Իջինը՝ Երևանի փողոցներում. BlogNews Fashion-ի ֆոտոշարքը


16:25 , 31 օգոստոս, 2017

«Նորաձևությունն ինձ համար կարծես խաղ լինի, որի կանոնները միշտ փոխվում են: Կոնկրետ ես դրանց այդքան էլ մեծ նշանակություն չեմ տալիս: Ես պարզապես նախընտրում եմ լինել ոճային և ամենակարևորը՝ ճաշակով: Ինչպես Կոկո Շանելն է ասել. «Նորաձևությունն անցողիկ է, իսկ ոճը՝ մնայուն»»,- նշում է Իջինը, ով լուսանկարվել է BlogNews Fashion-ի համար: Երգչուհին ֆոտոշարքի համար հինգ լուք էր ընտրել, իսկ զրույցի ժամանակ կիսվել է հագուստի նախընտրությունների, բեմական համարձակ ոճերի և առօրյայում հասարակ հագնվելու մասին:

Երբ խոսքը գնում է հագուստի մասին, ես ինձ ավելի շատ համարում եմ կրեատիվ և հնարամիտ: Առանձնապես չեմ հետևում, թե սեզոններին ինչ է նորաձև. հիվանդագին մոտեցում չունեմ այդ հարցին, բայց, իհարկե, հետևում եմ թրենդներին, քանի որ, բացի աղջիկ լինելուց, ես նաև արտիստ եմ, և դա իմ աշխատանքի մի մասն է: Լավ է լինել նորաձևություն ստեղծող, քան դրա հետևորդ:

Ես ավելի շատ ներկայանում եմ կանացի, գլամուրային, գունավոր և ավելի ազատ ոճերում: Զգեստապահարանումս ունեմ հագուստի տարբեր տեսակներ, քանի որ յուրաքանչյուր օր նոր կերպար եմ ստեղծում ինձ համար՝ լինի դա սպորտային, երեկոյան, թե համերգային:

Ծովափում կրելիս

Շորտեր և տոպ. հարմար են միայն ծովափնյա քաղաքներում, որտեղ կա ծով, արև և առնվազն 35 աստիճան ջերմություն: Ինչ խոսք, ես սիրում եմ հագնվել գեղեցիկ, ոճային և սեքսուալ: Ինձ համար կնոջ մարմնի ամենասեքսուալ և կանացի հատվածը պարանոցն է և դեկոլտեի հատվածը, որն, իհարկե, պետք է ցույց տալ: 

Հագուստի վրա ծախսում եմ այնքան գումար, որքան հնարավորություններս թույլ են տալիս: Համարում եմ, որ ճիշտ չէ շատ գումար ծախսել հագուստի վրա, եթե այդ գումարով կարող ես ավելի դրական բաներ անել, բայց յուրաքանչյուր ոք ձգտում է ավելի գեղեցիկ և, այսպես ասած, թանկ տեսք ունենալ: Կարծում եմ՝ դրա համար պարտադիր չէ գնել թանկ հագուստ, պարզապես պետք է ունենալ ճաշակի զգացում:  

Ռեստորանում կրելիս

Այս զգեստը իդեալական է ռեստորանում, երեկոյան միջոցառումներին կրելու համար՝ կլինի դա ծնունդ, հարսանիք, թե պարզապես խնջույք:

Առօրյայում ես սիրում եմ կրել ավելի սպորտային ոճ կեդերի հետ: Քանի որ իմ կյանքում շատ են երեկույթները, որտեղ պահանջվում է ավելի բեմական և երեկոյան տեսք ունենալ՝ բարձրակրունկների հետ համադրած, ես առօրյայում ավելի ցածր եմ հագնում:

Աքսեսուարներ շատ եմ սիրում՝ օրիգինալ թևնոցներ և չոկերներ, որոնք վերջին շրջանում շատ եմ կրում:  

Ես միլիոնատեր չեմ, որպեսզի կարողանամ ինձ թույլ տալ մի անգամ կրել մի հագուստը: Դրա համար իմ կրեատիվության շնորհիվ ես կարողանում եմ այնպիսի համադրություններ անել, որպեսզի մի հագուստից մի քանի կերպար ստանամ: Բավական է միայն փոխել սանրվածքը, ավելացնել աքսեսուարներ և անել ուրիշ դիմահարդարում, արդյունքում նույն հագուստը կարող է լրիվ այլ տեսք ստանալ:  

Բեմական հագուստ 

Այս հագուստը լրիվ բեմական է: Սրանով կարելի է ֆոտոսեսիա անել, ելույթ ունենալ միջոցառմանը կամ էլ օգտագործել տեսահոլովակի նկարահանման ժամանակ: Բայց առօրյայում ես այս հագուստը երբեք չեմ հագնի:

Ես գնում եմ գնումների, երբ կա դրանց անհրաժեշտությունը, և միշտ մենակ: Դա ինձ համար մենակ մնալու հնարավորություն է: Ինչպես շատ աղջիկների համար, այնպես էլ իմ, դա լավագույն միջոցն է ինքդ քեզ հաճույք պատճառելու և բարձրացնելու տրամադրությունը: Ցավոք, ես ոչ միշտ այդ ազատ ժամանակի հնարավորությունն ունեմ, այդ իսկ պատճառով ես հաճախ հագուստը պատվիրում եմ օնլայն:

Ժամադրության գնալիս

Այս հագուստով կարելի է գնալ նորաձևության ցուցադրության, ժամադրության, ինչպես նաև բիզնես հանդիպման:

Գույների հանդեպ հատուկ նախընտրություն չունեմ և կարծում եմ՝ յուրաքանչյուր գույն իր առանձնահատկությունն ունի, կարևորը, թե ինչպես այն կմատուցես և ինչպես կհամադրես:

Զբոսնելիս

Այս հագուստը իդեալական է նայվում բարձրակրունկների և կեդերի հետ: Սա իմ առօրյա կերպարն է: Ես այս տեսքով գնում եմ փորձերի, զբոսնում եմ քաղաքում և գնում կինո:

Ես արմատական փոփոխությունների սիրահար չեմ, բայց սիրում եմ հագուստի հետ էսքպերիմենտներ անել: Բավականին հաճախ եմ այդպես անում: Մազերս երբեք չեմ ներկել և դժվար մի օր որոշեմ փոխել գույնը:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Արտ-տնօրեն՝ Կարեն Անտինյան