11:43 , 10 ապրիլ, 2013
Քաղաքական ցանկացած լուրջ գործընթաց սովորաբար զուգորդվում է այլ զարգացումներով, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ոչ միայն այդ գործընթացի, այլև հասարակութան ինչ-որ հատվածների և ընդհանրապես երկրի ապագայի վրա: Այս առումով Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները բացառություն չեն, և այն, ինչ մենք երեկ տեսանք մայրաքաղաքի փողոցներում, ասվածիս վառ ապացույցն է: Խոսքս, «բնապահպան» ակտիվիստների մասին է: Երեկ նրանք հերթական անգամ ցույց տվեցին, որ Հայաստանում մեռել է բնապահպանական շարժումը: Այն մնացել է Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական ամբիցիաների փլատակների տակ՝ վերափոխվելով քաղաքական փոքրիկ ուժի: Ընդ որում, ծայրահեղ անտագոնիզմի բացահայտ ախտանշաններով ուժի: Եվ սա Րաֆֆի Հովհաննիսյանի խոստացած «Նոր Հայաստանի» առաջին պտուղներն են: Ցավոք, մեր երկրում քաղաքական գործիչներն այդպես էլ չկարողացան հրաժարվել մարդկանց «իրենց տակը կոխելու» մարտավարությունից: Եվ Րաֆֆին բացառություն չէր:
Բնականաբար, իրենք իրենց «բնապահպան» հռչակած երիտասարդներն ապագայում էլ կփորձեն ինքնահաստատվել հասարակությանը հուզող խնդիրների հաշվին: Բայց այսուհետ նրանց, որպես այդպիսին, այլևս հնարավոր չէ ընկալել: Րաֆֆի Հովհաննիսյանը խոսում էր սեփական դիակի մասին, բայց զոհաբերեց բնապահպանական շարժումը: Իհարկե, վերջիններիս գործուն և ավելի քան ոգևորված աջակցությամբ: