էր, ով, ի զարմանս ինձ, շատ մաքուր հայերեն էր խոսում, այլ ոչ թե ուղղակի ծանոթ էր հայկական մշակույթին, նաև ռուսականին էր ծանոթ, քանի որ մի օր ինձ տուն ճանապարհելիս ամբողջ ճանապարհին Չեբուրաշկայի երգը երգեց ռուսերենով: Իմ հարյուրավոր հայ ընկերներից ոչ մեկի մեջ ես չէի տեսել այդքան հայություն, բայց միևնույն ժամանակ շատ հագիստ էր և ամերիկյան մշակույթի մեջ: Մեր մտերմությունից արդեն մի քանի օր անց գիտեինք, որ մեր ապագան միասին պիտի կերտեինք: Մենք այն ժամանակ՝ 1984թ.-ին, խոսում էինք, որ մի օր Հայաստանը անկախ պետք է լինի, և մենք պիտ գնանք Հայաստան: Այդ բոլորն այն ժամանակ երկու երիտասարդների համար շատ երազկոտ էր, բայց միևնույն ժամանակ ծիծաղելի: Որովհետև սովետական ռեժիմը շատ պինդ էր, և ոչ մի խոսք չկար Հայաստանի անկախության մասին: 
Դեռ անկախացումից առաջ՝ հենց երկրաշարժի հաջորդ օրը, Րաֆֆին Հայաստանում էր, և մենք էլ տեղափոխվեցինք 1989 թ.՝ դեռ սովետական տարիներին: Կարծես թե մեր երազն ավելի մոտ էր իրականությանը, և 91-ին, երբ Հայաստանն անկախացավ, արդեն խոսք չկար, որ մենք մեր երեխաների հետ պետք է այստեղ ապրեինք:

 

-Ի՞նչ դժվարությունների բախվեցիք այստեղ:


-Կարինը 4 տարեկան էր, մենք ապրում էինք Ազիզբեկովի հրապարակում, գնում էինք, մասնակցում ցույցերի մեր համաքաղաքացիների հետ և այդ պատմական օրերն ապրում էինք հենց Հայաստանում: Հիշում եմ, որ այդ տարիներին կամաց-կամաց սկսվեց գազը, լույսն անջատվել: Մեզ համար, որ ապրել էինք Միացյալ Նահանգների հանգիստ և հարուստ պայմաններում, մի քիչ տարօրինակ էր այս ամենը, բայց նաև որ երիտասարդ էինք, ռոմանտիկ և որ մեր ցանկությամբ էինք այստեղ եկել, այդ դժարությունները սիրով էինք տանում, որովհետև հասկանում էինք պահի կարևորությունը, հասկանում էինք, թե այդ զրկանքներն ինչու է ժողովուրդը տանում և հավասար կրում էինք դրանք ժողովրդի հետ: Նույնիսկ այն վատ տարիներին՝ 92-94թթ., երբ վիճակը շատ վատացավ, ցուրտ ձմեռներն էին, և լույս չկար, եթե մեր հարևաններն այդ ժամանակ իրավունք ունեին մարտկոցներ ունենալ, որպեսզի մի փոքր լույս ունենային, իրենց կարող էին թույլ տալ «ձախ գծից» լույս բերել տուն, մենք այդ իրավունքները մեզ չէինք վերապահում: Այդ դժվար տարիներին մեր փոքրիկ երեխաների հետ ապրում էինք 10-րդ հարկում, առանց վերելակի բարձրանում, իջնում էինք: Բայց ուզում եմ ընդգծել, որ չէինք բողոքում, չէինք մեկնում Հայասատանից, որովհետև ընտրությունը մերն էր:

 

-Ո՞րն է ձեր օրինակելի ընտանիքի հաջողության գաղտնիքը:


-Հաջողությունը սկսվել է հենց իմ ու Րաֆֆու միասնությամբ, որը խարսխված է ոչ միայն սիրո, այլ նաև հարգանքի վրա, մեր ամուսնության մեջ սերն ու հարգանքը հավասար են, մենք երբեք չենք փորձել փոխել միմյանց, ընդունել ենք միմյանց ինչպես որ կանք, սիրել ենք մեր բացթողումներով և ուժեղ կողմերով: Լինում են նաև անհամաձայնություններ, որոնց պահը ես շատ եմ սիրում և կարող եմ բարձրաձայնել, շատ զգացմունքային ճառեր արտասանել, որ համամիտ չեմ Րաֆֆու հետ, բայց կարևորը, որ սերը և հարգանքը կա, մնացածը ներվում է և մոռացվում:


Փորձել ենք լինել մեր երեխաներին ընկեր, որպեսզի նրանք իրենց դժվարությունները չթաքցնեն մեզնից, մեր օրինակով դաստիարակել նրանց: Ամեն ինչ դրսից միշտ ավելի հեշտ է թվում, բայց երեխաները կրել են զրկանքներ, շատ ժամանակ հեռու ենք եղել նրանցից, շատ կարևոր առիթներ ենք բաց թողել, բայց երեխաները հասկացել են, որ մենք մի ընտանիք ենք, նաև պետք է ինչ-որ զրկանքների գնանք:


-Երբ Ձեր ամուսինը դուրս գա հացադուլից, ի՞նչ եք պատրաստելու նրա համար:


-Չնայած արդեն քանի օր է Րաֆֆին չի սնվում, բայց այնքան հարուստ է նրա ներաշխարհը, հոգին: Ժողովրդի սիրով է հիմա պարուրված, և իսկապես ստանում է այդ հոգևոր սնունդը: Կարծում եմ, որ իմ դերը պետք է լինի իր հետ հավասար այս դժվարությունները տանելը, և ինչքան կարող եմ ժողովրդի սերն ավելացնել իմ անձնական սիրով:


Արփի Մաղաքյան

Հովհաննիսյանների առանձնատան շեմը

Ասեղնագործված են ընտանիքի անդամների անունները:

 

Այս գործիքի վրա նվագում է Շուշի Հովհաննիսյանը:

 

Արմենուհի Հովհաննիսյանը հայ ավանդական ոճով կահավորված սենյակում:

 Լուսանկարները՝ Emporium-ի լուսանկարիչ Տիգրան Մանուկյանի: