Հայկական քաղաքականություն, դու աշխարհի ամենազազրելի երևույթն ես


11:27 , 9 ապրիլ, 2013

ՔՈ ՊԱՏՃԱՌՈՎ ԶՈՀՎԵՑ ՄԵՐ ԹԱՂԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՂԵՐՔԻՑ ՄԵԿԸ, ԱԶԱՏԱԶՐԿՎԵՑ ՄԱՆԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՍ, ԻՍԿ ԱՎԱԳ ԸՆԿԵՐՍ ԲԱՐՈՅԱԶՐԿՎԵՑ ԵՎ ԴԱՐՁԱՎ ՀԱՐԲԵՑՈՂ:

Քո անունը Հայկական քաղաքականություն է, դու աշխարհի ամենազազրելի երևույթն ես: Փոքր տարիքում ոգևորված էի քեզանով, քո պատճառով առաջին տարաձայնությունը եղավ իմ և մանկական ընկերոջս միջև: Ակամայից ես հայտնվեցի մի ճամբարում, իսկ նա՝ մյուս, իսկ մեր միջև խոր խրամատ էր: Վերջում հասկացանք, որ երկուսս էլ սխալվել ենք: Նա, ի տարբերություն ինձ, շատ ակտիվ էր, դե կոլոտները միշտ ակտիվ են լինում: Իսկ մյուս ընկերս, պաշտոն ստանալով, ավելի էր ոգևորվել քեզանով, առանց քեզ չէր պատկերացնում իր կյանքը: Եվ դու խժռեցիր բոլորին: Մանկական ընկերս՝ Առաքելյան Տիգրանը, դատապարտվեց 6 տարի ազատազրկման, Թաղի լավագույն տղաներից մեկը՝ Համլետը, զոհվեց մարտի մեկին՝ պառկելով պայթող նռնակի վրա: Սուրենյանց Սուրենը կործանվեց դատական քաշքշուկի մեջ՝ դրամաշորթության մեղադրանքով, և իր անբաժան ըներն է դարձել ալկոհոլը:
Դու նման ես Հայկական կազինոյի, որտեղ հասարակ մահկանացուն շահելու ոչ մի տարբերակ չունի: Բայց նա հիմա այնքան աղքատ է, որ ստիպված գալիս է քո մոտ՝ մի կտոր հաց շահելու համար, իսկ քո ներսում խաղում են տերերը. տեսնելով հասարակ սովալլուկ դժբախտին՝ երկուսն էլ կանչում են իր կողմից խաղալու, հենց մտնում է խաղի մեջ, պարզվում է, որ նրանք խաղում են ոչ թե իր հետ, այլ իր վրա:
Դրա համար ես քեզ ատում եմ իմ ամբողջ հոգով ու սրտով, ես պայքարելու եմ հենց քո դեմ: