Թե լացս չգար, կծիծաղեի...


20:02 , 8 ապրիլ, 2013

Կեսօրին մոտ էր: Դուրս եկա ծխախոտ գնելու (գիտեմ՝ ծխելը վնաս է առողջությանս): Հացի կրպակի մոտով անցնելիս մի տարեց կնոջ տեսա: Կանգնել, ձեռքի տոպրակը ծանրութեթև էր անում: Հետո ձեռքը տարավ ներս ու դուրս բերեց մի «բուխանկա» հաց ու էլի սկսեց ձեռքը վերև-ներքև անել: Հացը դուրս թռավ ձեռքից ու հայդե ասֆալտի կողքի հողոտ տարածքի փոշիների մեջ: Չհասցրի մոտենալ, ինքը կռացավ վերցրեց ու սկսեց փոշին թափ տալով բարձրաձայնել.
- Անտերն էնքան թեթևա, որ ծտի պես ձեռքիցս թռավ, ասես ինքն իր հետ խոսելով: 
Ասացի՝ մայրիկ, դա թող նորը գնիր: Դա արդեն թռչունների փայն է:
- Է՜ տղաս, վերջին 90 դրամս տվի, օղորմի վաճառողի հորը, 100 դրամանոցը 90 - ով տվեց: 
...Ներսումս ինչ-որ բան կատարվեց... Հացը վերցրի, ձեռքով կտրեցի ու դրեցի մի քարի վրա՝ ասելով.
- Մայրիկ ես նորը կգնեմ, սա թող ճնճղուկներին: 
Մոտենալով կրպակին՝ 3 հատ գնեցի, երկուսը իրեն, մեկը ինձ համար (վաղուց այդ հացից չէի գնել):
- Շնորհակալ եմ, տղաս, մի հատը նախաճաշին չի հերիքում...,-ասաց ու հեռացավ:
Հետաքրքրությունից դրդված որոշեցի տուն տանել, կշռել: Ճանապարհին էլ զարմացել էի: Աջ ձեռքիս երկու տուփ ծխախոտը ավելի ծանր էր թվում, քան ձախ ձեռքիս «բուխանկան»: Տանը մարդ չկար, մոտեցա խոհանոցում դրված կշեռքին, որն անգործ կանգնած էր անհիշելի ժամանակներից: Հացը վրան դնելով՝ ապշեցի, կշեռքիս վեջը չէր... Չգիտեի լա՞լ, թե՞ խնդալ...