Իմպուլսիվ ֆեյսբուքահայության բառադի պահանջները


12:33 , 29 օգոստոս, 2017

Իմպուլսիվությունը մեր ազգային մենթալիտետին բնութագրող հիմնական գծերից մեկն է ու դա նորմալ է։ Աննորմալ է, երբ իմպուլսի լինելուց հետո չեն հանդարտվում և սկսում են հեռու գնացող պահանջներ ու ակնկալիքներ մոգոնել, որոնք ռացիոնալության հետ աղերս չունեն։

Խոսրովում հրդեհ է լինում ու իմպուլսիվ պահանջը հանրային օրակարգում է՝ գնե՛նք հատուկ ինքնաթիռ/ինքնաթիռներ, որ էլ մեկ էլ ռսներից չուզենք։ Ու ջհանդամ, թե էդպիսի հրդեհները 30 տարին մեկ չեն լինում, իսկ մի այդպիսի ինքնաթիռը միլիոնավոր դոլարներ արժե։

Երևանում ջրհեղեղ է լինում ու իմպուլսիվ պահնաջը հանրային օրակարգում է՝ քանդե՛նք փողոցները, նոր ջրահեռացման համակարգ սարքենք։ Ու ջհանդամ, թե էդ աշխատանքը մի քանի տասնյակ միլիոնավոր դոլարներ կպահանջի, իսկ նման ջրհեղեղներ կարող է 10 տարին մեկ լինեն ու հետևանքները կարելի է մի քանի հարյուր հազար դոլարով վերացնել։

Հիմա էլ Նաիրիտն է հրդեհվել։ Ավելի ճիշտ՝ դրա պահեստներից մեկը։ Իմպուլսիվ պահանջը, իհարկե՛, հանրային օրակարգում է՝ փակե՛լ/ոչնչացնե՛լ/օքսիդացնե՛լ Նաիրիտը։ Ու ջհանդամ, թե ավելի նպատակահարմար չէ մի հատ հասկանալ ֆինանսական սև անցքի պատճառները, որում հայտնվել է այդրունաբերական այս գիգանտը, կամ էլ գոնե պարտադրել սեփականատերերին գործարանի այնպիսի արդիականացում, որ անվտանգության միջոցները ավելի արդիական ու արդյունավետ լինել։ Չէ՛, քանդե՛լ, փակե՛լ, ոչնչացնե՛լ։ Ի՜նչ մի պետք է ուղեղ ծանրաբեռնել։ Մեզ արդյունաբերություն պետք չի, մենք ագրարային երկիր ենք կառուցում։

Ու մի՛ պատմեք էկոլոգիայի ու այլ մուսիպուսիների մասին։ Էդ լոլոներով 80-ականների վերջից ինչ ունեինք-չունեինք փակել տվեցիք, բայց արի ու տես, որ հա՛մ բնական մահացիությունը շատացավ, հա՛մ օնկոլոգիան, հա՛մ խնդիրները, իսկ տնտեսությունն էլ գնալով ավելի ու ավելի է նմանվում Աֆրիկայի գաղութացման շրջանի տնտեսության։ Ասենք՝ Փղոսկրի Ափի։ Զատո թունավոր ծուխ չի լինի, ԱԻՆ-ն էլ ստիպված Ստամբուլը ծխի ծովի վերածելու մասին հաղորդագրություններ չի տարածի։