09:05 , 8 ապրիլ, 2013
Հայաստանի Երրորդ հանրապետությունից բացարձականացված սոց-դասակարգային գաղափարախոսության իսպառ վերացումը ծանր հետևանք ունեցավ, որի արդյունքում Հայաստանում ձևավորվեց սոցիալապես ծանր վիճակում հայտնվածների, չքավորների, անապահովների, աղքատների մի ստվար զանգված: Միայն պետության հոգածությունը և հովանավորությունը վայելող գիտական համակարգը կարող է փրկել Հայաստանի անապահովներին այս անվերջ թվացող մղձավանջից: Սա պետք է լինի պետական ծրագիր, սակայն դա չկա, և երբ նայում ես, թե ինչ տենդենց կա այս հարթության մեջ, դժվար էլ մոտ ապագայում լինի: Անապահովության խորացումը և նոր թափքի նշանները և հայտանիշներն արդեն իսկ նկատելի են այսօր և ցույց են տալիս, որ քաոտիկ գնաճերի պայմաններում Հայաստանի աղքատ զանգվածը ուղղակի դատապարտված է: Ոչ մի փարոս, ոչ մի առկա սոցիալ-տնտեսական ծրագիր նույնիսկ մեծ ցանկության դեպքում ի վիճակի չեն այսօր մի փոքր գոնե բարելավել բազմահազարանոց անապահովների վիճակը մեր երկրում: Հարց է առաջանում` գոյություն ունե՞ն արդյոք ինքնակարգավորման «ընդհանրական օրենքներ» այս հարթության մեջ, այսինքն՝ առանց ռեսուրսների նմանատիպ երկրներում մարդը, հայտնվելով աղքատություն կոչվող զավեշտի մեջ, կարող է ինքնուրույն դուրս գալ: Պատասխանը միանշանակ է, իհարկե ոչ: Առանց պետության կամ քաղաքական լուրջ պառլամենտական ուժերի միջամտության անապահով խավի վիճակը գնալով կվատանա, քանզի նույնիսկ առկա միզերային աշխատավարձով ապահովված լինելու պարագայում նա մնալու է կատաստրոֆիկ վիճակում: Այսինքն՝ երկարատև աղքատությունը պահանջում է համապատասխան երկարատև ռեաբիլատացիոն պրոցեդուրա, որը պետք է ունենա ֆինանսական մեծ բազա: Օրինակ` պատկերացնենք այսպիսի մի իրավիճակ.Աստված մի արասցե՝ մեզանից մեկը երկար ժամանակահատվածում չի ունեցել աշխատանք, և նա վերջապես գտնում է այն, և իր աշխատավարձի չափը կազմում է լավագույն դեպքում 50-80 հազար (սա իրոք իրական սակագներով համարվում է «քիչ, թե շատ նորմալ աշխատավարձ` հաշվի առնելով, որ մինիմալը 34000-ի սահմաններում է): Ի՞նչ է տալիս դա նրան, իհարկե ոչինչ, սակայն այստեղ կգտնվեն մարդիկ, որոնք կասեն՝ իսկ դա ավելի լավ չէ՞, քան ոչինչ, և հենց այստեղից էլ սկսվում է այս իրավիճակի ամբողջ դրամատիզմը: Բնականաբար թեկուզ այդպիսի, բայց այնումենայնիվ աշխատանք գտնելով քաղաքացին անմիջապես զրկվում է որոշ սոցիալական փաթեթներից: Առավոտից երեկո զբաղված լինելով՝ նա շանս չի ունենում կողքից մանր-մունր վաստակելու: Եվ հենց այստեղ մենք առնչվում ենք «հակասությունների հակասության երևույթ» կոչեցյալին, որտեղից, ինչպես կյանքն է ցույց տալիս, ելք չկա:
Ավարտելով կցանկանայի հիշեցնել, որ մեր ժողովրդի մի ստվար զանգված այսօր ապրում է Սենեկա Կրտսերի «Արժանապատվությամբ դիմացիր այն բանին, ինչ չես կարող փոխել» սկզբունքով:
P.S. ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈԳԱԾՈՒԹՅՈՒՆԸ և ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԱՆԱՊԱՀՈՎՆԵՐԻՆ: