14:49 , 8 ապրիլ, 2013
Հիմա փորձենք հասկանալ, թե ինչու քարոզարշավի հենց առաջին օրը Ծառուկյանը, որը չողջագուրվեց Օսկանյանի հետ, ընդամենը մեկ ասելիք ուներ` հենց ԲՀԿ-ին բան ասիք, ինձ հետ եք գործ ունենալու:
Խնդիրն անշուշտ չէր վերաբերում Թոխմախի Մհերի սովետաշենյան տեսլականներին` ուղղված Օսկանյանին:
Խնդիրն անչափ գլոբալ է: Ինքնին ԲՀԿ-ի քարոզարշավի մեկնարկի ձեւն ու կատարումն արդեն կոդային, հեռուն գնացող եզրակացությունների առիթ են:
Ի՞նչ էր ասում մեր թագավոր ախպերը:
ա)Նա գիտե, որ իր միակ զենքը փողն է, եւ իրենք ուզեն-չուզեն` փող են բաժանելու այս ընտրություններում: Արդեն փորձում են բաժանել: Առանց բաժանելու` ձայն չեն ունենալու: Իրեն չեն թողնում կամ` չեն թողնելու դա անել:
Համենայն դեպս Զորավարը` Վովա Գասպարյանը, հենց էնպես չի Զորավարի կոչում ստացել Րաֆֆուց:
Ասել է` Ծառուկյանն առաջին հերթին պաշտպանվում է Զորավարից:
բ)Ասում է` ինձ հետ եք գործ ունենալու: Նախ լինենք բարեկիրթ ու քաղաքական տիրույթում դիտարկենք ասվածը. այն է` եթե խաթրիս կպաք, խելոք չեմ մնալու, հետընտրական ցնցումների եմ գնալու: Մի՞թե: Երեւացո՞ղ, թե՞ ինչպես ՀԱԿ-ի եւ Րաֆֆու սկզբնական շրջանում եղավ, խիստ անտեսանալի:
գ)Ծառուկյանն «ա լա» ԵՄ դիպկորպուս, զգուշացնում է իշխանություններին` հանկարծ ու Օսկանյանի փողերի գործով առաջ չգալ ու չձերբակալել նրան: Զի առաջ գալու դեպքում լիքն այլ բաներ էլ կհայտնաբերվեն մարդկանց եւ երեւույթների «մասով», որոնք Օսկանյանի եւ Ծառուկյանի հետեւում կանգնածներին հեչ ձեռնտու չեն:
Օսկանյանը միակը չէ ԲՀԿ-ում, որին կարող են «վիրավորել» քրգործեր հարուցելով:
դ)Ծառուկյանը նաեւ իր համար է ստրախովկա անում. զի ինքն էլ ԲՀԿ-ական, իրեն էլ տնտեսականով կարող են ասել` հլը մի հատ կարելի՞ է բյուջեի մասով տեսնեք՝ ինչ կա-չկա, գուցե հարկերը մինչեւ վերջ չեն մուծվում ձեզանում, մեր շատ թագավոր ախպեր:
ե)Եւ վերջապես: Ցնցողը հետեւյալն է. Ծառուկյանը ոչ ավել-ոչ պակաս Անվտանգության խոհրդի անդամ է: Ասել է` նա պարզապես կուսակցության ղեկավար չէ, նա պարզապես օլիգարխ չէ, այլ ավելին է:
Ինչպե՞ս է Անվտանգության խորհրդի անդամը իրեն թույլ տալիս ասել` ինձ հետ գործ կունենաք:
Դա սպառնալի՞ք է պետության հանդեպ:
Թե ո՞ւմ հանդեպ: