Պատմության ռևիզիոնիզմն ու ձանձրալի ամառը


14:38 , 9 օգոստոս, 2017

Շոգ ու հանդարտ ամառ էր Հայքում։ Ոչ ոք ո՛չ ՊՊԾ էր գրավում, ո՛չ Բաղրամյան էր փակում ջրի սակագնի թանկացման կապակցությամբ, ո՛չ էլ անգամ Սևանից ջուր բաց թողնելու որոշման մասին էին խոսում (դե հո Թրջկանի պես կարևոր ջրային ռեսուրս չէ՞)։ Ու այս նեղմաջալից (կամ, ինչպես հին եբրայերեն ձեռագրերում էր գրվում, լյոքշից) փրկելու ազգանվեր գործին լծվեց ԵԼՔ-ը։

Հիրավի, ի՜նչ Սևան, ի՜նչ կոմունալ սակագներ, ի՜նչ պիզ... փիս վիճակում գտնվող տնտեսություն, հայ ազգիս երջանկությունից բաժանում է միայն ու միայն մեկ հարց՝ Երևանում փողոցները խորհրդային գործիչների անուններն են կրում։ Այ հենց սկսեն կրել Օսմանյան կայսրության, Արաբական խալիֆայության, Ֆրանսիական հանրապետությունների ու այլ խալխ երկրների հայերի անունները, սաղ թամամ կլինի։ Թե առաջին ու երրորդ հանրապետությունների գործիչների անուններ չեն կարող լինել, որովհետև ո՜վ կար-չկար, որ գոնե մի անգամ թերթում անունը գրվել էր թեկուզ նեկրոլոգի կոնտեքստում, արդեն իր անունով փողոց, շենք ու գյուղատիպ ավան ունի։ Անգամ մի երկու հոգու բաջանաղի անուն էլ էին պլստացրել, մի երկու հոգու էլ Պանթեոնում են թաղել, չնայած կյանքի օրոք դրանք դժվար կարողանային Պանթեոն բառն առանց ուղղագրական սխալների գրել․․․

Ինչևէ, տղերքը ժողով արեցին ու որոշեցին, որ հիմա ազգիս երջանկությանը վայիս լինող հիմնական գործոնը Կասյան ու Խանջյան փողոցների անվանումներն են։ Երևի մի քիչ էլ որ մտորեն, կգան նաև այն եզրահանգման, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն էլ շատ կոմունիստական հնչեղություն ունի ու կոնկրետ արգելակ է ազգիս բարեկեցության հարցում։ Որոշեցին ու թեման գցին ֆեյսբուքյան պորտաբու․․․ էհ, մտավորականության ձեռքը, ու վակխանալիան գնա՜ց։ Էլ գող բոլշևիկ, էլ քաչալ կապիտալիստ․․․

Ինչևէ, լիրիկան թողնենք մի կողմ։

Կայացած պետություն ու հասարակություն ունենալու կարևորագույն նախապայմաններից մեկը հենց այն է, որ տվյալ հասարակությունն ու պետությունը պետք է համերաշխ լինեն իրենց պատմության հետ։ Ողջ պատմության, այլ ոչ թե դրա առանձին դրվագների։ Ու մի քանի տասնամյակը մեկ ցեխը կոխելով նախորդող շրջանը և անդադար ռևիզիոնիզմ անցկացնելով հասնում ենք լոկ նրան, որ ազգս գնալով ավելի ու ավելի եթիմ է դառնում, իսկ դրա առանձին մասնիկներ՝ անազգ ու անհայրենիք մանկուրտ։

Հասկացանք՝ ամառ է, հասկացանք՝ ընտրություններից հետո ոչ մի արժեցող հարց չեք կարողացել բարձրացնել ու հետևողականորեն առաջ տանել։ Բայց բերեք ախմախություններով քիչ զբաղվենք, ախպոր պես։