ԱՄՀ ներկայացուցիչների հետ քննարկվել են ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցեր


20:13 , 15 սեպտեմբեր, 2017

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ընդունել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի առաքելության ղեկավար Հոսսեին Սամիեիի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են Իրան-Հայաստան, Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրագծերի, «Երևանի ՋԷԿ»-ի երկրորդ էներգաբլոկի և «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագրերի ընթացքը, դրանց ֆինանսավորման աղբյուրների հետ կապված հարցերը։

Նախարարության տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժնի հաղորդմամբ, հյուրերի խնդրանքով նախարարը ներկայացրել է Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատակացման ուղղությամբ իրականացվող քայլերը և ժամանակացույցը, ինչպես նաև անդրադարձել Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրի ընթացքին, առաջիկա անելիքներին։

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ՀՀ արտաքին պարտքի կառավարմանը վերաբերող հարցերը և էներգետիկ ոլորտի զարգացմանն ուղղվող վարկային միջոցների ազդեցությունը արտաքին պարտքի ծավալների վրա։