«Թաքուն պայմաններում ԶԼՄ-ներին վերաբերող օրենսդրություն փոխելը միտում է»


16:42 , 8 սեպտեմբեր, 2017

Panorama.am-ը գրում է.

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած է ճանաչվել այլ օրենքների փաթեթի շրջանակում:  «Անձնական տվյալների պաշտպանությո՞ւն, թե՞ տեղեկատվության ազատության սահմանափակում» թեմայով քննարկմանն ասաց  ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ  Գևորգ Հայրապետյան:

Նշենք, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը 2016թ. դեկտեմբերին ԱԺ որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել: 

Օրենքի 1-ին հոդվածի՝  «Oրենքի կարգավորման առարկան» 3-րդ մասի համաձայն՝  «Սույն օրենքով սահմանված անձնական տվյալներ մշակելու սահմանափակումները չեն տարածվում բացառապես լրագրության, գրական և գեղարվեստական նպատակներով մշակվող անձնական տվյալների վրա»:

Գ. Հայրապետյանի խոսքով, նման որոշումը ուներ հետևյալ հիմնավորումը՝ զանգվածային լրատվամիջոցների վերաբերող կարգավորումներն արդեն իսկ կան ԶԼՄ-ի մասին օրենքում, հետևաբար առաջարկվել է նորմը ուժը կորցրած ճանաչել:

«Փաթեթի հեղինակը կառավարությունն էր, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի փոփոխության հատվածը փաթեթ ներառվել է այն ժամանակ, երբ փաթեթն արդեն Ազգային ժողովում էր 1-2 ընթերցման ռեժիմով, Անձնական տվյալների պաշտպանության գործակալության դիրքորոշումը չի ներկայացվել»,- ասաց նա:

Գ. Հայրապետյանի խոսքով, լրագրողների իրավունքների պաշտպանության, առաքելության դերն այս դրույթով չէ սահմանված, սահմանված են ԶԼՄ-ների մասին օրենքի 7-րդ հոդվածով, Սահմանադրական դատարանի 997 որոշմամբ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով: 

Քննարկմանը ներկա «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լիանա Դոյդոյանն ասաց, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագիծը մշակվելիս հանրային լուրջ քննարկում է եղել, լուրջ փաստարկներով կոնկրետ հիմնավորվել է, թե ինչու էր անհրաժեշտ երրորդ մասը, այն եկել էր քաղհասարակությունից, լրագրողներից, մասնագիտական համայնքից: Նա մտահոգության հայտնեց, որ այս փոփոխությունն արվել է միտումնավոր: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։