Պենտագոնը չի մեկնաբանել իրանական ոչ միջուկային ռումբի մասին տեղեկությունը


21:51 , 16 սեպտեմբեր, 2017

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել տեղեկությունը, որ Իրանը գերհզոր ոչ միջուկային ռումբ է ստեղծել: Պենտագոնի ներկայացուցիչը լրագրողի հարցը վերահասցեավորել է Իրանի կառավարությանը:

«Առաջարկում եմ մեկնաբանության և նրանց հայտարարության իսկությունը հաստատելու համար Իրանի կառավարությանը դիմել»,- ասել է պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը:

Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ռազմատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն IRIB հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ Իրանը սեփական արտադրության 10-տոննայանոց ոչ միջուկային ռումբ ունի, որն իր հզորությամբ գերազանցում է ամերիկյան «բոլոր ռումբերի մորը»:

«Եթե ԱՄՆ-ը «բոլոր ռումբերի մայր» ունի, ապա Իրանը «ռումբերի հայր» ունի»,- ասել է նա: