Կանանց երազանքների սահմանը


18:41 , 8 ապրիլ, 2013

Կանայք բնույթով լինում են`

1. տնային տնտեսուհիներ  

2. բարի, հոգատար ու հարմարվող

3. գործնական և հաստատակամ   

4. իշխող

5. ճակատագրական:

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նշեց, որ ինքը բավականին երազկոտ է, սակայն ոչ միայն երազում է, այլև իրականացնում դրանք. «Չեմ սպասում, որ հայտնվի սպիտակ ձիով մեկն ու իրականացնի երազանքներս»: Ըստ երգչուհու` երազելը տարիք և սեռ չունի, թեև թվում է` կանայք ավելի շատ են երազում` պայմանավորված իրենց հուզականությամբ: Ինչ վերաբերում է կանանց ամենանվիրական և թաքուն երազանքներին, դրանք վերաբերում են նրա անձնական կյանքին և ընտանիքին:

 

Մոդել, սերիալային դերասան Դավիթ Աղաջանյանի համոզմամբ` յուրաքանչյուր նորմալ մտածող կին երազում է սիրո և լավ ընտանիք ունենալու մասին: «Կանայք տարբեր են, նրանց երազանքները` նույնպես»,- ասաց Դավիթն ու, որպես կանանց երազանք, նշեց նաև միշտ ուշադրության կենտրոնում լինելու ցանկությունը:

 

Դերասանուհի, հաղորդավարուհի Արփինե Իսրայելյանը կանանց երազանքների մասին իր պատկերացումներն ունի: Դերասանուհու համոզմամբ` կանայք ավելի շատ են երազում, քան տղամարդիկ, սակայն և´ կանայք, և´ տղամարդիկ մի երազանք ունեն, որն ընդհանուր է` երջանիկ ընտանիք ունենալը: «Երազանք ասվածը վերացական է. ավելի ճիշտ է նպատակադրվելն ու դրան հասնելը, քանի որ կյանքում անհնարին ոչինչ չկա»,- կարծում է Արփինեն:

 

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը չի տարանջատում կանանց և տղամարդկանց երազանքները: Ըստ նրա` կան մարդկային երազանքներ: «Մեկի համար դրանք կարող են լինել երազանքներ, մյուսի համար նպատակներ, սակայն հիմքը մեկն է: Իսկ կանայք և տղամարդիկ երազում են հավասարաչափ: Պարզապես տղամարդիկ հիմնականում դա ներկայացնում են որպես նպատակ, կանայք` որպես երազանք: Յուրաքանչյուրն էլ երազում է երջանիկ լինելու և իր աշխատանքում հաջողությունների հասնելու մասին»,- ավելացրեց երգչուհին:

 

Հաղորդավարուհի, մանեքենուհի Աննա Գրիգորյանը թեև կարծում է, որ յուրաքանչյուր մարդ անհատականություն է, միաժամանակ նշում է, որ կան ընդհանուր գծեր, որոնք բնորոշ են Եվայի ցեղին, և գծեր, որոնք բնորոշ են Ադամի ցեղին :) Ըստ նրա` յուրաքանչյուր կին որքան էլ երազի լավ աշխատանք ունենալու և կարիերայում հաջողություններ գրանցելու մասին, հասկանում է, որ դա իրենչի ջերմացնի: Այդ ջերմությունը, որի կարիքն ունեն բոլորը, կարող է տալ միայն ընտանիքը: «Կարծում եմ` ես և շատ կանայք երազում ենք երջանիկ, առողջ, մեծ ընտանիք ունենալու մասին»,- նշեց Աննան:

 

Երգիչ Էրիկը նշեց, որ երբևէ չի մտածել` ինչի մասին կարող են երազել կանայք: Ըստ նրա` կանանց դժվար է լիովին հասկանալ, առավել ևս` հաստատ իմանալ, թե նրանք ինչի մասին են երազում. «Հենց դրա մեջ է կանանց հետաքրքրությունը. նրանց հասկանալը դժվար գործ է :) Երբևէ չեմ խորացել` ինչի՞   մասին նրանք կարող են երազել, սակայն նկատի ունենալով մայրիկիս, շրջապատիս օրինակը, կարծում եմ` կանայք պետք է որ երազեն անձնական երջանկության մասին»,- ասաց Էրիկն ու հավելեց, որ մնացած ամեն ինչին նրանք կարող են հասնել իրենց խելքով և գեղեցկությամբ: Իսկ երազելն, ըստ երգչի, ոչ թե կնոջ, այլ մարդկային հատկանիշ է:

 

Սերիալային դերասանուհի Լիա Զախարյանը նշեց, որ յուրաքանչյուր աղջիկ երազում է նախ` անձնական երջանկության, ամուր ընտանիքի և առողջ բալիկների, ապա` կարիերայում հաջողություններ գրանցելու մասին: «Յուրաքանչյուր աղջիկ ուզում է գտնել կատարյալ տղամարդու, սակայն դա աղջկական անիրականանալի երազանք է, քանի որ բոլորը մեկում չի լինում, լինում է մեկը, ով և´ թերություններ ունի, և´ առավելություններ, բայց քո իդեալն է»,- ասաց Լիան և հավելեց, որ, իր համոզմամբ, կանայք ավելի երազկոտ են, քանի որ նուրբ և ռոմանտիկ էակներ են: Այս առումով տղամարդիկ ավելի նպատակասլաց են. «Իհարկե, կան կանայք, ովքեր ավելի նպատակասլաց են, քան տղամարդիկ, սակայն նրանք քիչ են»:

 

 

Մոդել, դերասան Մովսես Երեմյանի համոզմամբ` կանայք ավելի շատ են երազում, ինչը պայմանավորում է այն հանգամանքով, որ նրանցից շատ բան կախված չէ: Ըստ նրա` տղամարդիկ նպատակներ են սահմանում և փորձում հասնել դրանց, իսկ կանայք երազում են: «Ինձ համար երազանքն այն է, ինչը հնարավոր չէ իրականացնել: Կանայք հաճախ են ունենում նման երազանքներ: Կարծում եմ` հաճախ իրենք էլ չգիտեն` ինչի մասին են երազում: Կանայք տարօրինակ մարդիկ են: Նրանք շատ փոփոխական են, իրենց երազանքները` ևս: Ըստ էության` բոլորն իրար նման են, միաժամանակ` տարբեր: Ինձ համար մի քիչ դժվար է նրանց հասկանալ, բայց կարծում եմ` տրամաբանորեն, բոլորն էլ անձնական երջանկության մասին են երազում»,- ասաց Մովսեսը: