Ադրբեջանը՝ որպես գազ մատակարարող երկիր, կորցնում է իր հետաքրքրությունը իսրայելական կողմի համար


12:20 , 16 սեպտեմբեր, 2017
Իսրայել Ալեքսանդր Լապշինի արտահանձնման վերաբերյալ որոշումից հետո բլոգերի հնչեցրած հայտարարությունները` բանտում իր ինքնասպանության փորձի ապատեղեկատվության, իրեն սպանելու բազում սպառնալիքների և Ադրբեջանում տիրող հայատյացության մթնոլորտի վերաբերյալ, մասամբ հանդիսանում են Իսրայել-Ադրբեջան հարաբերություններում վերջին մի քանի ամիսներին արձանագրված որոշ անհամաձայնությունների շարունակությունը։ Մասնավորաբար՝ խոսքը վերաբերում է իսրայելական տեղեկատվական դաշտում Ալիևների ընտանեկան հարցերի շուրջ լրատվության տարածմանը, Իսրայելի կողմից Ադրբեջանին Orbitier տեսակի ԱԹՍ-երի վաճառքի ժամանակավորապես դադարեցմանը և այլն։ 
Այս ամենի համատեքստում Լապշինի` ադրբեջանական լսարանի համար ոչ հաճելի հայտարարությունների առնչությամբ Բաքվի լռությունը, որը պայմանավորված է իսրայելական կողմի հետ գործակցությունը փչացնելու Ալիևի մտավախությամբ, ևս խոսում է Իսրայելի հարաբերություններում նկատելի անհամաձայնությունների մասին։ 
Այդ անհամաձայնություններն ունեն նաև տնտեսական-էներգետիկ ուղղվածություն, այն է` վերջին տարիներին Ադրբեջանը՝ որպես գազ մատակարարող երկիր, կորցնում է իր հետաքրքրությունը իսրայելական կողմի համար` Միջերկրական ծովի իսրայելական շելֆում բնական գազի խոշոր պաշարներ հայտնաբերելուց հետո, 
ուստի Ադրբեջանը Թել-Ավիվին նախևառաջ հետաքրքիր է որպես սպառազինությունների մատակարարման շուկա։ Սակայն չի բացառվում, որ տարբեր հանգամանքների բերումով այս իրավիճակն էլ փոխվի։