Արևի, Հրի ու Հրածին մարդու մասին


00:15 , 9 ապրիլ, 2013

Մայր մտնող արևի վերջին շողերը հանդարտ հանգչում էին Արարատի ճերմակահեր գագաթին…Արարատյան ծիրանենին վերընձյուղվել էր դեպի արևը և նրա քաղցր համբույրից հագեցած, գոհունակորեն բուրում է: Գոհունակ ժպիտը դեմքին` նա սիրով պիտի փակեր աչքերը, եթե խոլական մի խորշակ, պոկված վայրի լեռների միջանցիկ ձորերից` իր սառնությամբ չփախցներ նրա քունը:
Հիսունն անց մի տղամարդ նայում էր ծաղկած ծիրանենուն ու մրսում… Նայեց երկար, ապա հապճեպ քայլերով հեռացավ, կարծես ինքն իրենից ուզում էր փախչել… Քիչ անց լացով ընկավ ընկերների գիրկն ու հեկեկաց. «Տղերք, Հրաչին են խփել… Ինձ են խփել, քեզ են խփել…»: Կկոցեց աչքերը, բռնեց ճակատն ու ծանրորեն նստեց աթոռին…Սենյակում տիրեց ծանր, հոգեմաշ լռություն: 
Ամենքի սիրտը բաբախում էր համաչափ ու տառապում նույն կսկիծով…
Ընկերը գլուխը կտրուկ վեր բարձրացրեց, արցունք-աչքերի մեջ զայրույթի բոցեր բռնկվեցին ու գրեթե գոռալով ասաց. «Տղերք, Հրաչին խփել են, ու էդ գյուղում կարծես բան չէր փոխվել… Մի կին հանդարտ փոցխ էր անում, երկուսը` ամենօրյա բամբասանք… Թափառում էի գյուղում` ինքս ինձանից վերացած, ուզում էի հասկանալ գյուղն առանց Հրաչի, բայց… չհասկացա: Տղերք, չհասկացա….ապրելու ապրիլ էր, ծաղկած ծիրանենի, ախ Հրաչ, Հրաչ…»: Ձայնը մարեց, իսկ տղերքը հուզմունքից կարծես դողում էին…Ամենքն էլ գիտեին, որ Հրաչը խփվել է… Հրաչը` հրածին իրենց ընկերը` գաղափարական, մարտական, հայեցի ու հայորեն ապրող իրենց Հրաչը…
Ամենքի սիրտը բաբախում էր համաչափ ու տառապում նույն կսկիծով…
Լռությունը խախտեց ընկեր Խաչիկը. 
- Տղերք, Հրաչին…,- տվեց անունն ու աչքերը նորից լցվեցին: Կուլ տալով կոկորդում կանգնած արցունքի մաղձը` դողդոջուն ձայնով շարունակեց,-Տղերք, Հրաչի հետ ինձ առաջին անգամ ծանոթացրեց մեր Արամը (Պոնչ ջան, հավերժ փառք քեզ…), մեր գումարտակի Սաքոյի հարսանիքին էր: Գիտե՞ք՝ ինչպես ծանոթացրեց. ասաեց` «Խաչ, Հրաչը գիտե՞ս ով է… ՀՐԱՉԸ ԴԱ ՀՐԱՉՆ Է…»: 
Տղերքի աչքերը լցվեցին արցունքով ու կարծես մի հրահանգով դարձան դեպի Արամի նկարը… Նրա կողքին Թաթուլն էր, Սիմոնը, Վիգենը, Պետոն, Արթուրը………..
Արամը, Հրաչը, Սիմոնը, Պետոն, Կարոտը…… Նրանք…….
Ապրելու ապրիլ էր, շուրջը մշտանորոգ գարուն, ծաղկած ծիրանենի, բայց Պռոշյան գյուղի պանթեոնում հուղարկավորություն էր` կյանքի մայրամուտ, ու մի խումբ երիտասարդներ երգում էին` «Վերքերով լի ջան ֆեդա եմ….»: Մշտանորոգ գարուն էր, ծաղկած ծիրանենի ու…..օր էր, որը պիտի ունենար մայրամուտ, հետո արշալույս, իսկ թե մարող և թե ծագող արշալույսի հերոսը մեկն է` Արևը, Հուրը, Հրածին մարդը…
Արթուր Մկրտչյան