13:10 , 10 ապրիլ, 2013
Անդրիաս, «տվայտվում ես» հա. ֆլամինգոյիդ ռեկլամը «բոլ-բոլ» ֆետիշացրիր՝ հերիք է: Գիտեք՝ զավեշտալին այս ամբողջ պատմության մեջ այն է, որ մեր երկրում այնպես է աղավաղվել քաղաքականություն, ընդդիմություն, իշխանական քաղաքականություն և ընդհանրապես քաղաքական հարթություն երևույթները, որ ամեն մեկը բառի բուն իմաստով փողոցից կարող է ներխուժել այդտեղ...: Մղձավանջը կայանում է նրանում, որ Հայաստանում շատ ընդունված երևույթ է դարձել ծայրահեղ միջոց համարվող հացադուլը: «Խաչիկ Ստամբոլցյանից սկսած բազմաթիվ մարդկանց կողմից բազմաթիվ դեպքեր են եղել: Ընդհանրապես ես մինչ այսօր չէի հասկանում այն մարդկանց, ովքեր հացադուլավորների միջև որակական տարբերություն են դնում: Եվ այդ է պատճառը, որ ես մտորումների մեջ ընկա, երբ ընդդիմադիր դաշտից իմ վաղեմի ծանոթներից մեկը խոսակցության ժամանակ ինձ ասաց. «Պետք չէ Անդրիաս Ղուկասյանի հացադուլը համեմատել Րաֆֆու հացադուլի հետ, քանզի Րաֆֆու հացադուլը ավելի դրամատիկ է և ողբերգական ավարտ կարող է ունենալ…»: Բայց, երբ խորանում ես, գալիս ես այն մտքին, որ կան մարդիկ, որոնք ամբողջ կյանքում չեն զբաղվել «անշնորհակալ քաղաքականությունով», հանկարծ որոշում են, որ իրենց ժամն է եկել և արի ու տես, որոշում են ու սկսում: Սկսում են ոչ թե քաղաքական վերլուծություններից, կանխատեսումներից, հրապարակային ելույթներից, այլ ընտրում են ժողովրդական լեզվով ասած «ցենտր միջոց»՝ հացադուլ ու վերջ սկզբունքով: Պատահական այս մարդու «ընդդիմադիր-մանկական» կապրիզները արդեն դուրս են գալիս ողջամտության շրջանակներից, նա արդեն փորձում է իր ագրեսիվ կեցվածքով ինչ-որ տեղ երկրորդ պլան մղել Րաֆֆուն: Նայե´ք, Րաֆֆին գնում է Ծիծեռնակաբերդ, իսկ նա սկսում է «կառավարել» հրապարակում մնացածներին:
Այն, որ իշխանությունները վաղուց սպառել են իրենց, դա ակնհայտ է, բայց դա չի նշանակում, որ պատահական մարդիկ պետք է կերտեն ընդդիմադիր դաշտ, նամանավանդ, երբ դա արվում է շատ ծիծաղելի մեթոդներով: Այս մարդը հասկանալի մեթոդներով ձեռքի հետ էլ իր «Ֆլամինգոյի» փիառն է անում: Ես այդպես չէի մտածի, եթե իմ ընկերներից մեկը չասեր, լսի´ «Անդրիասի էդ ֆլամինգոն լավ տեղ է, չգիտե՞ս»:
Հ.Գ. Ես ձեռնամուխ չէի լինի այս հոդվածը գրելուն, եթե ինձ չսարսափացներ այն փաստը, որ Րաֆֆին արդեն կորցնում է իր վերահսկողությունը մասսաներին ղեկավարելու «գործառույթում,» և որի արդյունքում փողոցից հայտնված բիզնեսմեն Անդրիաս Ղուկասյանը սկսում է իր կամքը թելադրել հրապարակում հավաքվածներին: