Թույլ ու ոչ կանխատեսելի Ռուսաստանն ավելի վտանգավոր է Հայաստանի համար. Ռիչարդ Կիրակոսյան
21:30 , 8 օգոստոս, 2017
Tert.am-ը գրում է.
Հայաստանը Ռուսաստանին պետք է պահանջներ ներկայացնի: Մենք Ռուսաստանից պետք է պահանջենք ոչ միայն այն, թե ինչ պետք է անի Ռուսաստանը մեզ համար, այլև այն, թե ՌԴ-ն ինչ պետք է չանի մեր նկատմամբ: Tert.am-ի հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Նա նշեց, որ Հայաստանը մի քանի ամիս անց պատրաստվում է ստորագրել Եվրամիության հետ համագործակցության մասին համաձայնագիր և լավ է, որ Հայաստանի կառավարությունը բավական խելամիտ է գործում և ժամանակից շուտ չի սադրում Ռուսաստանին:
- Ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ կողմից ՌԴ նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Փորձագետներն ասում են, որ ԱՄՆ որոշումը վտանգում է նաև Հայաստանը:
- Կարծում եմ, որ շատ վերլուծաբաններ սխալվում են: Թրամփից բացասական ազդեցությունը Հայաստանի վրա փոքր է, Հայաստանի վրա շատ ավելի մեծ ազդեցություն ունեն Ռուսաստանում կատարվող փոփոխությունները, օրինակ՝ բենզինի ցածր գները: Ռուսական տնտեսությունը դանդաղում է, ինչն էլ իր հերթին ազդում է Ռուսաստանում աշխատող հայերի ու հայ-ռուսական առևտրային հարաբերությունների վրա:
- Շատերն ասում են, որ Հայաստանը մշտապես մանևրել է ԱՄՆ և ՌԴ միջև և այլևս այսպես շարունակել չի կարող: Հայաստանի համար ընտրության պա՞հ է հասունացել:
- Հակառակը: Հայաստանը կարող է ընտրել կամուրջ լինել երկու պետությունների միջև: Դա կարող է դրսևորվել 3 կերպով՝ Եվրասիական տնտեսական միության անդամ լինելով Հայաստանը կարող է կապ ստեղծել Եվրոպական միության հետ, Հայաստանը կարող է ուժեղացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, բայց լինել ՀԱՊԿ անդամ, ինչպես նաև լավ հարաբերություններ ունենալ Իրանի հետ: Վտանգը՝ լինել ԱՄՆ և Ռուսաստանի հակամարտության պատճառ, այդքան մեծ չէ: Հակառակը՝ Հայաստանը կարող է իր իսկ դերը բարձրացնել:
Թյուր կարծիքների պատճառը ամերիկացիներին սխալ հասկանալն է: Իրականում Արևմուտքի ու Ռուսաստանի հիմնական կոնֆլիկտը սևեռված է Ռուսաստանի վրա: Հայաստանը բավական խելացի է վարվել՝ չի միացել ՆԱՏՕ-ին, բայց պատրաստվում է համագործակցության նոր պայմանագիր կնքել Եվրամիության հետ՝ միաժամանակ Ռուսաստանից պահանջելով ավելի շատ հարգանք մեր նկատմամբ: Հայաստանի գլխավոր խնդիրը հայ-ռուսական հարաբերություններ են, որտեղ ԱՄՆ-ն դեր չի խաղում: Ռուսաստանը Հայաստանից շատ ավելի մեծ շահեր ունի, քան մենք պատկերացնում ենք:
- Եվ ի՞նչ կարող է անել Հայաստանը՝ լուծելու համար, ինչպես ասացիք, գլխավոր խնդիրը՝ հայ-ռուսական հարաբերությունները:
- Մենք, նախ և առաջ, ավելին` պետք է պահանջենք Ռուսաստանից: Մենք Ռուսաստանից պետք է պահանջենք ոչ միայն այն, թե ինչ պետք է անի Ռուսաստանը մեզ համար, այլև այն, թե ՌԴ-ն ինչ պետք է չանի մեր նկատմամբ: Անընդունելի է, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, որն էլ օգտագործվում է հայկական կողմի դեմ: Ռուսաստանը վտանգավոր է, որովհետև վստահելի գործընկեր չէ, իսկ Հայաստանն այս տարածաշրջանում միակ վստահելի գործընկերն է Ռուսաստանի համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: