Հայրենիքի ապագայի տեսլականը նախևառաջ ձեւակերպվում է մտավորականության կողմից


22:43 , 6 ապրիլ, 2013

Գարեգին Նժդեհն իր գրվածքներում ունի այսպիսի հարցադրում` "Ինչպիսի՞ Հայրենիք կունենանք վաղը": Եվ ինքն էլ ճշգրիտ պատասխանում է իր հարցին` "Ինչպիսին որ կառուցվում է այսօր մեր մտքի եւ հոգու մեջ": Այսինքն, այսօր 10-12 միլիոնի հասնող աշխարհասփյուռ հայ ժողովուրդն իր հայրենիք-Հայաստանի համար արդյոք ունի՞ ընդհանրական տեսլական: 
Հայրենիքի ապագայի մտահոգությունը՝ պաթետիկ հայրենասրիության կամ տեսաբանական ասպարեզի խնդիր չէ: Հայրենիքի ապագայի մտահոգությունը եւ կառուցումը՝ հայ մարդու, մեր երեխաների ազատ եւ երջանիկ ապրելու խնդիրն է: Ազգի հավաքական մտահայեցողության մեջ հայրենիքի ապագայի տեսլականը նախեւ առաջ ձեւակերպվում եւ հրամցվում է նրա մտավորականության կողմից, եթե իհարկե մտավորականությունն օժտված է հասարակության նկատմամբ սիրո եւ պարտավորության զգացողությամբ, ինչպես նաեւ` ունակ է ընդհանրական ազգային տեսլական ձեւավորել: