22:05 , 9 ապրիլ, 2013Մասնագիտություն ընտրելիս լսիր ներքին ձայնդ
Գոյություն ունեն բազմաթիվ մասնագիտություններ, պարզապես պետք է կարողանալ ճիշտ ընտրություն կատարել: Մասնագիտությունդ պետք է քեզ հոգեհարազատ ոլորտից լինի և համապատասխանի բնավորությանդ: Կարելի է լսել հարազատ-բարեկամների խորհուրդները, բայց ամեն դեպքում պետք է առաջնորդվել ներքին ձայնով:
Հոգեբանները պնդում են, որ մասնագիտություն ընտրելիս պետք է պատկերացում ունենալ տվյալ աշխատանքի բնույթի մասին, այսինքն` այն, ինչ անում ենք, ստեղծում ենք, ձևավորում կամ ներկայացնում ենք, և ինչի դիմաց էլ վարձատրվում ենք:
Աշխատանքի բնույթի հետ կապված առանձնացվում է մասնագիտության 6 տեսակ:
Որոշ մասնագիտություններ անհնար է դասել այս կամ այն տեսակին, դրանք գտնվում են այդ երկուսի սահմանագծում: Օրինակ` քարտուղարի կամ օֆիս-մենեջերի աշխատանքը ենթադրում է համագործակցություն մարդկանց հետ, փաստաթղթերի ձևակերպում և համակարգչային աշխատանք, ինչպես նաև` իրեն ներկայացնելու կարողություն, քանի որ մենեջերը նաև կազմակերպության դեմքն է:

Մարդկային գործոն
Սրանք այն մասնագիտություններն են, որոնք գործ ունեն մարդկանց հետ: Օրինակ` մտնում ես գեղեցկության սրահ, մի մասնագետի մոտ հերթ է գոյացել, իսկ մյուսը ձանձրանում է անգործությունից: Եթե բախտը ժպտում է և նոր հաճախորդ է ձեռքն ընկնում, ուրախանում է, բայց հաջորդ անգամ, չգիտես ինչու, այդ հաճախորդն այլևս չի հայտնվում: Այդպիսի մասնագետները չգիտեն հաճախորդների հետ ճիշտ վարվելու կանոններն ու հոգեբանությունը:
Մասնագիտությունները
Ուսուցիչ, դաստիարակ, բժիշկ, բուժքույր, հոգեբան, մարզիչ, թարգմանիչ, սոցիալական ոլորտի աշխատող, վաճառող, քարտուղար, մենեջեր, կապի և հասարակայնության մասնագետ, սերվիս ծառայությունների աշխատող (այդ թվում` զբոսաշրջային), հեռուստառադիոհաղորդավար, քաղաքական գործիչ, ոստիկան և այլն:
Մասնագիտական պատրաստվածությունը ներառում է 2 պայման. մասնագիտական հմտությունների, էթիկայի կանոնների տիրապետում և մարդկանց հետ արդյունավետ համագործակցելու կարողություն: Ցավոք, երկրորդ հանգամանքը անուշադրության է մատնվում և նույնիսկ բժիշկներին չեն սովորեցնում էթիկայի կանոններն ու հիվանդների հետ շփվելու վարվելակերպը: Ուստի, ընտրելով այսպիսի մասնագիտություն, ինքդ քեզ հարցրու` սիրո՞ւմ ես մարդկանց, կարողանո՞ւմ ես հաղորդակցվել, պատրա՞ստ ես ընդունել էթիկայի կանոնները:
Բնություն
Այս աշխատանքն ուղղված է բնագիտական առարկաներին:
