Սեպտեմբերը` օրգանական ամիս


23:54 , 11 սեպտեմբեր, 2017

Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի շրջանակներում այս տարվա սեպտեմբեր ամիսը հայտարարվել է օրգանական ամիս:

«Մենք համոզված ենք, որ Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունն ունի զարգացման մեծ ներուժ»,-մեկնարկին նվիրված միջոցառմանը հայտարարել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Նրա խոսքով, մասնավորապես, հաշվի առնելով միջազգային շուկաներում օրգանական մթերքի մեծ պահանջարկը, ինչպես նաև սպառողների շրջանում առողջ ապրելակերպը նախընտրողների թվի ավելացումը, օրգանական գյուղատնտեսությունը նպաստում է ոչ միայն գյուղացիական տնտեսությունների շահութաբերության ավելացմանը, այլև դրական ազդեցություն է ունենում մեր բնակչության առողջության վրա: Օրգանական գյուղատնտեսություն ունի բոլորը հնարավորությունները դառնալու Հայաստանի գյուղատնտեսության նոր ուղղություններից մեկը:

ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, իրազեկման արշավի նպատակն է ֆերմերների, վերամշակողների և շահագրգիռ այլ կողմերի շրջանում տարածել օրգանական գյուղատնտեսության գաղափարը, կոչ անել սպառողներին գնել առողջ հայկական օրգանական սնունդ:

Նախարարի խոսքով` հանրապետության այն համայնքներում, որտեղ հնարավոր չէ գյուղատնտեսության խոշորածավալ զարգացում ապահովել, կարելի է հիմնել փոքր կամ միջին օրգանիկ գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսություններ, որոնք կբարելավեն գյուղացիների վիճակը, կզարգանան և լրացուցիչ եկամուտներ կստեղծեն:

Իգնատի Առաքելյանը նաև հավելել է, որ Եվրամիության երկրների շուկաներում մեծ է առողջ սննդի պահանջարկը և հայկական որակյալ օրգանական արտադրանքն այնտեղ կարող է իր ուրույն տեղը զբաղեցնել:

««Օրգանական սեպտեմբերի» ընթացքում կկազմակերպվեն իրազեկման մի շարք միջոցառումներ՝ հեռուստագովազդների շարք, արտաքին գովազդ, գովազդ սոցիալական ցանցերում, ինչպես նաև վիկտորինաներ www.dasaran.am կայքում: Ծրագրի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ օրգանական ոլորտի փորձագետների հետ, «Օրգանական զրույցներ» հանրահայտ հայերի հետ, խոհարարական վարպետության դասեր, հանդիպումներ արտադրողների և վաճառքով զբաղվող ընկերությունների հետ: