Ինչ-ինչ, բայց գյուղատնտեսությունն այսքանից այն կողմ սուբսիդավորել պետք չէ


15:26 , 13 սեպտեմբեր, 2017

Ես, այսօրվա ԱԺ-ի նիստը նայելով, հասկացա, որ պատգամավոր դառնալու շանսերս մոտ են 0-ի, մանավանդ, եթե դրա համար պետք է պոպուլիզմ ու հատկապես՝ գյուղացու անունը շահարկող։ Այ, օրինակ՝ այսօրվա ԱԺ քննարկումներում Ծառուկյան դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը շատ էմոցիոնալ կերպով բարձրացնում է գյուղացիների սուբսիդավորման հարցը ու ԿԲ-ի ներկայացուցիչ Երիցյանին հարցնում, թե ոնց է լինելու։

Բեխաբար մարդը կմտածի, որ մի աղետալի վիճակում է գյուղատնտեսությունը, գյուղացիներին էլ տոկոսներով անդազահան են անում, ու եթե սուբսիդավորում չլինի, կորած ենք։ Այ, ինչ-ինչ, բայց գյուղատնտեսությունը այսքանից այն կողմ սուբսիդավորել պետք չէ, իսկ եթե ինչ-որ բան էլ պետք է, ապա ստեղծել որևէ մեխանիզմ, որով հնարավոր կլինի ՍՏԻՊԵԼ գյուղացուն, որպեսզի վերցված վարկը նպատակային օգտագործի։

Կոնկրետ օրինակներով խոսեմ։ Արդեն իսկ գործող սուբսիդավորման համակարգի պարագայում գյուղատնտեսական հումքի մթերումների/գնումների նպատակով արված մինչև 150 միլիոն դրամ վարկի տոկոսադրույքը կազմում է 12%, որից պետությունը սուբսիդավորում է 9%-ը։ Այսինքն՝ սելիտրա, սերմացու, կեր ու այլ անհրաժեշտ բաներ առնելու համար տրամադրվող վարկի տարեկան տոկոսը կազմում է 3%՝ գյուղացու համար։ Գուցե ես շատ ուրբանիստ եմ, ու քաղաքի ասֆալտը արյանս մեջ է, բայց ինչ-որ չեմ զգացել, որ գյուղմթերքի գները կտրուկ գահավիժեն վերջին տարիներին։ Ես կասեի՝ ճիշտ հակառակը՝ կայուն աճում են։ Սակայն դա էլ վերագրենք վերավաճառողների ագահությանը․․․ Հիմա ի՞նչ, դուք ուզում եք համոզել, որ գյուղացին իր ապրանքի ինքնարժեքին 3 տոկոս մարժա էլ չի ավելացնո՞ւմ, որ վարկերի տակ է մնում։

Ես հասկանում եմ, իհարկե, որ լինում են ֆորսմաժորային իրավիճակներ՝ կարկուտ, երաշտ և այլն, բայց հասկանում եմ նաև, որ, «կարկուտ, երաշտ և այլն»-ից բացի, տակ տալու ռիսկի բարձրացման վրա ոչ պակաս ազդում են սերմացուի վարկով ռեմոնտ անելը, iPhone առնելը, մեքենա գնելը։ Տարեկան 2, 3, 5 տոկոս տոկոսադրույքը խնդալու թիվ է։ Ես որ օվերդրաֆթ էի վերցրել, 24 տոկոս էր իմ տոկոսադրույքը, բայց կարողանում էի մարել, քանի որ հասկանում էի, որ եթե եկամուտներս կազմում են, ասենք, 1000 դրամ, իսկ ես վերցրել եմ 500 դրամ վարկ, ապա ո՜նց էլ ծախսեմ, պետք է այնպես անեմ, որ 1000-ը լրիվ չծախսեմ, իսկ մնացած պոչով վարկս փակեմ։ Այ, եթե բռնեի ու 1000-ն էլ ծախսեի, բնականաբար, 500-ն էլ չէի փակելու, էլ չխոսեմ, 1000 դրամ եկամուտ ունենալով, 1200, 1500, 2000 ծախսելու խասյաթի մասին։

Առակս կցուցանե, որ գյուղացիներին օգնելը բնավ վատ բան չէ, բայց այդ օգնությունը տուպը սուբսիդավորելով չպետք է լինի, պետք է գյուղացին էլ ինքն իրեն օգնել կարողանա, իսկ եթե չի կարողանում, երևի պետք է ստիպողական մեխանիզմներ ներդնել։ Մյուս բանն էլ, որ կցուցանե առակս, այն էր, որ, աչքիս, ես իրոք դեպուտատ դառնալու շանսեր չունեմ, նամանավանդ՝ գյուղացիներից ստացած քվեների հաշվին։