Թվում է` շատերն են սիրում բնությունը: Այո, սիրում ենք մեր շներին ու կատուներին, հաճելի է ապրել ամառանոցում: Բայց դա չի նշանակում, որ կարող ենք ընտրել այնպիսի մասնագիտություն, որը կապված է բնության և կենդանիների հետ: Եվ չնայած սիրում ենք մեր ընտանի կենդանիներին և բնությունը, այնուամենայնիվ, երբեմն մեր պահած ձկները երկար կյանք չեն ունենում, ծաղիկները թառամում են, կատուները` «կատաղում», իսկ շներն անհասկանալի վարքագիծ են ունենում, չեն ենթարկվում: Տերերը բավարար չափով չեն հետաքրքրվում իրենց սիրելիների կյանքի և զարգացման առանձնահատկություններով: Կենդանիների և բույսերի հետ հաջող գործակցելու համար հատուկ բնավորություն պետք է ունենալ: Շների հետ պետք է առաջնորդ լինել, կատուների հետ` ընկեր, ծաղիկների նկատմամբ` հոգատար և նուրբ: Բույսերի և կենդանիների հետ աշխատելու համար պետք է ցուցաբերել հետևողականություն, համբերություն, ինքնուրույնություն և նախաձեռնություն:
Մասնագիտությունները
Ցանկացած մասնագիտություն, որը կապված է գյուղական աշխատանքի հետ. ձկնորս և որսորդ, կենսաբան և միկրոկենսաբան, կենսաֆիզիկոս և կենսաքիմիկոս, կենդանաբանական այգու աշխատող, կենդանիների հոգեբան, մեղվաբույծ ու անտառապահ, էկոլոգ, կենդանի վարժեցնող:
Տեխնիկա
Սրանք այն մասնագիտություններն են, որոնք կապված են արտադրանքի, ծառայությունների և տեխնիկական սարքերի գործարկման հետ:
Այս ոլորտում հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է տրամաբանություն, ճշգրիտ գիտությունների, ձևակերպումների և հստակ գործողությունների հանդեպ հակվածություն, խնդիրների լուծման համար կենտրոնացման հատկություն: Այստեղ կարևոր են նաև ֆիզիկական տվյալները:
Մասնագիտությունները
Տրանսպորտի, շինարարության, էներգետիկայի, արտադրության, առողջապահության, գյուղատնտեսության, բանկային համակարգի, կինոյի և հեռուստատեսության ոլորտի աշխատողներ:
Եթե տեխնիկական սարքավորումների հանդեպ հետաքրքրություն ունես, հիշիր, որ նման մասնագիտությունները հատուկ են տղամարդկանց, և այստեղ հենց նրանք են հաջողության հասնում: Դա կապված է տղամարդկանց ուղեղի առանձնահատկության հետ: Օրինակ` «կանոնավոր մտածողությունը»: Եթե երբևէ հետևել ես իր գործով զբաղված տղային, նկատած կլինես, որ անտարբեր է շրջապատում կատարվող ամեն ինչի նկատմամբ, իսկ խոսակցության ժամանակ միտքը մի ուղղությամբ է առաջ տանում, ինչը չես ասի աղջիկների մասին. հեշտությամբ շեղվում են` մի թեմայից մյուսին անցնելով: Ինչպես նաև` տղամարդիկ այնքան էլ հուզական չեն, քան կանայք. դա օգնում է նրանց կազմակերպված լինել: Ունե՞ս այսպիսի հատկանիշներ: Տեխնիկայի հետ աշխատանքում դրանք կարևոր են:

Նշանային համակարգ
Սրանք այն մասնագիտություններն են, որոնք կապված են տարբեր տեսակի համակարգերի վերլուծության հետ:
Մարդկությունը մշտապես ստեղծում է ինչ-որ նշաններ, որոնք էլ համակարգում է: Դրանք են` թվերը, տառերը, հիերոգլիֆները, նոտաները, դրոշակներն ու գերբերը, դրամը, «դրես-կոդը», բանաձևերն ու համարները, համակարգչային ծրագրերը, համացանցը, կրոնական խորհրդանիշերը, ժեստերի լեզուն, օրենքները, կառավարության կառուցվածքի համակարգը, բջջային կապը, ուշադրության նշանները: Բնության մեջ էլ կա նշանային համակարգ. կենդանիների և թռչունների լեզուն: Ֆլորայի (բուսական աշխարհ) և ֆաունայի (կենդանական աշխարհ) կապը` էկոլոգիական համակարգը, մարդու օրգանիզմը:
