00:05 , 10 ապրիլ, 2013
Գուցե ոմանք ինձ չհասկանան, գուցե ոմանք իմ խոսքում պարտվողականություն տեսնեն կամ էլ` ընդդիմություն Րաֆֆի Հովհաննիսյանին: Ոչ, կամ ու շարունակում եմ մնալ Րաֆֆի Հովհաննիսյանի լավ բարեկամը, նրան միշտ բարձր գնահատողը: Պարտվողականություն էլ չկա իմ կեցվածքում ու խոսքում, բայց կա մեծ ցավ ու հիասթափություն: Ասել եմ մի քանի առիթներով` հեռուստատեսությամբ, հայաստանյան, ֆրանսիական, ամերիկյան, լեհական, ռուսական ռադիոալիքներով, մամուլի էջերից, որ փետրվարի 18-ը Հայաստանում արձանագրեց մի նոր իրողություն, մի նոր իրավիճակ, երբ ազգային զարթոնքը դարձավ իրականություն, մարդկանց հոգեբանության մեջ ինչ-որ լավ ու կարևոր բան փոխվեց, մարդիկ ապացուցեցին, որ կարող են չծախվել, սկզբունքային լինել, տեր կանգնել իրենց ձայներին և իշխանությանն ասել, որ այլևս չեն կարող հանդուրժել երկրի անծրագիր ընթացքը, տնտեսական ակնհայտ ձախողումները, օլիգարխայի սանձարձակությունը, Ազգային ժողովի կրավորական կեցվածքը, որոշ չինովնիկների թալանն ու անբարո գործելակերպը: Րաֆֆի Հովհաննիսյանը միջոց դարձավ` արտահայտելու համընդհանուր դարձող դժգոհությունը: Ժամանակը Րաֆֆիին ընտրեց առաջնորդ, ոչ թե ինքը: Ժամանակը նրա ուսերին ծանրություն ու բեռ դրեց: Եվ եկավ ժամը, երբ իշխանության հետ հարկավոր էր խոսել դու-ով, ներկայացնել հստակ պահանջներ... Րաֆֆի Հովհաննիսյանին պակասեցին քաղաքական փորձն ու հմտությունը, որոշ ամբոխավարներ, տարբեր հ/կ-ներում ծվարած գրանտակերներ, ներդրված ականներ, նաև` սեփական կուսակցության մեջ ներգրավված որոշ «հեռատեսներ» վիժեցրեցին ճշմարիտ ու ազնիվ շարժումը, Րաֆֆուն թիրախ դարձնելով` ձգտեցին լուծել իրենց նեղլիկ հարցերը... Երբ հրապարակում սկսեցին կառավարություն ձևավորել, ակնհայտ էր, որ ժողովրդի պարտությունն արդեն իրական էր: Կառավարության ձևավորմանը հաջորդեց Երևանի ավագանու խնդիրը: «Բարև, Երևան» համախումբը գնաց քաղաքականության մեջ չլսված մի քայլի` նախագահական ընտրություններին հաջորդող տրամադրությունները ծառայեցնեով հանուն նոր ընտրության, հանուն ավագանիում տեղ ունենալուն... Ու հենց այստեղ է պարտությունը: Ընդդիմության շատ գործիչներ հեռվից սկսեցին հռհռալ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման վրա` չկամենալով իրենց ամբիցիաները ծառայեցնել ժողովրդին: Ոմանք էլ անհամբեր սկսեցին սպասել շարժման դատապարտմանը... Հիմա ոչ թե լուծվում է փետրվարի 18-ի, այլ` մայիսի 5-ի հարցը: Ու այս ողջ թատերախաղն էլ լավ կազմակերպված PR է ավագանու ընտրությունների նախաշեմին...
Հենց սա է, որ ինձ հիասթափեցրել է: «Ժառանգության» ու նրա հովանու տակ ավագանի ձգտող որոշ պատեհապաշտներ միայն իրենց անձնական հարցերը սկսեցին լուծել: Այսինքն՝ ժողովուրդն այն մեծ ռոմանտիկն էր, որը ցանկացավ գնալ իրավիճակի փոփոխության, մինչդեռ «հեղափոխության մակաբույծները» ամեն ինչ ծառայեցրին իրենց հատվածական շահերին...
Վատ է, իսկապես շատ վատ: Չնայած դեռ ամեն ինչ կորած չէ: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանի համար թանկ է մեր ժողովուրդը, իսկ ես գիտեմ, որ թանկ է, եթե նա կամենում է ճշմարիտ հերոս լինել, բայց ոչ ընկած հրեշտակ, ապա առաջիկա օրերին պիտի հրավիրի ազգային առաջադիմական ուժերին, համատեղ մշակի գործունեության ծրագիր և առաջ գնա: Պիտի հրաժարվի պոպուլիստական կոչերից, բոլոր նրանցից, ովքեր Րաֆֆու միջոցով քաղաքական կապիտալ կամեցան կուտակել, նախարարներ դառնալ, և մտածի ազգային մի նոր ծրագրի մասին, որին բոլորն են սպասում:
Պայքարն արդեն սկսված է, այն պիտի շարունակել` այսպես չմոլորեցնելու և չշփոթեցնելու համար մեր ժողովրդին: Հակառակ դեպքում` արդեն Րաֆֆի Հովհաննիսյանը կդառնա մեղավոր նոր արտագաղթի համար...