23:00 , 12 սեպտեմբեր, 2017Հազարավոր տարիներ շարունակ մարդիկ անգամ չէին էլ երևակայում, որ տարբեր վայրերում ժամանակը կարող է այլ լինել: Նրանք վստահ էին, որ ժամանակը կոնստանտ է շարժվում: Ամեն ինչ փոխվեց 1905 թվականին, երբ Ալբերտ Էյնշտեյնը աշխարհին ներկայացրեց հարաբերականության հատուկ տեսությունը, իսկ ավելի ուշ՝ 1915 թվականին, ընդհանուր տեսությունը՝ ֆիզիկան ոտքից գլուխ շրջելով:
Չխորանալով բարդ հաշվարկների ու բանաձևերի մեջ՝ մենք կհիշենք Էյնշտեյնի տեսության հիմնական դրույթները, որոնք վերաբերվում են տարածա-ժամանակին (ըստ տեսության՝ տարածությունն ու ժամանակը անբաժան են իրարից): Այս պահին մեզ հետաքրքրում է տեսության երկու եզրակացություններ՝ տարածա-ժամանակը փոփոխվում է գրավիտացիոն դաշտերի ազդեցության ներքո, իսկ շարժման մեջ գտնվող յուրաքանչյուր մարմնի կարելի է վերագրել էֆֆեկտ, որը կոչվում է ժամանակի դանդաղում: Ստացվում է, որ ոչ զրոյական արագությամբ շարժվող մարմնում բոլոր ֆիզիկական պրոցեսներն ավելի դանդաղ կընթանան, քան այն դեպքում, երբ մարմինը գտնվեր հանգստի վիճակում: Այսինքն, եթե օրինակ Դուք թռչում եք ինքնաթիռով, իսկ Ձեր ընկերը մնացել է տանը, ապա Ձեր ժամանակն ավելի դանդաղ է ընթանում: Իհարկե, գործնականորեն Դուք և Ձեր ընկերը տարբերություն չեք զգում, քանի որ այն կազմում է միլիարդերորդ վայրկյաններ:

Սակայն եթե շարժվեք շատ ավելի մեծ արագությամբ, քան ինքնաթիռինն է, ապա ձեր միջև եղած ժամանակային տարբերությունը շատ ավելի մեծ կլինի: Լույսի արագությամբ թռչող տիեզերանավում մեկ տարին հավասար կլինի երկրային մի քանի հարյուր տարիների:
Ոչ զրոյական զանգված ունեցող ֆիզիկական յուրաքանչյուր մարմնի շուրջ՝ օրինակ խնձորի, ժամանակը կարող է դանդաղել: Իհարկե խնձորի փոքր զանգվածի պատճառով ազդեցությունը գրեթե աննկատելի կլինի այնքան, որ այն ոչ մի թվային համակարգով հաշվել հնարավոր չի լինի:
Սակայն ի՞նչ կլինի, եթե խոսքը գնա առավել մեծ օբյեկտների մասին, ինչպես օրինակ մեր մոլորակն է: Իհարկե, դրա զանգվածը բավականաչափ մեծ է, որպեսզի իր շուրջը տարածա-ժամանակային փոփոխություն կատարի այնքան ուժգին կերպով, որ մենք կարողանանք դա զգալ և հաշվարկել: Այս պնդուներն ապացուցվել են բազմաթիվ փորձերի միջոցով:
Ստացվում է, որ այն միանշանակ կարծիքը, թե տիեզերքում ժամանակը միշտ ավելի դանդաղ կամ միշտ ավելի արագ է ընթանում՝ սխալ է: Տիեզերքի տարբեր հատվածներում այն տարբեր կերպ է ընթանում: Մի տեղ՝ արագ, մի տեղ՝ դանդաղ: Օրինակ՝ սև խոռոչների շուրջ այն բավականաչափ կդանդաղի, իսկ միջգալակտիկական տարածքում՝ աստղերից և մոլորակներից հեռու, ընդհակառակը՝ կարագանա: