«Օրենքով գող» Էդուարդ Ասատրյանը (Թբիլիսկի) դուրս է եկել բանտից և հավակնում է Դեդ Հասանի ժառանգությանը


18:30 , 11 օգոստոս, 2017

48-ամյա «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանը (մականունը՝ Էդիկ Թբիլիսկի) կրել է իր պատժաժամկետը և դուրս եկել Չելյաբինսկի բանտից։

«Նա լիովին կրել է պատիժը։ Եվ, ասում են, թռել է Դաղստան՝ նոր անձնագրի հետևից»,-հայտնում է ura.ru գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։

Նշվում է նաև, որ Էդուարդ Ասատրյանը մտադիր է հավակնել քրեական աշխարհի նախկին առաջնորդ Ասլան Ուսոյանի (Դեդ Հասանի) ժառանգությանը, ով սպանվել է 2013 թվականին։

Էդիկ Թբիլիսկին մինչ 2012 թվականին ձերբակալվելը համարվել է Դեդ Հասանի աջ ձեռքը։ Ուսոյանի սպանությունից հետո մինչ 2017 թվականին ձերբակալվելը համարվել է, որ քրեական աշխարհում առաջատար դիրքեր է զբաղեցնում Զախարի Քալաշովը (Շաքրո Մոլոդոյը)։ Ներկայում Ռուսաստանում քրեական աշխարհի առաջնորդի տեղը մնում է թափուր։

Էդուարդ Ասատրյանը ծնվել է 1968 թվականի սեպտեմբերի 14-ին, Թբիլիսիում։ Նա «օրենքով գող» է «թագադրվել» 1991 թվականին։