Երբ գալիս է սեպտեմբերը... մենք պեղում ենք հայտնիների «Առաջին քայլերը»: Կարող ես բացահայտել, թե որ դպրոցն է հաճախել այս կամ այն հայտնի մարդը, և ինչն է հատկապես տպավորվել սեպտեմբերի մեկից: Մի բան հաստատ է. որքան էլ տարիներն անցել են, այնուամենայնիվ, բոլորն էլ մեծ ոգևորությամբ են հիշում իրենց ուսումնական առաջին տարվա առաջին օրը: Կարդա´ և համոզվի´ր ինքդ:
Հրաչ Մուրադյան. «Մայրս որոշեց փոխել լուսանկարս»
Հաղորդավար Հրաչ Մուրադյանը` Արչին, սեպտեմբերի մեկը դիմավորել է թիվ 158 միջնակարգ դպրոցում, որտեղ երկու տարի սովորելուց հետո ծնողների հետ մեկնել է Մոսկվա և սովորել տեղի թիվ 672 դպրոցում: Մինչև դպրոց գնալը Հրաչը նույնպես մանկապարտեզ է հաճախել, դպրոցական հագուստներն էլ հայրն է Մոսկվայից բերել: «Հիշում եմ, որ սեպտեմբերի մեկին սպիտակ վերնաշապիկով, կապույտ շորտով, «բաբչկայով», սանդալներով ու, բնականաբար, պայուսակով էի: Հիշում եմ նաև, որ առաջին օրը նստել եմ մեր դասարանի Տաթևիկի կողքին, իսկ առաջին ուսուցչուհիս ընկեր Գասպարյանն էր` բոլոր տարիների իմ ամենասիրելի ուսուցչուհին»,- ակնածանքով ասաց Արչին: Հաղորդավարը «Առաջին քայլերի» հետ կապված մի հետաքրքիր դեպք պատմեց. պարզվում է` «Առաջին քայլերի» համար լուսանկարվելուց հետո, երբ Հրաչը ստացել է այն, մայրը չի հավանել լուսանկարը և, պոկելով այն, մեկ այլ լուսանկար է տեղադրել: «Հա, էդ նկարում վիզս կարծես ծուռ լիներ, մայրս էլ որոշեց փոխել այն»,- մանրամասնեց Արչին: Նրա հավաստմամբ` դասից ուշանալ, դասին քնել... նման բաները Հրաչի համար չեն եղել, քանի որ մանկուց շատ պարտաճանաչ է եղել:

Լիլիթ Դավթյան. «Մանկապարտեզիս մոտով էի տուն վերադառնում»
«Արմենիա» հեռուստատեսության «Ժամը» լրատվականի մեկնաբան Լիլիթ Դավթյանը մինչև դպրոց հաճախելը մանկապարտեզի սան է եղել և հենց նախադպրոցական խմբում էլ ստացել է իր առաջին «վինետկան»` «Առաջին բարձունքը» (լուսանկարում հենց դա է-հեղ.): «Այն ժամանակ երեխաները տառաճանաչ էին դառնում կա´մ դպրոցի զրո դասարան հաճախելով, կա´մ մանկապարտեզի նախադպրոցական խմբում: Վերջինը դպրոցից տարբերվում էր մի քանի բանով. թեև կային աշակերտական նստարաններ, դասապրոցես ու տնային հանձնարարություններ, բայց նաև ճաշի ու հանգստի ժամ ունեինք»,- պատմեց Լիլիթը: Հեռուստամեկնաբանը իր սեպտեմբերի մեկը դիմավորել է Երևանի թիվ 133 միջնակարգ դպրոցում: Նա հիշեց, որ ուստարվա առաջին օրը լացել է և անընդհատ կրկնել, որ ցանկանում է դարձյալ մանկապարտեզ գնալ. «Մանկապարտեզում հատկապես շատ էի սիրում հանգստի ժամը, քանի որ իմ մահճակալից անմիջապես մեր բնակարանն էր երևում: Դպրոցական տարիներիս էլ միշտ մանկապարտեզիս մոտով էի տուն վերադառնում»: Իր սեպտեմբերի մեկը Լիլիթը շատ լավ է հիշում: Լուրերի մեկնաբանը նշում է, որ սեպտեմբերի մեկին հագել է թավշյա կտորից կիսաշրջազգեստ ու սպիտակ վերնաշապիկ, իսկ մազերը երկու պոչիկ է արել` մեծ ժապավեններով:

Արտակ Վարդանյան. «Դասի ժամանակ առանց հարցնելու զուգարան էի գնում»
Երիտասարդ հաղորդավար Արտակ Վարդանյանը հաճախել է Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 միջնակարգ դպրոցը: Նա սեպտեմբերի մեկին ընդամենը 10 րոպեով է եղել դպրոցում և այդ ընթացքում հասցրել է զանգերի ղողանջները հնչեցնել. «Արդեն սեպտեմբերի մեկն էր, բայց ես դեռ պատրաստվում էի մանկապարտեզի մի միջոցառման, որի հաղորդավարն էի: Սեպտեմբերի առաջին շաբաթը դասի չեմ գնացել, անընդհատ այդ հանդեսի փորձերին էի մասնակցում: Բայց սեպտեմբերի մեկին հասցրել էի ծանոթանալ իմ առաջին ուսուցչուհի ընկեր Մարտիրոսյանի հետ, ում համար մենք վերջին դասարանն էինք»: Արտակը նշեց նաև, որ չի ցանկացել դպրոց գնալ, որովհետև մանկապարտեզում և տանը իրեն շատ լավ է զգացել: «Սեպտեմբերի մեկին նախապես էինք պատրաստվել. մորաքրոջս ամուսինը Իրանից կոստյում էր բերել, որով էլ լուսանկարվել եմ «Առաջին քայլերի» համար, իսկ մնացածը ծնողներս էին գնել»,- ասաց Արտակը: Առաջին դասարանից և հատկապես դպրոցական առաջին օրերից Արտակի մեջ հատկապես տպավորվել է այն, որ դասի ժամանակ, երբ ցանկացել է զուգարան գնալ, առանց հարցնելու դուրս է եկել դասարանից, ինչի համար էլ նկատողություն է ստացել: «Շատ անգրագետ երեխա եմ եղել մինչև երրորդ դասարանը. միշտ բառի կեսը չէի գրում, կեսից քնում էի, դասից` ուշանում»,- ժպտալով պատմեց Արտակը:

Տիգրան Մակարյան. «Դպրոցում շատ կռվարար երեխա եմ եղել»
Դերասան Տիգրան Մակարյանը ևս, նույն ինքը` «Հրեշտակների դպրոցը» սերիալի գլխավոր հերոս Լևոնը, մինչև դպրոց հաճախելը գնացել է մանկապարտեզ: Տիգրանի համար սեպտեմբերմեկյան առաջին զանգը հնչել է Երևանի Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցում: «Հիշում եմ, թե ինչպես սեպտեմբերի մեկին պապայիս ու քրոջս հետ գնացի դպրոց, քույրս էլ էր սովորում նույն դպրոցում: Առաջին ուսուցչուհիս Նելլի Սերգեևնան էր: Հիշում եմ` միջանցքում կանգնած սպասում էինք, թե երբ ենք դասարան մտնելու. ինձ հետ էին նաև իմ մանկապարտեզի մի քանի ընկերները: Նաև հիշում եմ, որ ինձ նստեցրել էին առաջին նստարանին` մեր դասարանի Էդիկի կողքին»,- պատմեց Տիգրանը: Նրա խոսքերով` իր համար մեծ տոն էր սեպտեմբերի մեկին պատրաստվելը. «Շատ դժվարությամբ ընտրեցի պայուսակս. մոտ տասը օր փնտրում էի: Վերջում ընտրեցի արծաթագույն պայուսակ` վրան, եթե չեմ սխալվում, ռոբոտի նկարով: Նաև ֆուտբոլիստների նկարներով տետրեր էինք ընտրել, իսկ հագուստս ծնողներս էին ընտրել»: Դերասանը պատմեց նաև, որ դպրոցում շատ չարաճճի երեխա է եղել. «Կարելի է ասել, սպասում էի` երբ է դասն ավարտվելու, որ մի փորձանք բերեի գլխիս կամ կռիվ սարքեի: Մի անգամ նույնիսկ երկրորդ հարկի աստիճաններից վայր եմ ընկել, կոտրվածքներ ստացել: Մի քանի լուսանկարներ ունեմ, որոնց մեջ երևում է, որ այդ օրը կռիվ եմ արել, որովհետև վերնաշապիկիս կոճակներն արձակված են: Մի խոսքով, դպրոցից ամենաշատը կռիվներն են տպավորվել»: Զարմանալի է, բայց փաստ, որ Տիգրանը չարաճճիության հետ մեկտեղ նաև շատ լավ է սովորել դպրոցում: «Մի անգամ, երբ հայրս Ռուսաստանում էր աշխատում, դպրոց եկավ մորաքրոջս ամուսինը. ինձ հարցրին, թե ով է նա, պատասխանեցի` դվայուրդնի պապաս»,- ուրախությամբ հիշեց Տիգրանը: Ըստ նրա` դպրոցական տարիներից շատ լուսանկարներ ունի, իսկ ահա վինետկայի համար, որը կոչվում է «Բարի երթ», լուսանկարվել են միայն երրորդ դասարանում:

Ժաննա Բուտուլյան. «Ում հետ կռվում էի, դեմքերը ներկում էի»
«Դժվար ապրուստ» հեռուստասերիալի դերասանուհիներից Ժաննա Բուտուլյանը, նույն ինքը` Սյուզկան, պատմեց, որ մանկապարտեզ չի հաճախել, բայց շատ ընկերներ է ունեցել բակում. «Մամաս չէր աշխատում, դրա համար էլ մանկապարտեզ չեմ հաճախել: Բայց ես տան երեխա չեմ եղել. այդ շրջանում ավելի շատ բակում էի լինում»: Ժաննան հաճախել է Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցը: Մասնագիտությամբ հոգեբան սկսնակ դերասանուհին իր սեպտեմբերի մեկից այնքան էլ շատ բան չի հիշում. միայն պատմեց, որ նստել է իր մորաքրոջ աղջկա կողքին, քանի որ իրենք նույն դասարանում էին սովորելու: «Դպրոցում շատ չար երեխա եմ եղել. ինձ լավ չէի պահում, շատ էի խոսում, իսկ դասամիջոցներին էլ վազվզում էի, մի խոսքով... դե, բակի երեխա եմ եղել»,- փայլող ու ժպտուն աչքերով խոստովանեց Ժաննան: Առաջին դասարանի ավարտին` դասարանով լուսանկարվելու օրը, Ժաննան շատ լավ է հիշում. «Այնպես էր ստացվել, որ նախապես չէին զգուշացրել. ես էլ գնացի դպրոցի տնօրենի սենյակից զանգեցի մամայիս ու ասացի, որ գա և մազերս հարդարի»: Ժաննան ասաց նաև, որ դպրոցում լավ չի սովորել, միայն ութերորդ դասարանից հետո է սկսել կարգի բերել գնահատականները: Ըստ նրա` երբ դպրոցում ինչ-որ մեկի հետ վիճել է կամ իրեն են նեղացրել, տուն հասնելուն պես վերցրել է վինետկան ու ներկել տվյալ մարդու դեմքը:
Նշենք, որ Ժաննան «Առաջին քայլեր» չի ունեցել, դրան փոխարինել է երրորդ դասարանում պատրաստված «Հրաժեշտ դասվարին» վինետկան:
