12:34 , 11 ապրիլ, 2013![]() |
| Քաղաքական մեկնաբան |
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն, անդրադառնալով ապրիլի 9-ի իրադարձություններին, նշել է. «Մենք տեսանք ՀՀ քաղաքացու նկատմամբ վերաբերմունքը, տեսանք, թե ինչ է նշանակում «Ապահով Հայաստան» կարգախոսը. մարդուն հարվածում էին միայն այն բանի համար, որ մարդն ուզում էր իրացնել իր՝ խաղաղ երթ անցկացնելու իրավունքը»:
Զերծ մնալով քննադատական խոսք հնչեցնելու պատգամավորի հայտարարությանը, այնուամենայնիվ, պետք է փաստել, որ մեզանում «ապահով» լինելու հանգամանքը տարբեր կերպ է ընկալվում: Մեկի համար «ապահով» լինելը ենթադրում է արտաքին սահմանների պաշտպանվածություն, մյուսի համար սեփական իրավունքների իրացում, երրորդի համար՝ երկուսը միասին: Միգուցե արժե՞ր հենց սկզբից առավել մատչելի ձևով սահմանել, թե ինչ է նշանակում «ապահով», ու ինչ է ենթադրում «Ապահով Հայաստանի» կառուցումը:
Ինչևէ, «Մարդուն հարվածում էին միայն այն բանի համար, որ մարդն ուզում էր իրացնել իր՝ խաղաղ երթ անցկացնելու իրավունքը» նախադասությունը ոչ միայն վտանգավոր ձևակերպում է, այլև իրավունքն ու օրենքը յուրովի մեկնաբանելու փորձ: Քանզի, նման պատասխանատու հայտարարություն անելուց առաջ, պետք չէ նման նուրբ հարցերին միակողմանի մոտենալ: Օրինակ՝ եթե ես որոշեմ ազատ տեղաշարժի իմ իրավունքն իրացնել փողոցի մեջտեղով քայլելով կամ երթևեկությանը խանգարելով, արդյո՞ք ոստիկանության զգուշացումները կամ պարզաբանումների պահանջը կդիտվի իմ անձի դեմ ուղղված գործողություն:
Հասկանալի է, որ առջևում ևս մեկ ընտրություն կա, և քաղաքական ուժերը փորձում են ամեն գնով շահել ընտրողների համակրանքը, սակայն ամեն ինչ պետք է անել հիմնավորված և առանց զգացմունքային ուղղորդումների: