Այս գործելաոճով ադրբեջանական կողմը ձգտում է արցախյան հակամարտության ռազմաքաղաքական բաղադրիչը հնարավորինս միջազգայնացնել


22:36 , 16 օգոստոս, 2017
Ադրբեջանի կողմից արհեստականորեն փորձ է կատարվում արցախյան անմիջական հակամարտությանը կամ մարտական գործողություններին, հակառակ կողմի մարտական դիրքերի ուղղությամբ զինատեսակների փորձարկումներին այլ երկրների մասնակցությունը փաստագրել։ Այս գործելաոճով ադրբեջանական կողմը ձգտում է արցախյան հակամարտության ռազմաքաղաքական բաղադրիչը հնարավորինս միջազգայնացնել` այն կապակցելով մասնավորապես մերձավորարևելյան տարածաշրջանում առկա հիմնախնդիրներով։ Հայտնի է, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում այլ երկրների ներգրավման հարցը մտահոգում է նախևառաջ իրանական կողմին` առաջին հերթին ի նկատի ունենալով Թուրքիային, ինչպես և Իսրայելին։ Ադրբեջանի կողմից ձեռքբերված իսրայելական արտադրության ԱԹՍ-ների` իսրայելցի օպերատորների մասնակցությամբ հայկական մարտական դիրքերի ուղղությամբ փորձարկմանը մասնակցելու ադրբեջանական կողմի պահանջը հաստատում է Ալիևի կողմից վերը նշված մարտավարությունը։ Սա լավ հնարավորություն է Ալիևի համար Իսրայել-Իրան հակամարտությունը փորձարկել կամ տեղափոխել նաև արցախյան հակամարտության դաշտ, ինչը, բացի ադրբեջանական կողմից, շահավետ չէ կողմերից ոչ մեկին։