Օսկանյանի «ճիտին պարտքը»


00:45 , 11 ապրիլ, 2013

Մարդկանց բարևելով քաղաքական դիվիդենտներ հավաքելու Րաֆֆի Հովհաննիսյանի փորձը դուր է եկել նաև Վարդան Օսկանյանին: Վերջինս «Բարև, ես Վարդան Օսկանյանն եմ» արտահայտությունը շուրթերին շրջում է Երևանի փողոցներում և փորձում համոզել քաղաքի բնակիչներին, որ ԲՀԿ-ն սպասվող ավագանու ընտրությունների համար լավ ծրագիր է պատրաստել: Զուգահեռաբար Օսկանյանը փորձում է ճշտել նաև իր ճանաչելիության աստիճանը: Այնպիսի տպավորություն է, թե նախկին արտգործնախաևարը ոչ թե քարոզարշավ է իրականացնում, այլ իրեն որդեգրած կուսակցությանն է վերադարձնում «ճիտին պարտքը»:

Իրականում, եթե ԲՀԿ-ն ուզում է քիչ թե շատ զգալի արդյունքների հասնել քաղաքապետի ընտրություններում, ապա պետք է մի մութ սենյակում փակի Օսկանյանին, որ էլ փողոց դուրս չգա հանկարծ: Նախկին «դիվանագետը» ժողովրդի հետ շփվել չգիտի: Ձեռքը գրպանում, մունաթը երեսին, մոտենում է մարդկանց ու արհամարհական տոնով ինչ-որ հարցեր տալիս, փորձում բան բացատրել: Դե արի ու էս մարդուն բացատրի, որ Րաֆֆու հաջողության գաղտնիքը միայն «բարևարշավը» չէր: