Մարաղայի կոտորած - կոտորած է, որ իրականացրել են ադրբեջանական զինված ուժերը 1992 թվականի ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում: Զոհվել է մոտ հինգ տասնյակ հայ բնակիչ:
Կոտորածի նախադրյալները
Մարաղա գյուղը (Լենինավան) գտնվում է Լեռնային Ղարաբաղի հյուսիսում՝ Միրբաշիրի շրջանի (Տերտերի շրջան) հարևանությամբ: Ըստ 1989 թվականի մարդահամարի՝ գյուղում ապրում էր 4 660 մարդ՝ հիմնականում հայ: Մինչև ապրիլի 10-ի իրադարձությունները գյուղը ենթարկվել է բազմակի հրետակոծության:
Կոտորածը
1992 թվականի ապրիլի 10-ին՝ առավոտյան ժամը 5-ին, սկսվեց գյուղի հրետակոծությունը: Կեսօրի մոտ ադրբեջանական «Գուրթուլուշ» բատալյոնը (1 000 զինվոր), 20 զրահամեքենայի ուղեկցությամբ մտավ գյուղ: Պաշտպանական ուժերը (60 հոգի), տեսնելով, որ չեն կարող դիմադրել անհավասար ուժին, նահանջեցին՝ զգուշացնելով գյուղի բնակիչներին: Հիմնական բնակչությունը լքեց գյուղը: Ծերունիները և հաշմանդամները պատսպարվեցին նկուղներում: Հաջորդ օրը հայերը գյուղը ետ գրավեցին և գտան 43 խաղաղ բնակչի դիակ՝ մի քանիսը գլխատված էին, մյուսները՝ այրված կամ աչքերը հանված:
Քարոլինա Քոքսը այսպես է նկարագրում իր տեսածը՝
Այն, ինչ որ մենք տեսանք, նկարագրության ենթակա չէ: Գյուղը ամբողջովին ավերված էր: Մարդիկ թաղում էին զոհվածներին, ավելի ճիշտ այն, ինչ հնարավոր էր թաղել՝ տանջամահ արված, կենդանի այրված, կտրտված կամ սղոցված դիակի մասեր: Մի մասին թաղել էին նախորդ օրը՝ նկարահանելու համար նրանց հանեցինք, թեև հասկանում էինք, թե ինչքան ծանր է հայերի համար: Այդ օրերին Մարաղայում նկարահանվածը փաստում է այդտեղ իրագործված սոսկալի կոտորածի մասին՝ գլխատված և կտրտված դիակներ, երեխաների դիակներ, արյունոտ հող և մարմնի մասեր, որտեղ սղոցել էին նրանց: Մենք տեսանք արյունոտված մանգաղներ, որոնցով կատարել էին այդ եղերագործությունը, հավանաբար դրանք պետք էր վերցնել մեր հետ՝ որպես վկայություն, բայց ես դա չկարողացա: Բնակիչներին սպանելուց հետո ադրբեջանցիները թալանել և այրել էին գյուղը: Զինվորներից հետո հայտնվել էին քաղաքացիներ և շարունակել թալանը: Մենք տեսանք մի քանի լիքը լցված պայուսակներ, որ դիակապտիչները չէին հասցրել տանել:
Զոհերը
Ըստ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխ-խոսնակ Քարոլինա Քոքսի՝ սպանվել է ոչ պակաս գյուղի 45 բնակիչ: Ըստ հայկական անվանական ցանկի՝ զոհվել է 57 և գերեվարվել 45 խաղաղ բնակիչ: Գերիների թվում 9 երեխա կար, 18 կին, 3 տարեց և մեկ կույր (տվյալները հաստատված են Միջազգային «Helsinki Watch» իրավապահպան կազմակերպության և Քարոլինա Քոքսի կողմից): Մեկ շաբաթ անց նոր հարձակում է կազմակերպվել, որի արդյունքում բնակչությունը լքել է գյուղը, և 13 հոգի գերեվարվել են: Ընդհանուր առմամբ գյուղում զոհվել է 90, տարբեր աստիճանի վերքեր են ստացել 37 մարդ, նրանց թվում 21 կին և 6 երեխա:
Լուսաբանումը ԶԼՄ-ներում
Ինչպես հայկական, այնպես էլ անկախ լրատվական միջոցները նշում են, որ չնայած իր դաժանությանը՝ Մարաղայի կոտորածը համարյա չի լուսաբանվել և անհայտ է լայն հանրության համար: Ըստ Քարոլինա Քոքսի՝ «Դեյլի Թելեգրաֆ» անգլիական թերթը սկզբում տպելու էր Մարաղայի կոտորածի մասին, բայց հետո հրաժարվեց:
Այլ
Մարաղայի կոտորածը իրագործելու համար «Գուրթուլուշ» բատալյոնի հրամանատար Շահին Թալիբ օղլի Թագիևը ստացել է «Ադրբեջանի ազգային հերոս» կոչում: