Հայտնաբերվել է 13 միլիոն տարի հնություն ունեցող գանգ


14:00 , 12 օգոստոս, 2017

Հյուսիսային Քենյայում հրաբխային լավայի մոխիրների հաստ շերտերի տակ թաքնված գանգ է հայտնաբերվել, որը կիտրոնի չափ ունի։

Գիտնականները պնդում են, որ այն մանկահասակ կապիկի գանգ է, որն ապրել է 13 միլիոն տարի առաջ։

«Երկար տարիներ շարունակ մենք կապիկների գտածոներ էին փնտրում և վերջապես կարողացանք գտնել։ Այս գանգը նաև յուրահատուկ է նրանով, որ անգամ 13 միլիոն տարի անց դրա մեջ ուղեղի մասնիկներ են պահպանվել, ինչպես նաև մի քանի ատամներ»,- հայտարարել է հնէաբանների խմբի ղեկավար Այզեահ Նենգոն։

Մանրամասն հետազոտությունները պարզել են, որ սա կապիկների մի տեսակ է եղել, որը մինչ այսօր ոչ ոքի հայտնի չի եղել։

Իրականում այս բացահայտումը շատ բան կարող է տալ ու շատ հարցերի կարող է պատասխանել։ Գիտնականներն ու հնէաբանները հույս ունեն, որ կկարողանան վերջապես հասկանալ, թե արդյոք միլիոնավոր տարիներ առաջ մարդկանց ու կապիկների ցեղերը Աֆրիկայում միասին են ապրել, և թե ինչու են այս երկու տեսակները միմյանց այդքան նման։

Lemonhead

Կապիկի գանգի հայտնաբերումը շատ պատահական է ստացվել։

Հնէաբանների թիմից մեկը՝ Ջոն Էպուսկին, մեքենայի հետևում ծխում էր, երբ Այզեահ Նենգոն ասաց, որ իրենք արդեն խեղդվում են ծխից։ Ուստի Ջոնը որոշեց մեքենայից մի քանի մետր հեռու ծխել։ Երբ նա մոտ 100-150 մետր հեռացել էր, հանկարծ մի տարօրինակ բան նկատեց։ «Հնէաբանի աչքից երբեք ոչինչ չի խուսափի։ Մենք գետնին մի այլ՝ որոնողական աչքով ենք նայում»,-նշել է Ջոնը։ Երբ մի փոքր փորեց հողը, գտավ 13 միլիոն տարի առաջ ապրած կապիկի գանգը։

Նենգոն վերջում կատակով նշել է․ «Սա լավ պատմություն է ծխախոտ արտադրող ընկերությունների համար․ նրանք կարող են մի հիանալի գովազդ նկարահանել այս սցենարով»։