Մասնագիտությունները
Նամակների թարգմանիչ, մաթեմատիկոս, գենետիկ, ֆինանսիստ, իրավաբան, ծրագրավորող, համակարգչի մասնագետ, սոցիոլոգ, փիլիսոփա, պատմաբան, աստղագետ, տնտեսագետ, հաշվապահ, խմբագիր:
Այս աշխատանքի համար անհրաժեշտ է վերլուծական միտք. այնպիսի մարդ, ով սիրում է վերլուծել տարբեր իրադարձություններն ու արարքները, դրանց հետևանքներն ու պատճառները:
Արվեստի օրինակներ
Դրանք այն մասնագիտություններն են, որոնք ուղղված են երևակայական կերպարների ստեղծմանը:
Արվեստի ոլորտում աշխատանքը պահանջում է կատարողական տեխնիկա, որոշակի կարողություններ և հաճախ ֆիզիկական պատրաստվածություն, ինչպես նաև` հարուստ երևակայություն և պատկերավոր մտածողություն: Բայց դա ամենը չէ, պետք է կարողանալ վաճառել սեփական արտադրանքը: Քիչ չեն դեպքերը, երբ հանճարեղ ստեղծագործությունը պահանջարկ չի ունենում, ստեղծագործողն էլ մնում է անհայտ և աղքատության մեջ: Ստեղծագործող մարդիկ հաճախ անտանելի բնավորություն են ունենում. նրանց պակասում է ճկունությունը, հարմարվողականությունը:
Մասնագիտությունները
Դերասան, ռեժիսոր, գրող, բանաստեղծ, նկարիչ, դրամատուրգ, սցենարիստ, գրական և գեղարվեստական խմբագիր, կոմպոզիտոր, երաժիշտ, հումորիստ, ճարտարապետ, դիզայներ, դիմահարդար:
Եթե երազում ես ստեղծագործական մասնագիտության մասին, հաշվի առ. այս բնագավառում աշխատանքային օրն անկանոն է, իսկ շաբաթն էլ չի բաժանվում աշխատանքային և հանգստյան օրերի:

Ինքը` մարդը
Հիմնական աշխատանքն ուղղված է կատարելագործմանը կամ պահանջվող որակի պահպանմանը: Դա մարդու գլխավոր սեփականությունն է և եկամտի աղբյուրը: Ինչո՞վ է, օրինակ, զբաղվում կուլտուրիստը կամ ֆոտոմոդելը: Ցուցադրում է իրեն և դրա դիմաց գումար վաստակում: Այս նույն տեսակին է պատկանում և մասնագիտության մյուս տեսակը, երբ մարդը ձեռք է բերում հատուկ հմտություններ և կատարելագործում է դրանք: Նպատակն է ցուցադրել սեփական ուժը (օրինակ` մարզիկները, կասկադյորները, կրկեսի դերասանները) կամ յուրահատուկ հնարավորությունները (էքստրասենսները):
Մասնագիտությունները
Դրանք շատ չեն: Ամեն ոք պատրաստ չէ վտանգի տակ դնել կյանքն ու առողջությունը` հանուն ծափահարությունների և գումարի: Չնայած այս մասնագիտության ներկայացուցիչները հեռուստատեսության շնորհիվ մշտապես հանրության ուշադրության կենտրոնում են: Իսկ հեռուստադիտողները չեն տեսնում աշխատանքի հակառակ կողմը, և թվում է, թե այս մարդիկ հենց կյանքի հաջողության մարմնավորումն են: Եթե քեզ ձգում են այս մասնագիտությունները, չմոռանաս առանձնացնել բոլոր դրական ու բացասական կողմերը:
Նման աշխատանքի համար պետք է հնարավորությունների բարձր մակարդակ, սեփական անձն ու նվաճումները հասարակության դատին հանձնելու ցանկություն, ինչպես նաև` աշխատասիրություն, ինքնակատարելագործման ձգտում, արտաքին և ներքին արգելքների հաղթահարում: