Թորոսգյուղը` հիմնադրումից մինչև այսօր


14:03 , 10 ապրիլ, 2013

Գարնանային արևոտ ու պայծառ օրերին ծաղկունք է ապրում նաև Թորոսգյուղը: Արդեն Արարատյան դաշտում ծաղկում է ծիրանենին, իսկ այստեղ ձյան հաստ շերտի տակից հազիվ երևում են գարնան ավետաբեր ձնծաղիկները:
Այս գողտրիկ բնակավայրը գտնվում է չորս կողմից շրջապատված լեռների գոգավորության մեջ` Շիրակի լեռնաշղթայի հյուսիսային լանջին, Իլլի գետի մեղմաթեք, կանաչապատ սարալանջի վրա: 
Գյուղը հիմնադրվել է 1828-30 թթ. Արևմտյան Հայաստանի Մեծ Հայքի Բասեն գավառի Վերին Բասենի Հարսենքար գյուղի գաղթականների կողմից: Ինչպես նշում է դպրոցի պատմության ուսուցիչ Լևոն Համբարյանը, Թորոսգյուղ անվան ծագումնաբանությունը կապված է Բասենից գաղթած Թորոսի անվան հետ: Գյուղից արևելք գտնվում է հին գյուղատեղին` Գյուրջիյոլ անվամբ, որը թարգմաբար նշանակում է վրացու ճանապարհ: Սա այդ ժամանակ միակ ուղին էր, որը կապում էր Հայաստանը Վրաստանին:
Այսօր գյուղում ապրում է մոտ 300 բնակիչ, որոնց հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, ճիշտ է, բոլորն էլ ունեն հողատարածքներ, բայց վերջին տարիներին դրանք անմշակ են մնում, քանի որ եկամուտը կամ շատ քիչ է, կամ էլ ընդհանրապես չկա: Սա գյուղի բնակիչները բացատրում են ապրանքների իրացման ցածր գներով, նաև անձրևի, կարկուտի պատճառած վնասներով:
Գյուղի գլխավոր կառույցը թերևս դպրոցն է, որն անվանակոչված է Ղարաբաղի հերոսամարտի զոհված ազատամարտիկ Ալեքսան Համբարյանի անունով: Առաջին դպրոցը 1920թ. հիմնել է Զոհրաբ Աղաբաբյանը, ուր հաճախել են նաև հարևան գյուղերի աշակերտները, իսկ մինչ դպրոցի ստեղծումը ուսուցումը կատարվել է եկեղեցուն կից լիկ կայաններում ու տներում:
Դպրոցի տնօրեն Գարեգին Հակոբյանը պատմում է, որ 1991թ.-ին երկրաշարժից հետո կառուցվել է նոր դպրոց` նախատեսված 280 աշակերտի համար: Այն վերանորոգվել է 2005-ին, այժմ դպրոցում սովորում է 58 աշակերտ: Այս տարի դպրոցին կից բացվել է նաև նախակրթարան, ուր հաճախում են 13 երեխաներ:
Տարբեր ժամանակներում թորոսցի աշակերտները մասնակցել են բազմաթիվ մարզային միջոցառումների, մրցումների, ունեցել են բազում հաջողություններ: Պարոն Հակոբյանն առանձնացնում է հատկապես «Հայ ասպետ» խաղին մասնակցությունը և հաղթանակն առաջին փուլում: Իսկ այն հարցին, թե դպրոցը հիմա ինչ խնդիրներ ունի, տնօրենը նշեց. «Երեխաների պակասությունը արդեն իսկ խնդիր է, ուզում ես ոսկե դպրոց սարքի, եթե երեխա չկա, ոչինչ չարժի արածդ»:
Միշտ էլ տարածաշրջանում Թորոսը ամեն ինչով աչքի է ընկել, տվել է հայտնի դասախոսներ, բժիշկներ, դատավորներ: Խորհրդային Միության հերոս Այդին Հարությունյանը, պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը ևս ծագումով Թորոսից են:
Դպրոցի հարևանությամբ գտնվում է մշակույթի տունը, որը 2012թ.-ի ամռանը հիմնովին վերանորոգվեց բարերար Վալերի Ռուդակովի միջոցներով և անվանակոչվեց Սերգեյ Բոնդարենկոյի անունով: Մշակույթի տան կողքին էլ գյուղապետարանն է, որտեղ աշխատանքից հետո հոգնած գյուղացին իր հանգիստը կազմակերպում է շախմատի ու թենիսի սեղանների շուրջ` ցրվելով առօրյա հոգսերից:
1975թ. գյուղում կառուցվել է հուշարձան` նվիրված Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին: Այստեղ ամեն տարի մայիսի 9-ին հավաքվում են գյուղացիները և մեծ շուքով տոնում Հայրենականում տարած փառահեղ հաղթանակը և Շուշիի ազատագրումը:
Վերին սարի գեղատեսիլ ստորոտում է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը այժմ հիմնանորոգման կարիք ունի: Գյուղացիները հուսով են, որ շուտով աղոթելու կայցելեն ոչ թե գյուղում գտնվող փոքրիկ մատուռներ, այլ հենց եկեղեցի:
Գյուղի դիմաց վեր է խոյանում Գինեյ սարը, որի գագաթին տեղացիները փոքրիկ մատուռ են կառուցել, ու այն դարձել է նրանց ուխտատեղին: Սարի լանջին էլ «Մկնոցի աղբյուրն» է, որը հայտնի է իր սառնորակ ջրով:
Թորոսում է գտնվում նաև «Մանուշակ» ճամբարը, ուր ամռան ամիսներին հարյուրավոր երեխաներ անցկացնում են իրենց հանգիստը, իսկ ձմռանը սա հիանալի վայր է դահուկային սպորտի սիրահարների համար: Ավանդաբար այստեղ է անցկացվում նաև «Շիրակի ձմեռ» մարզային միջոցառումը: Գետի ափամերձ տարածքում կան նաև ռեստորաններ, սրճարան ու հյուրանոց: Ու չնայած այս ամենին՝ գյուղացիները լքում են ծննդավայրը: Հատկապես երիտասարդները գտնում են, որ գյուղում հեռանկար չկա, գլխավոր խնդիրը, թերևս, աշխատատեղերի բացակայությունն է: Չնայած սրան ու բազմաթիվ այլ խնդիրներին, որոնք առկա են գյուղում, բնակիչների մի մասն էլ հավատում է «պայծառ ապագային» ու չի պատրաստվում լքել հայրենի գյուղը: