Աստղային ԿառեMANIA


22:02 , 8 ապրիլ, 2013

Կառե սանրվածքի ժամանակակից դրսևորումներից մեկը բոբ կառեն է, որը 20-րդ դարի ամենասկանդալային սանրվածքն է: Դրա հեղինակը ֆրանսիացի ոճաբան-վարսահարդար Անտուան դը Պարին է: Ասում են` այդ տարիներին բոբ կառեի պատճառով կանանց ազատել են աշխատանքից, իսկ վարսահարդարման պահպանողական սրահները պարզապես մերժել են այդ կտրվածքը պատվիրող հաճախորդներին: Բայց անցավ որոշ ժամանակ, և բոլորը հասկացան, որ բոբը ունիվերսալ է, միաժամանակ` կանացի: Ամերիկացի դերասանուհի Մերի Էնն Ջեքսոնը դարձավ առաջին հայտնիներից մեկը, ով փորձեց այդ կտրվածքը: Նրան հետևեցին շատերը` համր կինոյի աստղ Լուիզա Բրուկերսը և դերասանուհի Կլարա Բոուն: Անգամ հանրահայտ Կոկո Շանելն էր բոբի կրքոտ երկրպագու:

 

 

Եվս մեկ ակնհայտ առավելություն. բոբը սազում է գրեթե բոլոր կանանց` անկախ տարիքից ու դեմքի ձևից: Առանձնացվում են բոբի մի քանի տեսակներ.

1. Դասական բոբը առանց մազափնջի` չոլկայի, ամենաունիվերսալ կտրվածքն է: Այն կարող է կատարյալ սանրվածք լինել բիզնես-լեդիների համար, քանի որ թույլ է տալիս հեշտ և արագ ստանալ գեղեցիկ սանրվածք կլոր սանրի միջոցով:

2. Ընդգծված բոբ. այս սանրվածքը բավականին հեշտ է, պարզ բոբ միջին երկարության` ընդգծված մազափնջով:

3. Ասիմետրիկ բոբ. այս տարբերակն ավելի կանացի է: Մազերը ծոծրակի մոտ չափազանց կարճ են, սակայն աստիճանաբար երկարում են դեմքի ուղղությամբ: Մի կողմից մազերը գրեթե հասնում են ուսերին, մյուս կողմից` կզակին: Այս կտրվածքն ավելի շատ սազում է կլոր դեմք ունեցողներին:

4. Ռետրո բոբ. բոբի այս տեսակը` գագաթից իջնող կարճ մազափնջով և ընդգծված ալիքներով, հիշեցնում է 1970-ականները: Այս սանրվածքում կարևորը մազափնջի հարդարման եղանակն է. այն պետք է հարդարել նուրբ գանգուրներով` ճակատի ուղղությամբ, որը պետք է գրավի միայն ճակատի վերին հատվածը:

5. Ջազ բոբ. այս սանրվածքում մազափունջն առաջնային դեր է կատարում: Որքան այն կարճ լինի, այնքան լավ, իսկ մազերի ծայրերը ոլորվում են դեմքի ուղղությամբ: Եթե ձեր դեմքը կլոր է կամ քառակուսի, ցանկալի է, որ մազերը կզակից երկար չլինեն: Սա բոբի ամենաէլեգանտ տարբերակն է, որը չափազանց զգացմունքայնություն և կիրք է հաղորդում: Այս տարբերակն առավել համարձակ ու ինքնավստահ կանայք են նախընտրում:

Բոբ կառեն նախընտրող կինը հավասարակշռված է և խելամիտ: Բայց նա հաճախ դժգոհ է իր ընտանեկան կյանքից և աշխատանքից, չի կարողանում գնահատել այն, ինչ ունի:

 

Վիկտորյա Բեքհեմ

Վիկտորյա Բեքհեմը բոբ կառեի անդավաճան նվիրյալներից է, ով 2007-ին իր երկար մազերը փոխարինեց հենց այս սանրվածքով: Նա այսօր համարվում է բոբ կառեի «իկոնա», ում կառեն չի խանգարում զանազան սանրվածքներ փորձել: Եթե երբեմն լուսանկարներում Վիկտորյային տեսնես երկար մազերով, ուրեմն նա հատուկ է արհեստական միջոցներով երկարացրել դրանք, սակայն, ինչպես ինքն է ասում, բոբ կառեն իր ամենասիրած սանրվածքն է:

 

 

Անի Քոչար

Վերջերս կառե սանրվածք է ընտրել նաև «Անի Քոչար փրոդակշն» գլխավոր տնօրեն Անի Քոչարը: Թեև Անին անդավաճան երկարավարս էր արդեն երկար տարիներ, բայց հանգամանքերի բերումով նա նախընտրեց բոբ կառե սանրվածքը:

 

Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն այս տարվա «Տաշիր» մրցանակաբաշխությանը ներկայացավ կարճ սանրվածքով: Բոլորը կարծեցին, թե երգչուհին կտրել է մազերը` կրկին նախապատվությունը տալով կառեին: ««Տաշիրի» իմ սանրվածքը որոշվել է ելույթից րոպեներ առաջ. մտածում էինք` ուղիղ, երկար վարսերո՞վ լինեմ, թե՞ հավաքած: Վերջնական որոշումս հավաքածն էր և, իհարկե, պետք էր Անի Ավդալյանի պես մասնագետ, որ կարողանար այդքան կարճ ժամանակում աներ ճիշտ այնպես, ինչպես ես էի ուզում և իր վարպետության շնորհիվ էր, որ բոլորը կարծեցին, թե մարզերս կտրել եմ»,- ասաց Սիրուշոն:

 

Անահիտ Սիմոնյան

Շատ ավելի վաղուց երկար մազերը կարճ կառեով փոխարինեց երգչուհի Անահիտ Սիմոնյանը` ժամանակ առ ժամանակ արհեստական միջոցներով երկարացնելով դրանք:

 

 

 

Ռիհաննա

Ռիհաննան այն երգչուհիներից է, ով շատ հաճախ է սանրվածքային ոճական փոփոխությունների դիմում. ժամանակ առ ժամանակ նրա երկար մազերը փոխարինվում են հենց բոբով: Բայց նա, ի տարբերություն Վիկտորյայի, այս սանրվածքին հաճախ է դավաճանում :) Արտասահմանյան կայքերից մեկում կատարված հարցմանը, թե «Վիկտորյա և Ռիհաննա. ո՞ւմ է ավելի շատ սազում բոբ կառեն», ավելի շատ ձայներ ստացել էր հենց Վիկտորյա Բեքհեմը:

 

 

Քրիստինե  Պեպելյան

Մշտապես երկարավարս, շիկահեր Քրիստինե Պեպելյանը ևս հետ չմնաց նորաձևության միտումներից` նախընտրությունը տալով կառեին:

 

Լերա Կուդրյավցևա

Ռուսական շոու-բիզնեսի այս վառ ներկայացուցչին մազերը բոբ-կառե կտրել համոզել է Սերգեյ Լազարևը և շատ ճիշտ է արել:

 

Կայա  Խուրշուդյան

Երիտասարդ դերասանուհի Կայա Խուրշուդյանը կարծես սանրվածքային կտրուկ փոփոխությունների կողմնակից է: Արդեն կես տարի հանդես է գալիս կառե սանրվածքով: Կայայի խոսքերով` սա հերթական փոփոխությունն էր. «Շերտ-շերտ կտրված մազերից հետո փոփոխություն էի ուզում ու քանի որ սիրում եմ կտրուկ փոփոխություններ անել, ընտրեցի հենց կառե սանրվածքը: Բայց այժմ զղջում եմ և փորձում եմ մազերս կրկին երկարացնել. ճիշտ է, գույնը չեմ  փոփոխի, բայց այսուհետև ուզում եմ երկար մազեր ունենալ»: Դերասանուհին նշեց  նաև, որ այս սանրվածքից հետո իրեն հաճախ են ասում, որ սազում է և ավելի երիտասարդ է երևում:

Երգչուհի Էմմին ԱՄՆ-ում մազերը կարճ կտրելուց հետո կարծես երկարացնում է դրանք. այս շրջանում նրա մազերը կառե են:

Իսկ Աստղիկ Ալավերդյանի կառեն էլ թարմ տեսք է հաղորդել նրան:

 

 

Հասմիկ Կարապետյան

Մշտապես երկար սանրվածքով երգչուհի Հասմիկ Կարապետյանը նույնպես նախընտրեց կառեն: Հասմիկի համոզմամբ` շատ պատահական ընտրեց սանրվածքի այս ձևը: «Ժամանակ առ ժամանակ ցանկանում եմ որևէ փոփոխություն անել. հոգնել էի երկար մազերից: Բայց պետք է նշեմ, որ ինձ համար այս սանրվածքը շատ սովորական է, քանի որ երիտասարդ տարիքում միշտ էլ իմ մազերը կառե են եղել: Սանրվածքների հարցում կտրուկ փոփոխությունների շատ դժվարությամբ եմ դիմում, իսկ կառեն ոսկե միջինն է, որ կարող էի ընտրել երկար վարսերից հետո»,- ասաց երգչուհին: Նա նշեց նաև, որ այս սանրվածքը ընտրելուց հետո իրեն հաճախ են ասում, որ երիտասարդացել է: Սակայն երգչուհին որոշել է կրկին երկարացնել մազերը և շատ հետաքրքիր գույն հաղորդել դրանց. դե ինչ, սպասենք Հասմիկի սանրվածքային մյուս փոփոխությանը: